Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱԿԻՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ԳՆԱՀԱՏՎԵՑ

Մարտ 06,1999 00:00
toto

Քան ուսուցչուհու ձեռքը

Երկար տարիներ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում մայրենի լեզու եւ գրականություն է դասավանդել Մարգարիտ Մարտիրոսյանը։ Նա ապրել է ուսուցչի իր համեստ աշխատանքով, ոգեւորել, ոգեւորվել, չփորձելով երբեք բեռ դառնալ որեւէ մեկի համար։

Ճակատագի՞ր էր, թե՞ մի այլ սցենարով կանխորոշված ճանապարհ, որ ուսուցչուհին պիտի լիներ մենակ, պատեհ-անպատեհ կրելով իր վրա մենակին բաժին հասած հարվածները (ծաղր, վիրավորանք…)։

1997 թ. սեպտեմբերի 27-ն էր, ժամը 18-19-ի սահմանները։ Մարգարիտ Մարտիրոսյանն իր այգում էր։ Շրջո՞ւմ էր, մտածո՞ւմ, զրուցո՞ւմ ծառերի հետ։ Չգիտես ինչու, ուզում էր երկար մնալ այգում։ Հարեւան Գուրգեն Եփրեմյանը, նրա տղան՝ Օնիկը, թոռը՝ Էդիկը, կենցաղային ինչ-ինչ հարցերի պատճառով հարձակվեցին Մարգարիտի վրա (հողակտորի հետ կապված)։ Անսպասելի էր հարձակումը։ Մ. Մարտիրոսյանի վկայությամբ, անսպասելի էր եւ այն, որ իր վրա հարձակվողների մեջ էր աշակերտը։ Պատկերացնել է պետք, թե միայնակ թոշակառու ուսուցչուհու վրա ինչպիսի հարվածներ են տեղացել. «Երեքով հարվածում էին ինձ, փայտերով խփում»։ Կինը, թավալված գետնին, դիմադրել է, ինչի արդյունքում կոտրել է ձախ ձեռքը։

Ցավից, վիրավորանքից մի կերպ շարժվելով, ձեռքն ընկած քարն է վերցնում՝ պաշտպանվելու համար։ Երեքի ուղղությամբ իր նետած քարը չկպավ նրանց, այլ այդ պահին փշրեց «երեքի» ավտոմեքենայի («Ժիգուլի -06») առջեւի ապակին։ Հետո, ինչպես ուսուցչուհին է պատմում, ինքը բոբիկ, բզիկ-բզիկ եղած շորերով, չգիտես ինչու, դուրս է գալիս կենտրոնական փողոց (Հոկտեմբերյան տանող)։ Վրեժխնդրության վախի՞ց, վիրավորանքի՞ց ազատվելու, անպաշտպանվածությա՞ն զգացումից՝ չգիտեր. «Ծաղրում էին ինձ, ծաղրում էր եւ այդ պահին ինձ հանդիպած դժբախտ մի ոստիկան»։ Համաձայնվեք, մի քիչ տխուր պատմություն է։ Մի քիչ անմարդկային։ Բայց շարունակեմ. գործը հասնում է Արմավիրի դատարան։ Մարտի 20-ն է, արդեն 1998 թվականը։ Դատական նիստն ավարտվում է իրավակիրառական պրակտիկայում հազվադեպ հանդիպող արդյունքով. ապրիլի 14-ի դատավճռով Մարգարիտ Մարտիրոսյանը «դատապարտվում է 2000 դրամ տուգանքով»։

Թոշակառու ուսուցչուհու վրա դրված հոդվածն էլ քր. օր.-ի 96-I մասն էր՝ գույքի դիտավորությամբ վնասումը։ Բնականաբար, Մ. Մարտիրոսյանը դիմում է ավելի բարձր ատյաններ, սակայն Գերագույն դատարանի քր. գործերով դատական կոլեգիան իր հերթին (25.05.98 թ.) դատավճիռը թողնում է անփոփոխ։

Ի դեպ, Մ. Մարտիրոսյանին տրված բժշկական տեղեկանքից իմանում ենք, որ նա ստացել է (կռվի արդյունքում) «նվազ ծանր մարմնական վնասվածք», գանգուղեղային տրավմայով մարտի 2-27-ը պառկել Էջմիածնի հիվանդանոցում, էլ չենք խոսում այն մասին, որ կոտրած ձախ ձեռքը կախ է ընկած մինչեւ օրս (Մ. Մարտիրոսյանի անվճարունակ լինելու պատճառով)։ Արմավիրի տարածքի սոցիալական ապահովության բաժնի կողմից տրված 648893 վկայականն էլ փաստում է, որ նա համարվում է երկրորդ կարգի հաշմանդամ։ Բայց հարցերն այլ տեղ են տանում, որ դատարանը, փաստորեն, տուժող է ճանաչել ավտոմեքենայի ապակուն, իսկ ֆիզիկական բռնության ենթարկված քաղաքացուհուն «դատապարտել» (ի դեպ, այդ տուգանքը մուծելու փող էլ չունի նա -Ռ.Մ.)։

«Բա ես ապակի՞ եմ,- հարցնում է նա,- ապակին ճաքել է՝ ինձ վրա հոդված են դրել, իսկ ես ջարդվել եմ՝ հոդված չեն դրել»։ Ավելի ուշագրավ է այն, որ Մ. Մարտիրոսյանին ծեծելու ժամանակ վկա «չգտնվեց», իսկ ապակուն «ծեծելու» ժամանակ վկաներ հայտնվեցին…

Դեռ լավ է, ակամայից մտածում եմ ես, որ ապակին խոսել չգիտեր, թե չէ հաստատ Մարգարիտ Մարտիրոսյանին նստեցնել կտար։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031