Երկու կուսակցություն, երկուսն էլ նույն խելքի «Եվրասիա» հիմնադրամի դրամական շնորհի միջոցներով գործող հասարակական խնդիրների հետազոտման եւ աջակցման խումբը հիմնվել է 1998 թ. հոկտեմբերի 29-ին «Ավանգարդ» հումանիտար հետազոտությունների կենտրոնի եւ Սոցիալական հետազոտությունների խմբի նախաձեռնությամբ, որին աջակցել է ԱՄՆ-ում գործող հայ իրավաբանների միությունը։ Ընտրությունների վրա Հայաստանի կուսակցական համակարգի ազդեցությանը նվիրված հիշյալ կենտրոնի անցկացրած հետազոտությունների արդյունքները երեկ հայ լրատվամիջոցներին ներկայացրեց Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարագիտական հաստատության աշխատակից, նախկին Խորհրդային Միության տարածքում հակամարտությունների կարգավորման ծրագրերի տնօրեն, ՀԽՈՒԿ-ի խորհրդատու եւ մասնագետ, մեր հայրենակից Արթուր Մարտիրոսյանը։ Այս կազմակերպության անցկացրած հետազոտության արդյունքները որքան կարեւոր, նույնքան էլ հանրահայտ են այն աստիճան, որ դրանց վրա չարժեր մեկ ցենտ էլ ծախսել։ Օրինակ, մի՞թե անհրաժեշտ է հետազոտություն անցկացնել պարզելու, որ «Հայ ժողովրդի համար բացառիկ նշանակություն ունի այս տարվա մայիսին կայանալիք ընտրությունը։ Դա կարող է նպաստել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը եւ Հայաստանի անդամակցությանը Եվրախորհրդին» կամ, որ «Հայաստանում գրանցված շուրջ 70 հասարակական-քաղաքական կազմակերպություններից միայն 7-ը կարող են հավակնել կոչվել կուսակցություն։ Դրանք են ՀՅԴ-ն, ՀԿԿ-ն, ԱԻՄ-ը, ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն, ԱԺՄ-ն եւ ՀԺԿ-ն»։ Այս կուսակցություններից միայն ՀՀՇ-ն եւ ՀՀԿ-ն չեն կարողանա հաղթահարել 5 % արգելքը։ Սակայն այս հետազոտություն անցկացնողները հաշվի չեն առել, որ եթե քաղաքացիներից որեւէ մեկը չքվեարկի ՀՀԿ օգտին, միայն բանակը բավական է 5 % ստանալու համար։ Արթուր Մարտիրոսյանին ՀՀԿ ղեկավարները սակայն հավաստիացրել են, որ իրենք ժողովրդավարական ընտրությունները գերադասում են իրենց հաղթանակից։ Հարցումների արդյունքից պարզվել է, որ քաղաքական ուժերից որեւէ երկուսն անգամ ի վիճակի չեն լինի խորհրդարանական մեծամասնություն կազմել։ Այս եզրակացությունից հետո հետազոտության հեղինակներն անցնում են հնարավոր դաշինքների քննարկմանը, ենթադրելով, որ ՀՀԿ եւ ՀԺԿ դաշինքի դեպքում գումարային տոկոսը գրեթե չի ավելանա, իսկ առավելագույն արդյունք է նկատվում ԱԺՄ-ԱԻՄ դաշինքի ձեւավորման դեպքում, երբ ձայների գումարն ավելանում է երկու եւ կես տոկոսով։ Հետաքրքիր է այս հետազոտության ամփոփիչ մասը, որտեղ գովեստի խոսքեր են ասված հատկապես ՀՅԴ-ի եւ ԱԻՄ-ի մասին։ «Կուսակցությունների անակնկալ ձեւավորման եւ անէացման այս մթնոլորտում ակնառու կայունություն են դրսեւորում ՀՅԴ-ն եւ ԱԻՄ-ը։ Եթե ՀՅԴ-ի կայունությունն արդյունք է նրա պատմական լուսապսակի, ապա ԱԻՄ-ի ընտրազանգվածինը՝ հավանաբար բխում է հայ ժողովրդի՝ քրիստոնեական սկզբունքներով գործող կուսակցություն ունենալու պահանջից եւ այդ կուսակցության սկզբունքային մոտեցումներից՝ անկախ պետության կառուցման համար։ Այս սկզբունքներով ԱԻՄ-ը մերձենում է եվրոպական քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություններին՝ Եվրոպայում հայերի բնական դաշնակիցներին։ Սա հուշում է, որ առաջիկա տարիներին սպասելի է իրեն քրիստոնեական հռչակած ԱԻՄ-ի վարկանիշի շեշտակի բարձրացում»։ Նման քծնանքի համար կան լուրջ հիմնավորումներ։ Նախ՝ ՀԽՈՒԿ-ը գտնվում է ԱԻՄ-ի շենքում, իսկ Սոցիալական հետազոտությունների խումբը, ինչպես հայտնի դարձավ ասուլիսի ժամանակ, տարածված տեղեկատուից «փոխկապակցվածության մեջ է ԱԻՄ-ի հետ»։ ՀԽՈՒԿ-ի մյուս փայատերը «Ավանգարդ» կենտրոնն է, որի ղեկավարներ Հովիկ Ասրյանը եւ Էդիկ Մամիկոնյանը ՀՅԴ (սառեցվա՞ծ, թե՞ կանխակայված) անդամներ են, որով եւ բացատրվում է ՀՅԴ-ին ուղղված քծնանքը։ Մի՞թե ավելի տրամաբանական չէր լինի, որ դաշինք կազմեին ՀՅԴ-Ն եւ ԱԻՄ-ը՝ ինչպես այս դեպքում։ ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Հ. Գ. ԱԻՄ-ի եւ ԱԺՄ-ի հնարավոր դաշինքին ի պատասխան ԱԺՄ անդամներից մեկը, որը ցանկացավ անհայտ մնալ, ասաց. «Ի՞նչ է, որոշել են ԱԺՄ-ին վարկաբեկե՞լ»։


















































