Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՎԵՍՏԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՇՈՒԿԱ ՄԵԶԱՆՈՒՄ ՉԻ ՍՏԵՂԾՎԻ

Մարտ 23,1999 00:00
toto

Այսքան ու անընդհատ լսում ենք՝ մշակութային արժեքներ արտահայտությունը։ Այնքան է ծեծվել այդ արտահայտությունը, որ կորցրել է իր նշանակությունը։ Եվ կորցրել ենք մշակութային արժեք հասկացության սահմանները։

Մշակույթի նախարարության ենթակայության տակ կա «Մշակութային արժեքների պահպանության վարչություն», որը զբաղվում է մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման թույլատրման, գնահատման հարցերով։ Վարչության պետ Դայան Նորան մի հարցազրույցում խոստովանել էր, թե փորձում են օգտակար լինել նկարիչներին (եւ մյուս արվեստագետներին) ու ստիպված են լինում ավելի ցածր գնահատել մեր մշակույթը, որպեսզի արտահանողը մեծ հոգսեր չունենա։ Եվ բազում մշակութային արժեքներ անհեթեթ թվերով արդեն քանի տարի «գնահատվում» են։ Վարչություն, որի փորձագիտական խմբում ընդգրկված են այնպիսի մասնագետներ, որոնց նկատմամբ անվստահություն ունեն հենց նույն նկարիչները։ Այսինքն՝ անհեթեթ թվերով «գնահատելով», մինչ օրս գործարքի կեղծ պատկերի հետ ենք գործ ունեցել, ինչը հիմնված է եղել տարբեր կամայականությունների վրա։

Դեռեւս մեզանում չկա մշակութային արժեքների ներքին առեւտրի կանոնակարգ։ Մշակութային արժեքների հետ կապված գործունեությունը, միեւնույն է, տնտեսական գործունեություն է։ Եվ այդ առեւտուրը պետք է իրականացվի մասնագիտացված խանութներում, որոնց պետք է տրվի այդ գործունեությամբ զբաղվելու լիցենզիա։ Խանութները պետք է ունենան վաճառքի համապատասխան պայմաններ եւ արժեքների գրանցման գրքեր։ Դա կնպաստեր նաեւ մասնավոր անձանց մոտ եղած մշակութային արժեքներն իմանալու, ցանկեր կազմելու։ Վերոնշյալ վարչությունը ստեղծել է «Շտեմարան» կոչվող տեղեկատվական մի բաժին, որն իբրեւ թե գրանցում է արտահանվող իրի ստեղծման վայրը, նկարագրությունը, ժամանակը, չափը, հեղինակը եւ… արժեքի արտահանման միայն առաջին երկիրը։ Մի ժամանակ Եվրոպա գնալու ամենահեշտ ճանապարհն Ամստերդամն էր, բայց հո Ամստերդամը հայ մշակույթով չլցվե՞ց… հայտնի չէ՝ Ամստերդամից հետո ուր գնացին, ինչ եղան։

Վերադառնանք արվեստի ներքին ու արտաքին շուկային։ Հայաստանում արտոնագրված գալերեաների գոյության ու գործունեության դեպքում միայն այդ շուկան կարող է կարգավորվել։ Եվ այդ գալերեաները կարող են օժանդակել նկարչին՝ իր երկրում եւ դրսում ճանաչում ձեռք բերելու համար։ Միայն նկարչի հետ աշխատող եւ նրա վարկանիշը բարձրացնող, ստեղագործությունների վաճառք կազմակերպող եւ գնահատող գալերեան կարող է ստեղծել ներքին շուկա։

Քաղաքակիրթ լինելու ճանապարհից՝ գնալով հեռանում ենք։ Ու շատերին է այս վիճակը ձեռնտու։ Նկարիչն ուզում է ազատ լինել, ուզում է, որ գնահատեն, թղթի վրա գրեն՝ այսքան եմ վաճառել եւ վերջ։ Իսկ շուկան վաղը կբերի նրան, որ նկարիչն այլեւս չի ուզենա, որ այդ արժեքն էժան երեւա, որովհետեւ դրանից միայն իր «գինը» կընկնի։ Կարելի է ենթադրել, որ կան դրսի ուժեր, որոնք առանձնապես շահագրգռված չեն, որ այստեղ շուկա ստեղծվի, որ մեր նկարիչները, որոնք բավականին ուժեղ ու տաղանդավոր են, մուտք գործեն դրսի շուկա։ Դրսի ուժեր կան, որ խանգարում են Հայաստանում քաղաքակիրթ շուկա ստեղծվելուն։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ կառավարության կողմից մշակութային արժեքների առեւտրի կանոնակարգ եւ մասնագիտացված խանութների լիցենզավորման կարգ հաստատվի։ Արտաքին տնտեսական գործունեությունը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Եվ միայն այդ դեպքում իսկապես կարժեւորվեն մեր մշակութային արժեքները եւ կճշտվեն մշակութային արժեքների սահմանները։ Իսկ այսօր եղած գալերեաները իրենց «կլիենտներին» ուղղակիորեն վաճառում են եւ ապա գնում մշակութային արժեքների պահպանության վարչություն՝ արտահանման թույլտվություն ստանալու, գնորդի գործը հեշտացնելու։ Այո, իբրեւ թե գնում ենք դեպի ազատ շուկայական հարաբերություններ ու բաց հասարակություն։ Չիմանալով մեր ունեցած մշակութային արժեքների իրական արժեքը։ Ու շարան-շարան վաճառական-առեւտրականներ թեւների տակ որքա՜ն նկարիչների գործեր են տանում վաճառելու ու կոպեկներով վաճառում՝ գցելով տվյալ հեղինակի վարկանիշն ու հեղինակությունը։ Արդյունքում ստացվում է, որ թեեւ մեր մշակութային արժեքները հոսում են դեպի արտերկրներ, բայց այդ երկրները չեն ճանաչում մեր արժեքները։ Մեր իսկ պատճառով։ Ու շատ քիչ հայ նկարիչներ կան, որոնք ցուցադրվում են աշխարհի լավագույն թանգարաններում ու ցուցասրահներում, որոնք տեղ են գտել արվեստի լավագույն կատալոգներում ու ամսագրերում։ Մեղավորը մենք ենք, որ նույնիսկ Սարյանին արվեստի աշխարհում սփյուռքահայերից ու հայաստանցի հայերից բացի քչերը գիտեն ու եթե որեւէ վաճառական փորձի տանել՝ մեծ դժվարությամբ ու էժան գնով կարող է վաճառել։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031