Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՊՈՆ ՁՈՒԿ ՈՐՍԱԼՈՒ ՄՈՒՐՀԱԿ ՈՒՆԵ՞Ր

Հունիս 20,1998 00:00

ՊԵՊՈՆ ՁՈՒԿ ՈՐՍԱԼՈՒ ՄՈՒՐՀԱԿ ՈՒՆԵ՞Ր Երբ բնապահպանության նախարարությունում ասացի, որ կցանկանայի զրուցել Սեւանա լճին առնչվող խնդիրների շուրջ, ինչ-որ մեկը սրամտեց. «Սեւանը չկա»։ Այնուհանդերձ, չեղած բաների մասին միջանցքներից մեկում հաջողվեց խոսակցության բռնվել նախարարության հատուկ պահպանվող տարածքների վարչության պետ Արմեն Հունանյանի հետ եւ համոզվել, որ եթե դեռ կան պրոբլեմները, ուրեմն Սեւանը եւս գոյություն ունի։ Ով այս օրերին բախտ է ունեցել երթեւեկել Սեւանի ափամերձ ճանապարհներով, անշուշտ նկատած կլինի ձեռքի բազմանշանակ շարժումներով վաճառքի հանված ձուկը գովազդող մարդկանց։ Շրջակա բնապատկերից այլեւս անբաժան մնջախաղորդների ներկայությունը անտարբեր չի թողնի ձեզ, եթե հիշեք նաեւ, որ այժմ լճում ձկան որսն արգելված է։ Իսկ մինչ այդ ձկնորսությամբ զբաղվելու իրավունք ունեին միայն նրանք, ովքեր բնապահպանության նախարարության համապատասխան ծառայության կողմից արտոնագրեր են ստացել։ Սակայն օրենքն ու անօրինականությունը Սեւանի ջրերում կողք-կողքի են թիավարում։ Միայն Նորադուզ գյուղի օրինակը բավական է ասվածը հիմնավորելու համար։ Պարոն Հունանյանը նույնպես չժխտեց այդ փաստը. «Ինչ վերաբերում է Նորադուզի բնակիչներին, ապա 1-2-ից բացի, մնացածները ապօրինի են որս անում, եւ նրանցից ոչ ոք արտոնագիր չունի։ Բոլոր օրենքները խախտված են։ Կտրականապես չեն համաձայնում պայմանագիր կնքել, օրենքով աշխատել, իրենց մի տեսակ արտոնյալ են զգում։ Այն ցանցերը, որոնք լճից դուրս են բերվում ու բռնագրավվում, հիմնականում իրենցն են։ Այսօր հանում ենք, վաղը նորից դնում են։ Գյուղի դիրքն էլ այնպիսին է, որ հետեւողական պայքար տանելու արդյունավետությունը խիստ ցածր է»։ Ձկնորսությամբ զբաղվելու օրինականության ապահովումը դեռեւս բոլոր խնդիրների վերջնական լուծումը չէ։ Կան հանգամանքներ, իրավիճակներ, երբ լիարժեք վերահսկումն ուղղակի անհնար է։ Վերցնենք թեկուզ արդյունագործական ձկնորսությամբ զբաղվողների վերահսկման հարցը։ Շատ դեպքերում փաստաթղթային տվյալները կարող են չհամապատասխանել որսի իրական քանակությանը։ Մինչդեռ ինչպես կարելի է այն կանոնավորել։ Ժամանակին մի ցանցի օրական արտադրողականությունը համարվել է 7 կգ ձուկը, ավելի ուշ՝ հասցվել է 10 կգ։ Մինչդեռ պարտադիր չէ ձկնորս լինել՝ հասկանալու համար, որ որոշ դեպքերում կարելի է ընդհանրապես չբռնել կամ միանգամից որսալ 100 կգ։ Ստացվում է, որ միջին արտադրողականություն ասվածը խիստ պայմանական մի թիվ է։ Ավելին, որոշ մասնագետների պնդմամբ, լուրջ ուսումնասիրության դեպքում այն կարող է լինել ոչ թե 10, այլ 30 կգ։ Մի խոսքով, խճճված ու բարդ թվաբանություն, որ նվազագույնը կպահանջի, մասնագետների լեզվով ասած, ամենօրյա մետրաժ։ Գումարենք դրան սեզոնային որսերի տարբերությունը, լճի տարբեր հատվածներում որսի պաշարների անհամապատասխանությունը եւ կստանանք ամենաքիչը գորդյան հանգույց։ Էլ ավելի բարդ է տեսականու խնդիրը։ Ակնհայտ է, թե լիճը նետված ցանցը ինչ դուրս կբերի։ Իհարկե, հիմնականում որսում են սիգ։ Ավելորդ անհամապատասխանությունից խուսափելու համար, որպես թույլատրելի տարբերություն, ընդունված է 20 տոկոսը, այսինքն՝ ափ նետված որսի այդքան մասը կարող է լինել, ասենք, իշխան։ Լիճն այսօր փակ է մինչեւ սեպտեմբերի 1-ը։ Այդ ընթացքում հատուկ պահպանվող տարածքների վարչությունը շատ անելիքներ ունի։ Նախ, անհրաժեշտ է ուսումնասիրել ներդրված փորձը. օգո՞ւտ տվեց այն, թե՞ վնաս։ «Իրավապահները, փառք Աստծո, օգնում են,- համոզված պնդում է Արմեն Հունանյանը,- եթե նրանք չլինեն, մենք այդ գործը չենք կարող անել։ Վարչական տույժերի իրականացման հարցը նախկինում լավ էր դրված։ Հիմա մի քանի օրենքներ ընդունելուց հետո խախտվել է։ Պետք է նոր իրավական դաշտ ստեղծել, ահագին հարցեր կան»։ Հարցերն, իրոք, շատ են։ Մինչեւ օրս վիճարկելի է մնում դեռ 1996 թ. հունվարին կառավարության թիվ 23 որոշմամբ «Սեւան» ազգային պարկի հողահատկացումների հարցը, որի պահպանողական գոտին ընդլայնվել էր՝ հասնելով լճի ավազանը գոտեւորող լեռների ջրբաժան սահմաններին։ Թույլ է պահպանության ռեժիմը։ Որքան էլ գրվում, ասվում է, լճից ջրի բացթողումները դարձյալ շարունակվում են իրականացվել առանց դրանց գիտական համոզիչ հիմնավորման, ուրեմն եւ՝ բնապահպանական չափանիշների խախտումներով։ Անտառահատումներն էլ պակաս հոգս չեն պատճառում։ Ու թեեւ այս տարվա փետրվարից նախարարի հրամանով լիկվիդացվել են ազգային պարկից անկախ գործող անտառտնտեսությունները, բայց մի՞թե կառուցվածքային փոփոխությունները լիարժեք պահպանության երաշխիք են։ Պահպանվող տարածքների վարչությանը պետությունն այս տարի հատկացրել է 177 միլիոն դրամ։ Աշխատակազմում դժգոհ չեն եւ գտնում են, որ եթե այսօրվա դրությամբ երկիրը գոնե այսքան կարողանում է հատկացնել Սեւանի խնդրին, ապա շնորհակալություն պետք է ասել։ Իսկ Արմեն Հունանյանը բոլորից մի փոքր ավելի լավատես է։ «Չեմ կարծում, թե վիճակն անվերահսկելի է։ Միայն պետք է լուրջ զբաղվել այս գործով»,- կրկնում է նա, թեեւ մեր զրույցի վերջում կես-կատակ, կես-լուրջ եզրափակեց. «Փորձանքը գցեցիր ինձ»։ Համարենք, որ սա էլ մեր որսն է եւ արգելման ժամկետներ առայժմ չունի, ինչպես դա ընդունված է ձկնորսների մեջ։ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել