Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումների արդյունքը սոցիալական արդարությունն է

Հունվար 31,2018 16:30

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ քաղաքացիներին սոցիալական ծառայություններ մատուցելու որակն ու մոտեցումները ամբողջովին փոխվում են. այսուհետ քաղաքացին չի տեսնի իր սոցիալական կարգավիճակը որոշող պաշտոնյային, սպասարկվելու է մեկ միասնական ընդունարանում, իսկ ծառայությունները մատուցվելու են միանգամից եւ ամբողջական: Համակարգի ընդգծված առավելությունները ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց հունվարի 27-ին թեմայի շուրջ Երեւանում հրավիրված համաժողովին: «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում. ձեռքբերումներ եւ խնդիրներ» խորագիրը կրող համաժողովին ներկա էին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պետական եւ ոչ պետական կառույցների տարածքային մարմինների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող նախարարը, ըստ էության, հաշվետվություն ներկայացրեց օրենսդիր մարմնի ղեկավարին եւ ներկաներին 2012թ.-ից մեր երկրում ներդրվող համակարգի աշխատանքների ներկա փուլի, կատարված բարեփոխումների արդյունքների մասին: Միասնական ընդունարանի սկզբունքով սոցծառայություններ արդեն իսկ մատուցվում են հանրապետության տարբեր մարզերում եւ Երեւանում վերաբացված 22 համալիր սոցիալական ծառայությունների կենտրոններում: Կենտրոնները հագեցած են նոր ու հարմարավետ կահավորմամբ, ժամանակակից տեխնիկայով: Արտեմ Ասատրյանի վստահեցմամբ՝ առաջիկա մեկ-երկու տարում նման կենտրոնների թիվը պետք է հասնի 55-ի:

Ոլորտի մասնագետների պնդմամբ՝ նորաբաց կենտրոնները փրկում են քաղաքացիներին ավելորդ թղթատարության համար տարբեր տեղեր վազվզելու, դռներ թակելու հին պահանջներից: Քաղաքացին իր ցանկացած խնդրով միայն մեկ վայր պետք է այցելի: Միասնական ընդունարանները գործում են մեկ ընդհանուր տեղեկատվական բազայով, ինչը նվազեցնում է ժամանակի կորուստը, փաստաթղթերի կորստի ռիսկը եւ հնարավորություն է տալիս քաղաքացուն իր սոցիալական պահանջը ներկայացնել ցանկացած տարածքային կենտրոն` անկախ հաշվառման վայրից:

«Այս համակարգի շնորհիվ լինելու է տարածքային մակարդակով ինտեգրում, ինչը շատ կարեւոր է, որովհետեւ լինելու է մեկ պատուհանի սկզբունք, եւ քաղաքացին, այցելելով մեկ վայր, կդիմի եւ կստանա իր բոլոր սոցիալական հարցերի եւ խնդիրների պատասխանները կամ առնվազն դրանով զբաղվողների ուշադրությունը կհրավիրի իր խնդիրներին: Սա նշանակում է, որ մի կողմից՝ բարձրացնում ենք աշխատանքի որակը, մյուս կողմից՝ խնայում պետական ռեսուրսները»,- ասել է Արտեմ Ասատրյանը:

Նախարարը վստահեցրել է, որ շուտով էականորեն կփոխվի հատկապես այն ընտանիքների, այն քաղաքացիների կյանքը, ովքեր իրենց իրավունքը չեն կարողանում իրացնել` ընդամենը տեղեկատվության պակասի պատճառով: Իսկ այդ խնդիրը կլուծվի սոցիալական աշխատողների միջոցով, որոնց վրայից հանվել են պարզ վարչարարական գործառույթները, փոխարենը տրվել են առանցքային դերակատարություն եւ լայն հնարավորություններ` ի շահ քաղաքացիների:

«Հատկապես հիմա, երբ խոշորացված համայնքներում ներդրվում է նաեւ համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտը, նրանք խնդիր ունեն բացահայտելու, գտնելու նման ընտանիքների, ովքեր իրենց իրավունքներից, տարրական սոցիալական ծառայություններ ստանալու այս հնարավորություններից անտեղյակ են, նրանց հաշվառել ընտանիքում եւ տրամադրել պետության կողմից երաշխավորված սոցիալական ծառայությունները»,- նշել է նախարարը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում գոհունակություն է հայտնել ոլորտի բարեփոխումներից եւ հատկապես գործընթացն իրականացնող գերատեսչության եւ աշխատանքները համակարգող նախարարի հետեւողական լինելուց. «Հատկապես վերջին տարիներին կառավարությունը ձգտում է որակապես բարելավել բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունները։ Այստեղ, իհարկե, հատուկ կնշեմ նախարարության աշխատակազմի եւ հենց նախարարի հետեւողական մոտեցումն այս հարցին։ Այս համատեքստում հաստատուն տեղ ունի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, որի նպատակն է երկրում սոցիալական ծառայություններն ավելի մատչելի եւ հասցեական դարձնելը»:

ԱԺ նախագահը որպես բարեփոխումների գործընթացի մեծ արդյունք կարեւորել է սոցաշխատողի առանցքային դերակատարությունը: Նա ընդգծել է պետության հանդեպ մեծացող վստահությունը` պայմանավորված սոցիալական աշխատողի նոր գործառույթներով. «Ինձ գոհացնում է այն, որ աստիճանաբար մարդկանց մեջ ավելի է արմատավորվում այն մտայնությունը, թե սոցաշխատողը մարդկանց օգնություն բաժանող չէ, նա կոչված է համակողմանիորեն ուսումնասիրելու ընտանիքի կարիքները, լսելու մարդկանց եւ կազմակերպելու ընտանիքին դժվարին իրավիճակից դուրս բերելու գործընթացը: Այսինքն՝ օգնելու հենց այն քաղաքացուն, ով իրականում կարիքավոր է, եւ ծառայությունները մատուցելու ըստ անձի գնահատված կարիքների։ Այս առումով իսկապես էական է Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, որը կարգավորում է սոցիալական ոլորտի աշխատանքը ավելի օպտիմալ ձեւով եւ ծառայությունները ավելի հասցեական դարձնելով: Այստեղ առանցքային դերում է հանդես գալիս սոցիալական աշխատողը, որի ինստիտուտի կատարելագործումը նույնպես բխում է համակարգի բարեփոխումներից»։

ԱԺ նախագահի խոսքով` Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման վերջնական արդյունքը նույնպես սոցիալական արդարությունն է:
Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով համակարգի հիմնական առաքելությանը, նշել է, որ ԻՍԾՀ-ի նոր մոդելը իսկական հեղաշրջում է իրականացնելու սոցիալական պաշտպանության ոլորտում: Նրա խոսքով` նախարարությունը գնում է ծառայություններն առցանց դարձնելու ճանապարհով. առաջին պտուղները ստացվել են երեխայի ծննդյան նպաստների տրամադրումից: 2017-ից գործարկված առցանց սպասարկումը գումար է փոխանցել տանը` համակարգչի դիմաց նստած մոտ 30000 դիմում լրացրած մայրիկի:
«Նախորդ տարվա արդյունքները ցույց են տալիս, որ մոտ երեսուն հազար դիմում առցանց ենք ստացել, այսինքն՝ այդքան քաղաքացի կենտրոն չի այցելել, սա այն դեպքում, երբ չկա կարիքի գնահատում, կա դիմում եւ ընթացք»,- ասել է նախարարը:

Նախարարի խոսքով` առաջիկա երկու տարիների ընթացքում ծրագիրը լիարժեքորեն կիրականացվի, եւ դրա արդյունքները միանշանակ կփոխեն քաղաքացիների կյանքի որակը:
Նշենք, որ Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ:

 

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

30.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031