Երեկ ժամը 12-ին նախագահի նստավայրի մոտ միաժամանակ հավաքվել էին «Արմենիա» բանկի խաբված ավանդատուներն ու Ադրբեջանից բռնագաղթածները։ Քանի որ փախստականներն արդեն 10 տարի է պայքարում են իրենց իրավունքների համար, նրանց ընդունեցին ավելի ուշ, իսկ ավանդատուները պայքարում են ընդամենը 4 տարի, եւ իշխանությունների համար նրանց պահանջը համեմատաբար նոր է։ Ի վերջո՝ երկու խմբերն էլ հեռացան՝ իրենց հետ տանելով հերթական խոստումները։ Փախստականների ղեկավար Ժաննա Արուտյոնովայի խոսքերով իրենց պահանջը մնում է նույնը՝ լուծել իրենց բնակարանային հարցը կամ օգնել հեռանալու Հայաստանից։ Փախստականների վարչությունը եւ նրա ղեկավար Մեխակ Գաբրիելյանը փախստականների համար մեծագույն չարիք են։
«Մեխակ Գաբրիելյանը մեր բյուջեն դարձրել է եկամտի աղբյուր։ Իր վարչության համար գումարներ է ստանում, բարձր աշխատավարձ, եւ զբաղվում է մեր խնդիրները թաքցնելով։ Այս երկիրը մեզանից սարքել է ֆինանսական եւ քաղաքական ֆակտոր, որի միջոցով դրսից օգնություն են ստանում եւ պետք եղած ժամանակ ցույց են տալիս արտասահմանին»,- ասում է Ժաննա Արուտյունովան։ Փախստականները հասկանում են, որ պետական բնակարանաշինություն չկա, սակայն պահանջում են, որ իրենց տրվի որոշակի գումար, որի միջոցով իրենք կորոշեն՝ որտեղ գնել բնակարան՝ Երեւանում, Լաչինում, թե Ստեփանակերտում, որտեղ իրենց պարտադրում են մեկնել իշխանությունները։
«Մենք այստեղ պատանդի կարգավիճակում ենք։ Մեկ ասում են, որ քաղաքացիություն կտանք, երբ գրանցում կունենաք։ Բայց եթե մենք գրանցվենք որեւէ ծանոթի հասցեում, հաջորդ քայլով մեզ ուղղակի դուրս կվռնդեն մեր հանրակացարաններից, ասելով, որ ապրենք այնտեղ, որտեղ գրանցված ենք, եւ մենք պետք է հավակնենք մեր ծանոթի բնակարանին, որը, բարեկամաբար, գրանցել է իր տանը»,- վրդովված ասում է փախստականներից մեկը։ Դրա փոխարեն նրանք պահանջում են, որ իրենց տրվի փախստականի միջազգային կարգավիճակ եւ որոշակի օժանդակություն արտասահման մեկնելու համար։ Փախստականների համար անսպառ թեմա է Մեխակ Գաբրիելյանը, որին տիկին Արուտյունովան անվանեց «ժուլիկ, ուղղակի ժուլիկ»։ Երբ իրենք պրն Գաբրիելյանին հայտնել են, որ իր աշխատողներից Արմեն Պետրոսյանը կաշառք է պահանջել մի փախստականից, սկզբում խոստացել է պատժել, իսկ հետո նրան մասիվներից մեկում սենյակ է հատկացրել՝ իր ցուցմունքներից հրաժարվելու դիմաց։ Այժմ էլ այդ տղայի ձեռքից փաստաթղթերն են վերցրել։
«Սկզբում Մեխակն ասում էր՝ արեք, կզբաղվենք, իսկ երբ նրան վախեցրին եւ գործը փոխեցին, նա ինձ վրա բղավեց. «Այդ գործն անցյալի հարց է, դրա մասին չեմ ուզում խոսել»,- պատմում է տիկին Ժաննան։ Փախստականներին որեւէ կերպ չեն օգնել նաեւ ՄԱԿ-ում։ «Աֆրիկայում փախստականների վիճակն ավելի վատ է»,- ասել է փախստականների գծով հանձնակատար պրն Բիրաթը։ «ՄԱԿ-ն էլ է մեզ վրա փող շինում, ՄԱԿ-ում էլ են կաշառակերներ նստած։ Ամերիկայի դեսպանը մեզ ընդունում է, իսկ ՄԱԿ-ի ղեկավարը՝ ոչ։ Բայց դեսպանի պաշտոնը նրա պաշտոնի հետ կհամեմատե՞ս»,- ասում է փախստականներից մեկը։
Կարդացեք նաև
Իսկ նախագահի աշխատակազմում տիկին Ժաննային ընդունեց նամակների բաժնի մի աշխատակցուհի եւ խորհուրդ տվեց, որ նամակ գրի Պարույր Հայրիկյանին եւ Վահան Հովհաննիսյանին, որ նրանք էլ գրավոր պատասխանեն դրան։ Փախստականները չսպառնացին փողոցում քնել, նրանք միեւնույն է փողոցում են բնակվում։ «Արմենիա» բանկի ավանդատուներին խոստացել էին վճարել բանկի շենքի վերանորոգման համար ծախսված 51 հազար դոլարը։ Առավոտյան նրանց ներկայացուցիչները կառավարությունում հանդիպել են Շահեն Կարամանուկյանին, որը խոստացել է գումարը տալ փուլ առ փուլ տարբերակով։ «Մեզ պետք չէ փուլ առ փուլ տարբերակը։ Առանց այն էլ 51 հազարը չնչին գումար է 1100 ավանդատուի համար։ Պատկերացրեք, որ այդ գումարը բաժանվի չորս փուլի։ Այսօր 450 հազար դոլար է պետք ավանդատուների գումարն ամբողջությամբ վերադարձնելու համար։ Այդ գումարը կառաջանա մեր շենքը վաճառելու դեպքում»,- պատմեց նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեսքան Հարությունյանի տեղակալ Գրիգոր Ամալյանի հետ բանակցած ավանդատուների ներկայացուցիչը։
Ավանդատուները որոշեցին, որ եթե իրենց հարցը երկուշաբթի օրը չլուծվի վրաններով շրջափակեն կառավարության մուտքը։ «Այդ գումարը մի մեքենայի գումար էլ չէ, 51 հազարով նրանք մի ծնունդ են անում»,- եզրակացրեց ներկաներից մեկը։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ


















































