Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ԿԱՊՐԻ ՈՒ ԿՏԵՍՆԻ

Հունվար 29,1999 00:00
Vano

ՀՀՇ վարչության երեկվա հերթական նիստը՝ ըստ լրագրողական իմ տրամաբանության, պիտի որ նվիրված լիներ կուսակցության ղեկավար Վանո Սիրադեղյանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Սակայն փակ նիստից հետո պրն Սիրադեղյանը ճշտեց, որ նիստի ժամանակ կայացվել է քաղաքական որոշում. «Առաջարկել Կենտրոն համայնքին՝ կասեցնել նախկին որոշումները՝ Արա Սահակյանի եւ Կարապետ Ռուբինյանի մասին։ Սահակյանին՝ վերականգնել կուսակցության մեջ, Ռուբինյանին՝ վերադարձնել վարչություն։ Բոլոր դեպքերում, այս որոշումը մեզ այսօր պետք էր, որովհետեւ մենք ունենք ընդհանուր գաղափարախոսություն։ Այլ կուսակցություններ իրենց նման շռայլություն թույլ չեն տա, եւ մենք հայտնվում ենք անհավասար վիճակում»։ Քանի որ պրն Սիրադեղյանի շուրջ հավաքված համախոհների կուռ շարքերում չերեւացին ո՛չ Արա Սահակյանը, ո՛չ Կարապետ Ռուբինյանը, ուշ երեկոյան հեռախոսով երկուսի հետ էլ կապվեցի։ Նրանց վերաբերմունքը բավական հետաքրքիր էր։

Արա Սահակյան. «Իրենք հեռացնում են, իրենք էլ վերականգնում. կամքը իրենցն է»։ Կարապետ Ռուբինյանը նախ ասաց, որ առաջին անգամ ինձնից է լսում լուրը։ Հետաքրքրվեց՝ նիստն արդե՞ն ավարտվել է, ապա թե՝ «Հանգամանքները, որոնք ինձ ստիպել են վարչությունից հեռանալ, դեռ չեն վերացել»։

Բայց ըստ Սիրադեղյանի՝ «… Մանավանդ համագումարից առաջ էսպիսի որոշում պետք էր, որպեսզի դադարեն խոսակցությունները, թե համագումարում ո՛ր թեւը կհաղթի։ ՀՀՇ-ի գործունեությունը պառլամենտի տանիքի տակ, հատկապես վերջին շաբաթներում, ցույց տվեց, որ համախմբված աշխատելու դեպքում լավ ենք աշխատում»։ Խորհրդարանում իր ոչ թե ինքնապաշտպանական, այլ հարձակողական ելույթը պրն Սիրադեղյանը հիմնավորեց նրանով, որ «անհիմն է խոսել աբսուրդի մասին»։

– Պարոն Սիրադեղյան, լա՛վ, քաղաքական որոշ ուժերի ձեռնտու է ձեզ ճաղերի հետեւում տեսնելը։ Իսկ հասարակ ժողովուրդը ինչո՞ւ է ավելի շատ հակված հավատալ այդ հանցագործություններին։

– Շատ լավ եմ հասկանում նրանց. դա իմ անձի հետ կապ չունի։ Հիմա ում էլ (նախորդ իշխանությունից լինի, թե ներկա, կոմունիստ կամ այլ մեկը) մամուլով այսպիսի հետեւողականությամբ վարկաբեկեն, ժողովուրդը կողմ կլինի նրա խորտակմանը, ձերբակալմանը։ Լավ կյանքից չէ։

– Լուրերը, թե երկուշաբթի օրը ձեր հանդեպ որպես խափանման միջոց կընտրվի կալանքը, արդեն շրջանառվում են։

– Ես չգիտեմ։ Վստահ չեմ, որ նոր միջնորդությամբ կմտնեն խորհրդարան։ Եթե մտնեն, մտնե՜ն։ Կապրենք, կտեսնենք։

Մեր զրույցից առաջ արդեն Սիլվա Կապուտիկյանը հասցրել էր հայտարարել, որ լքում է Գրողների միությունը։ Տիկին Սիլվայի նման որոշման «մեղավորը» այսպես բնութագրեց վիճակը. «Սովետական շրջանում Գրողների միությունից դուրս էին գալիս մարդկանց դեմ գործ հարուցելու պատճառով, ինքը (տիկին Սիլվան- Լ. Ա.), փաստորեն, դուրս է գալիս գործ չհարուցելու պատճառով»։

Իսկ գրող Սիրադեղյանը Գրողների միությունը լքելու պատճառ չունի, «մանավանդ որ Հրանտը նախագահն է»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031