Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկովյան այցի արդյունքները

Մարտ 06,1999 00:00
Aph

Խոստացել էինք, որ ԱՊՀ կրթության նախարարների մոսկովյան հանդիպման արդյունքների մասին կտեղեկացնենք՝ հենց նախարար Լեւոն Մկրտչյանը վերադառնա Մոսկվայից։ Վերջինս չթողեց, որ խոստումնազանց լինենք, իսկ հնգամյա ընդմիջումից հետո կայացած հանդիպումը շատ բարձր գնահատեց։ Ընդունվել է երեք որոշում եւ մեկ բանաձեւ։

Ամենակարեւորը, ըստ նախարարի, բուհերի մասնաճյուղերի փոխադարձ ճանաչման եւ գործունեության մասին որոշումն է։ Երկրորդ որոշումը վերաբերում է գիտական եւ ուսումնական աստիճանների, կոչումների փոխադարձ ճանաչմանը, համարժեքության պահպանմանը։ Այս հարցում Հայաստանը խնդիրներ ունի, որոնք պիտի կարգավորվեն, ասենք՝ ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում միջնակարգ կրթությունը տասներկուամյա է, իսկ Հայաստանում՝ տասնամյա։ Բացի այդ, Հայաստանում գիտական կոչումներ հասկացություն չկա, կան միայն համլսարանական կոչումներ եւ գիտական աստիճաններ։

Երրորդ որոշումը ծրագրամեթոդական համատեղ աշխատանքների, համատեղ դասագրքերի ստեղծմանն է առնչվում։ Ի դեպ, Վրաստանի, Հայաստանի եւ Մոլդովայի պնդմամբ հանվել է համաձայնագրի այն կետը, որը վերաբերում էր պատմության դասագրքերի խմբագրմանը։ Կոնկրետ ծրագրերի պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաեւ առանձին երկրների հետ։ Ասենք ռուսական կողմը խոստացել է մի շարք բուհերում տեղ հատկացնել մեր ուսանողներին, ընդ որում՝ 50 տեղ իրենց հաշվին, հիսուն տեղ՝ պետբյուջեի։

Ուսուցիչների վերապատրաստման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Համաձայնվել են նաեւ հանձնաժողով ստեղծել ռուսական դպրոցների եւ թեքումով դասարանների հայեցակարգի մշակման նպատակով։ Ի դեպ, հայաստանյան կողմը առաջարկել է, որ ԱՊՀ կրթության նախարարների 2000 թվի հանդիպումն անցկացվի Հայաստանում, ինչն ընդունվել է։

Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031