Վերջին շրջանում հետաքրքրություն է նկատվում ժամանակակից երիտասարդ արձակագիր Ջեսահի (Գևորգ Սահակյան) «Սպանություն դրախտում» վեպի նկատմամբ:
Կազմակերպվում են քննարկումներ, սոցցանցային տիրույթում ընթերցողները տարբեր մեջբերումներ են հրապարակում: Մի խոսքով՝ վեպի շուրջ առկա է դրական մթնոլորտ: «Սպանություն դրախտում» վեպի և ընդհանրապես Ջեսահի ստեղծագործական նկարագրի մասին զրուցեցինք գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Մանուչարյանի հետ:
–Երիտասարդ արձակագիր Ջեսահը բավականին ակտիվ ներկայություն է ապահովել ժամանակակից գրական կյանքում: Հատկապես վերջին վեպը լայն արձագանք է գտել ընթերցողների շրջանակներում: Ըստ ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այս հետաքրքրությունը: Ջեսահն իրապես նոր և հայ ընթերցողին դեռևս անծանոթ խո՞սք է ասում, թե՞ նորույթն առավելապես վերաբերում է վեպի ձևակառուցվածքային կողմին:
– Ձևի և բովանդակության, «ինչ»-ի և «ինչպես»-ի (Պարույր Սևակ) հարաբերությունն արվեստի ոլորտում ամենաքննարկված հարցերից է: Եվ ընդունված է ասել, որ արվեստի զարգացման պատմությունն առավելապես ձևի՛ զարգացման պատմությունն է (Պարույր Սևակ): Այս եզրահանգումը չի զարմացնում արվեստաբաններին, գրականագետներին, բայց կարող է շոկային թվալ սիրողական ընթերցողի համար: «Ինչպե՞ս թե: Կարևորը բովանդակությունը չէ՞»,-կհարցնի նա: Իհարկե, կարևոր է բովանդակությունը: Արվեստագետը «դատարկ» ձևերի շինարար չէ: Նա աշխարհին որոշակի ասելիք ունեցող մեկն է: Բայց միայն ասելիքի առկայությունը նրան չի դարձնում արվեստագետ: Պետք է գտնել այդ ասելիքը յուրօրինակ ձևով տեղ հասցնելու ճանապարհը: Ձևի և բովանդակության այս փոխգործակցության արդյունքում էլ ծնվում է գեղարվեստական պատկերը: Եթե նկատի ունենանք զուտ ասելիքի տիրույթը, ապա «Գիլգամեշում», «Իլիականում» և «Ոդիսականում» ամեն ինչ արդեն ասված էր: Հետագա շրջանների հեղինակները պարզապես այդ ասելիքը «կրկնում են» նորանոր ու հետաքրքիր ձևերով: Պատմության մեջ մնում են այն հեղինակները, որոնց գտած ձևն առավելապես ինքնատիպ է:
Կարդացեք նաև
Ջեսահի «Սպանություն դրախտում» վեպի կենտրոնում անդրշիրիմյան աշխարհն է՝ այսաշխարհային իրադարձությունների հետ այլևայլ առնչություններով: Մի բան, որ ընթերցողներին հայտնի է դեռևս «Գիլգամեշից» ու Հոմերոսից: Էլ չեմ խոսում Դանթեի մասին: Բայց ի պատիվ երիտասարդ արձակագրի՝ նա գտել է անդրաշխարհի մասին խոսելու նոր ձևը: Իհարկե, հմուտ աչքը վեպում Միլթոն էլ կտեսնի, Դանթե ու այլ հեղինակներ էլ, բայց մատուցման ձևը զուտ ջեսահական է: Նա մեռյալների աշխարհի մասին պատմում է հումորով: Վեպում տեղ են գտել նաև այսաշխարհային իրադարձություններ: Ջեսահը հաջողությամբ կիրառել է «վեպ վեպի մեջ» կառույցը: Առկա են պատումի տարբեր ձևեր: Ընթացքում փոխվում է նարատորը: Վերջինիս փոփոխությունը պայմանավորում է նաև լեզվի փոփոխություն:
Առօրյան երբեմն ներկայացվում է ֆանտաստ երանգներով, իսկ անդրաշխարհի ֆանտաստ իրականությունը հումորի օգնությամբ նկատելիորեն առօրեականացվում է, բառիս դրական իմաստով:
– Մեր դիտարկմամբ՝ կառուցվածքային առումով վեպը բավականին հարուստ է: Շատ են ուղղակի և անուղղակի հղումները: Այս հանգամանքները չե՞ն բարդացնում արդյոք ընթերցանությունը:
–Ըևդհանրապես Ջեսահի գրականությունը գերհագեցած է այլևայլ հղումներով: Նրա երկերն ամբողջությամբ ընկալելու համար պահանջվում են «նախագիտելիքներ»: Ընթերցողը պետք է որոշակի պատկերացումներ ունենա համաշխարհային գրականությունից, որպեսզի կարողանա խորությամբ ընկալել նրա երկերը: Բայց այսքանով հանդերձ՝ «Սպանություն դրախտում» վեպն ընթերցվում է բավականին մեծ հետաքրքրությամբ: Ջեսահն այնպես է կառուցել սյուժեն և պատումի այնպիսի ձևեր է կիրառել, որ կառուցվածքային առումով այդքան հագեցած վեպը մատուցվի բավականին դյուրությամբ: Իհարկե, եթե փորձենք անդրադառնալ ենթաշերտերին, առանձին պատկերների, միջտեքստային հղումների մեկնաբանություններին, վիթխարի աշխատանք կպահանջվի: Բայց դա գրականագետների գործն է: Այս վեպը հավասարապես հետաքրքրում է և՛ մասնագետներին, և՛ ընթերցող լայն զանգվածներին:
– Հաճախ ենք տեսնում, որ ընթերցողների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրած գիրքը որոշ ժամանակ անց հետ է մղվում նրանց տեսադաշտից: Այսինքն՝ կարճատև «հաղթարշավից» հետո գիրքը կարծես թե կորցնում է հետաքրքրությունը: Արդյո՞ք այս վեպին էլ չի սպասում նույն ճակատագիրը:
-Ձեր նշած դեպքերը վերաբերում են «մոդայիկ» գրքերին: Լույս են տեսնում, ինչ-որ ժամանակափուլում առաջացնում են մեծ աղմուկ, այնուհետև՝ անհետանում ասպարեզից: Սա մոդայի տրամաբանությունն է: Մոդայի բնութագրական գիծը հենց ժամանակավոր լինելն է:
Ջեսահը չի ստեղծում մոդա, նա ստեղծում է արժեք: Նա այն հեղինակն է, որ պարզապես իր մասին հիշեցնելու համար երբեք չի գրել ոչ մի տող: Ստեղծագործում է այն ժամանակ, երբ գտել է ձևաբովանդակային ներդաշնությունը: Հենց դրանով է ապահովվում գեղարվեստական պատկերի թարմությունը, որ արվեստի երկի որակի երաշխավորն է: Այս վեպը հետաքրքրությամբ են կարդում նաև ընթերցող լայն զանգվածները, բայց դա չի նշանակում, որ գործ ունենք «մոդայիկ » ստեղծագործության հետ: Ջեսահը կարողացել է ապահովել և՛ վեպի ներքին հարստությունը, և՛ ընթերցող մասսաների հետաքրքրությունը:
– «Սպանություն դրախտում» վեպում ինչպե՞ս են հարաբերակցվում ազգայինը և համամարդկայինը:
–Չեմ ուզում վերապատմել սյուժեն, բայց կանդրադառնամ մեկ-երկու առանցքային հարցերի: Դրախտում կատարվող տարօրինակ սպանությունների բացահայտման համար դժոխքից ժամանակավոր բերում են հայ քննիչ Մելս Իսայանի հոգին: Իրադարձությունների այս շղթային հյուսվում են Մելսի ողջության ժամանակաշրջանը ներկայացնող դեպքերը: Մելսի դստեր՝ Նաիրիի վեպը նոր գունավորում է հաղորդում իրադարձություններին: Այս ներդիր վեպում յուրովի կոդավորվում են անկախ Հայաստանի հասարակական-քաղաքական կարևոր իրողություններ: Նաիրիի վեպն ավարտի է հասցնում Մելսը: Արդեն իսկ պարզ է, որ վեպում գործում են տարբեր նարատորներ՝ հեղինակը, Նաիրին, Մելսը: Հեղինակի լեզուն առավել կանոնիկ է, Նաիրիի պատումը բնութագրվում է պատանեկան անփորձությամբ, իսկ Մելսի խոսքը կրում է նաև այդ կերպարի կիսագրագիտության կնիքը: Այսինքն՝ ցանկացած նարատոր բերում է որոշակի տեսանկյուն: Վերջինիս մեջ դրսևորվում է նաև նրա տարիքը, կենսակերպը, փորձառությունը, կրթամակարդակը: Ջեսահը կարողացել է այդ ամենն արտահայտել լեզվի օգնությամբ: Սա խոսում է պատումի կառուցման հարցում նրա մեծ վարպետության մասին: Կերպարների անունները նույնպես կրում են որոշակի իմաստային լիցք և օգնում են հատկապես հասարակական-քաղաքական շերտերն ընկալելու հարցում՝ Նաիրի, Մուշ, Աղվան, Մելս, և այլն։
Վերադառնալով հարցին՝ նշեմ, որ այս վեպում ազգայինն ու համամարդկայինը դրսևորված են ավելի քան ներդաշնորեն: Մի կողմում անդրաշխարհն է՝ վերացարկվածության որոշակի կնիքով, մյուս կողմում՝ հայաստանյան հասարակական-քաղաքական իրադարձությունները: Ազգային շերտն ի վերջո անցնում է մեղքի և առաքինության համամարդկային պրիզմայով:
– Ի՞նչ կասեք Ջեսահի գրական ուղու մասին ընդհանրապես: Նա երիտասարդ, բայց կարծես արդեն իր գրողական դիմագիծը հաստատած հեղինակ է: Նրա նախորդ վեպերն առաջացե՞լ են նույնպիսի հետաքրքրություն:
–Ջեսահի գրական գործունեության մեջ ինձ ամենաշատը գրավում է ներքին բազմազանությունը: Նա յուրաքանչյուր նոր վեպում բացում է լիովին նոր տարածություն: «Անանկենդան», «Ալ մոնումենտ կամ մեծ մութը», «Սպանություն դրախտում» վեպերը ձևաբովանդակային առումով խորապես տարբերվում են միմյանցից: «Ալ մոնումենտը» կառուցվածքային հրաշալի գյուտ է, որը, ցավոք, լայն արձագանքներ չունեցավ: Արթնությանը նախորդող և հաջորդող չորս վայրկյանների՝ 8 վայրկյանի մասին պատմող այս երկն անհատի հիշողությունների, վախի, ամոթի, գիտակցության ու ենթագիտակցության մեջ առկա տարբեր դեպքերի խառնիխուռն հերթագայություն է՝ ամփոփված պահի մեջ: Դեպքերի այդ հերթափոխը մեծ պայթյունի էֆեկտով անհատի աշխարհի ամենօրյա վերստեղծումն է ներկայացնում: Ջեսահն այս վեպում հմտորեն խաղում է ժամանակի հետ: Այն երբեմն ձգվում է, երբեմն ստանում է սովորականից արագ ընթացք, երբեմն հետ է շարժվում: Այս ամենը կարգավորվում է լեզվի հետ տարվող տարբեր էքսպերիմենտների օգնությամբ: Վեպի կենտրոնական նիշը բացվում է կենտրոնական բառի, բառը՝ կենտրոնական նախադասության, նախադասությունը՝ տեքստի համեմատաբար մեծ հատվածի մեջ, և այդպես շարունակ… Հենց սա էլ տեսողական առումով ստեղծում է մեծ պայթյունի էֆեկտը:
Վստահ եմ, որ Ջեսահը դեռ շատ է ուրախացնելու հայ ընթերցողին:
Հարցազրույցը՝ Սամվել Դանիելյանի



















































