Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձյունանուշիկին» փրկեց իր ատամնաշարը

Հունվար 13,1999 00:00
Zyunannush

Դեպքը տեղի ունեցավ 1999 թ. հունվարի 2-ին, գիշերվա ժամը 3-ին։ Սոնա Արամյանը դեռ նոր էր եկել տուն, երբ սեփական տան պատուհաններին կտկտոց լսեց։ Նրան մի պահ թվաց, թե անձրեւ է գալիս, սակայն, երբ մտաբերեց, թե անձրեւ, այն էլ հունվարին չի գալիս, մտածեց, թե ձյունն է։

Սակայն ձյունն էլ չէր կարող այդպես կտկտալ, աղմկել ու նա, տան լույսը չվառած, չգիտես ինչու բերանից հանեց պրոթեզը, հասցրեց բացել դուռը եւ… հայտնվել քիչ առաջ փակած դարպասների մոտ։ Տրամադրությունն, ինչ խոսք, բարձր էր, որովհետեւ չնայած իր 62-ամյա տարիքին, հասցրել էր ուրախացնել երեխաներին, այնքան էլ վատ չխաղալով «Ձյունանուշիկի» իր նոր դերը… մթի մեջ, սակայն, երեք տղամարդու ձայն լսվեց.

– Տանն է… Աշոտ, դու կմտնես ու աշխատիր առանց աղմուկի լռեցնես տանտիրուհուն։

Տիկին Սոնան վաղուց չէր իմացել, թե ինչ բան է վախը։ Սեփական տան բակում գիշերվա ուշ ժամին կարող էր դուրսուներս անել, ազատորեն շրջել։ Բայց այս լսելուց հետո նա մտածեց. «Պարզապես ձայնել ամուսնուն, որը… քնած էր»։

Հետո «տաքացավ» ու. «Ախր, ո՞վ են դրանք, որ իր տան դարպասներն են «քչփորում»։

Մետաղյա ձողը շխկաց ու դուռը վերջապես բացվեց։

Մի աժդահա մարմին մթի մեջ սողաց առաջ՝ իր դիմաց տեսնելով մի փոքրամարմին կնոջ՝ ճերմակ շորերով, սեփական ատամնաշարը ձեռքին (թե ինչո՞ւ հանեց պրոթեզն իր բերանից, տիկին Սոնան մինչեւ հիմա էլ չի կարողանում բացատրել։ Հավանաբար, պատճառը հուզմունքն է եղել – Ռ. Մ.)։ Աժդահան անմիջապես փակեց «Ձյունանուշիկի» բերանը, որ նա ձայն չհանի։ Մեզ ծանոթ Ձյունանուշիկն էլ, իր հերթին, փորձեց դիմադրել՝ աժդահային կծոտելու անօգուտ ճիգեր գործադրելով, ավաղ, իրեն բռնեցնելով այն բանում, որ բերանը «դատարկ» է, «զինաթափ»… Աժդահան իր հերթին սարսափով նայում էր ճերմակ շորերով իր «զոհին», որի ձեռքերից մեկը՝ աջը «կծոտում» էր իրեն՝ սուր ատամնաշարով։

Դարպասների հետեւում սպասող նրա երկու ընկերները տեսնելով, որ իրենց ընկերն ուշանում է, կարծեցին, թե նա արդեն «վառվել» է, բռնվել եւ շտապեցին արագորեն հեռանալ (սա էլ հետաքրքիր դրսեւորում է – Ռ. Մ.)։ Աժդահան դեռ ուշքի չէր եկել, երբ տեսավ, թե տնից ինչպես խոհանոցային դանակը ձեռքին դուրս թռավ մի տղամարդ. «Ձյունանուշիկի» ամուսինն էր (ոչ, անշուշտ, Ձմեռ պապին – Ռ. Մ.)։ Աժդահան անմիջապես իրեն դուրս գցեց դարպասներից…

Կենտրոնի թաղամասերից մեկում, բարեբախտաբար, ձախողվեց մի ձեռնարկ՝ գողությա՞ն, սպանությա՞ն…

Այս «դեպքի» հաջորդ իսկ օրվանից տիկին Սոնա Արամյանը մի կենաց է ասում.

– Երբեք ձեր ատամնաշարերը չհանեք։ Դրանք պետք են գալիս հատկապես գիշերը ժամը 3.00-ից հետո… Այս իրապատման մասին հաստատ ոչ ոք ոչինչ չկասկածելով չի հասկանում. «Ախր, ինչո՞ւ, է»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031