Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ՇՂԹԱՅԻ ՄԵԿ ՕՂԱԿԸ

Հունվար 23,1999 00:00
marmnavachar

«Իմ դուստրը բարոյապես մեռած է թե՛ իր երեխաների, թե՛ ինձ եւ թե՛ շրջապատի համար»,- պատմում է մայրը։ -Չեմ ուզում, որ իմ միակ զավակը՝ դուստրս, մարմինը թուրքերին եւ այլոց վաճառելով դրամ վաստակի։ Թող չծնվեր նա եւ անպատիվ չաներ բոլորիս,- մղկտում էր տարաբախտ մայրը։ Նա դատապարտում էր իրեն, որ չի կարողացել լավ աղջիկ դաստիարակել, դժգոհում էր իր դյուրահավատությունից, որ Օշականի բնակչուհի Անահիտի հավաստիացումները հալած յուղի տեղ ընդունեց եւ համաձայնեց, որ դուստրը՝ Նաիրան, այդ կավատի հետ մեկնի արտասահման աշխատելու։

«Ես Հունաստանում մեծ հարստություն ունեմ,- պատմել էր տիկին Անահիտը Ջուլիետային,- եւ լավ կլիներ, եթե քո դուստրը գար ինձ մոտ աշխատելու։ Ես գնել եմ երկու խանութ, որոնք ունեն ընդարձակ սրահներ։ Ձեր դուստրը նրբագեղ է եւ կարող է հունական նորաձեւ հագուստները ցուցադրել մարդկանց՝ իբրեւ մանեկենուհի»։ Մորն ու աղջկան հրապուրել էր հատկապես ամսական 2000 դոլարի խոստումը, որ պետք է վճարեր տիկին Անահիտը՝ հաջող առեւտրի դեպքում։ Ճարպիկ խաբեբան կարողացել էր հավաքագրել եւս չորս հայուհիների, որոնք կամ միայնակ մայրեր էին, ինչպես Լիլիթը, որն իր երեք ամսական երեխային որբանոց է հանձնում, որ գնա տիկին Անահիտի խանութներից մեկում աշխատի։ Արաքսյան՝ ամուսնալուծված, Ռադան, Մարինեն։ Ճաշասեղանին կռթնած՝ Ջուլիետա Ցոլակի Աբրահամյանը անշտապ պատմում էր իր դստեր բարոյական անկման ցավալի եւ վրդովեցուցիչ պատմությունը։

1996 թ. հոկտեմբերին օշականցի կավատ տիկին Անահիտը (մոտավորապես երեսունհինգ տարեկան), իր հինգ նորընծա կուրտիզանուհիներով մեկնում է իբր Հունաստան։ Մեկ ամիս հետո Նաիրան վերջապես մորը զանգում է Մարմարա քաղաքից։ Տիկին Ջուլիետան պահանջում է, որ Նաիրան շտապ վերադառնա իր 4 եւ 5 տարեկան տղաների մոտ։ Նաիրան պնդում է, որ Հունաստանում է, սակայն լսափողը վերցնում է ինչ-որ մեկը եւ թուրքերենով խնդրում տիկին Ջուլիետային՝ չբարկանալ դստեր վրա։ Վերջապես աղջիկը խոստովանում է, որ ինքը Թուրքիայում է՝ «մամա-ռոզայի» հետ։

Խումբը եւս երկու ամիս մնում է Թուրքիայում։ Մոր համար ակնհայտ էր, որ հինգ հայուհիներն էլ զբաղվել են մարմնավաճառությամբ եւ որ տիկին Անահիտը նորաթուխ բիզնեսմեն չէ, այլ իր գործում փորձառու։ Երեւան վերադառնալուց հետո Նաիրան մորը պատմել է, որ ինքն ու մյուս կանայք օրական վաստակում էին 500 դոլար եւ տիկին Անահիտը մահվան սպառնալիքով յուրաքանչուրից վերցրել է օրվա ամբողջ վաստակը։ Նա ինքն էր աղջիկներին ուղարկում նշված հասցեներով եւ նրան խաբելն անհնար էր։ Նա սպառնացել է, որ իրեն «չենթարկվողը այնպես կվերանա աշխարհից, որ լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։

«Մամա-ռոզան» երեք ամիս հայուհիներին «վաճառելուց» հետո յուրաքանչյուրին տվել է ընդամենը երեք հարյուր դոլար, իսկ ողջ գումարը պահել է իրեն։ Նա գնացել է Գերմանիա, թե ուր՝ ոչ ոք չգիտի։ Գուցե շարունակում է նույն գործը։ Ջուլիետան պատմեց, որ իրեն դժբախտ ու անարգված է զգացել միայն Լիլիթը։ Նա բոլորին պատմել է իրենց խայտառակության մասին, զղջացել է, իրեն համարել է դժբախտ ու անարգված։ Նաիրան եղել է անտարբեր, մինչդեռ Լիլիթը լի է եղել վրեժխնդրությամբ «մամա-ռոզայի» նկատմամբ։ Լիլիթը եւ Նաիրան պատմել են, որ Թուրքիայում մարմնավաճառությունից գոյացած գումարը՝ օրական 2500 դոլար, տվել են տիկին Անահիտի որդի Գոռին, որն այդ խմբի գանձապահն է եղել։ Կավատ կինը եւ նրա տասնվեցամյա աղջիկը՝ Գոհարիկը, նույն զբաղմունքն են ունեցել, ինչպես մյուսները։ Պատմում էր, որ մի անգամ մայրը 300 դոլար է տվել աղջկան եւ հասցեն տալուց հետո խնդրել է, որ հաջորդ օրն էլ իր փոխարեն սպասարկի այդ գումարը տվողին։

Ս. ՇԱԹԻՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031