Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ կսկիմ նկարել՝ կպատահի հրաշքը…»

Դեկտեմբեր 12,1995 20:40 Share

– Մինչեւ 1920թ. կնկարեի հիմնականում ծաղիկներ, բնանկարներ, փարիզյան տեսարաններ,- մի առիթով խոստովանել է Գառզուն,- իսկ 1935թ. սկսած «Գառզուական կինը», ինչպես սովորաբար ասում են, մուտք է գործում իմ

ստեղծագործություններում, ժամանակի ընթացքում այն իր մշտնջենական ներկայությամբ դարձավ իմ աշխարհը խորհրդանշող գլխավոր դեմք։ Իմ աշխարհը եւ իմ հոգին։

Մեծանուն նկարիչը մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների, արժանացել՝ Հոլմարկի եռակի մրցանակի (ԱՄՆ), Մեծ մրցանակի (Ճապոնիա), Իլ-տը-Ֆրանսի Մեծ մրցանակի (Անգլիա), «Եվրոպա» Մեծ մրցանակի (Գերմանիա) եւ ուրիշ շատ պարգեւների։ 1956թ. պարգեւատրվեց ՊԱՏՎՈ ԼԵԳԵՈՆԻ շքանշանով, իսկ այնուհետեւ ընտրվեց Ֆրանսիայի ակադեմիայի իսկական անդամ, միաժամանակ արժանանալով «Անմահի» կոչմանը։

Ճամփորդել է բազմաթիվ երկրներում, եւ ուր էլ եղել է՝ բացել է իր աշխատանքների ցուցահանդեսը։ Այսօր շուրջ 500 ցուցահանդեսներ ունի իր ստեղծագործական հաշվեգրքում գրառած: Իսկ ամենահիշարժանը 1943թ. Փարիզում բացված ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված նրա 40 աշխատանքներից 30-ը արդեն գտել էին իրենց հասցեատերերին։

Կազմակերպված իր բազմաթիվ ցուցահանդեսների մեջ նկարիչը առանձնապես հիշում է 1953թ. Վենետիկում բացված «Իրենց ժամանակաշրջանին վրա նկարիչներ» ցուցահանդեսը։ Այցելուները պետք է իրենք ընտրեին այն կտավը, որն իրենց հետ տանելու էին տուն։ Գառզուի «Սիրահարների զբոսանք» աշխատանքը արժանացավ մեծամասնության հավանությանը եւ անմիջապես գտավ իր հասցեատիրոջը։ Ֆրանսիացի անվանի նկարիչներից հայազգի նկարչի սրտին առավել մոտ են Կլոդ Լոռենի, Վատոյի, Էնկրիի, Կանալետտոյի, Ուտրիոյի, Ժորժ Պրակի եւ այլոց գործերը։ 1955թ. Ճապոնիայում լույս տեսնող «Արվեստ» ամսագիրը ներկա սերնդի 10 գլխավոր նկարիչների թվում նշել էր նաեւ «Գառզու» անունը։

Ինչպես ամեն մի նկարիչ, Գառզուն նույնպես նկարազարդել է թե՛ ֆրանսիացի եւ թե՛ համաշխարհային հռչակ վայելող գրողների ստեղծագործությունները։ Նրանցից հատկապես հարկ է հիշատակել Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին», Ալբերտ Քամյուի «Նոթատետր», Անդրե Վեռտեի «Գրաված սիրտ», Ժյուլ Վեռնի «Երկրից դեպի լուսին», Իոժեն Իոնեսկուի «Փշրված թերթ», Էդգար Մլեն Պոի «Կրկնակի մարդասպանություն Մորկ փողոցի մեջ» եւ այլ հեղինակների գրքերը։

– Հաճախ ինձ հարցնում են, թե ո՞ր դարաշրջանը պիտի նախընտրեմ ապրելու համար,- մտորում է նկարիչն ու շարունակում,- ոչ մեկը։ Չէ՞ որ բոլորն էլ ունեցան իրենց դաժանությունը։ Վերածնունդը, որ այնքան գեղեցիկ գործեր տվավ՝ ոճիրներով ապրեցավ։

Այսօր Գառզուի ստեղծագործություններից շատերը տեղ են գտել Փարիզի, Լիոնի, Մարսելի, Լուվրի, Ալժիրի, Ալեքսանդրիայի, Կահիրեյի, Ջակարտայի եւ այլ թանգարանների ցուցահանդեսներում։ Ինչ խոսք, Մայր Հայրենիքում՝ Հայաստանի պետական պատկերասրահում եւս ցուցադրվում են նրա աշխատանքներից, հատկապես փորագրված գործերից։

Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031