Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀՅԴ-Ի ԴԵՄ ԱՇԽԱՏԵՑ»

Հունիս 10,1999 00:00
rubik hakobyan

Ողջ ընտրարշավի ընթացքում դաշնակցական առաջնորդներն անընդհատ պնդում էին, թե նոր խորհրդարանում ունենալու են «Վահան Հովհաննիսյան+30» պատգամավոր։ Եվ առաջինն ասուլիսում Ռուբեն Հակոբյանը հայտարարեց այդ մասին։

Այժմ, երբ հայտնի է, որ նոր ԱԺ-ում 8 դաշնակցականներ կլինեն, փորձեցինք պարզել, թե իրենց հավակնությունների համեմատ ինչպես են գնահատում ստացածը։ «Կարծես թե բոլորը հասկացել էին, որ դա հումոր էր,- 31 տեղերի վերաբերյալ իրենց պնդումները կատակի վերածեց Ռուբեն Հակոբյանը։- Անշուշտ, այս ընտրություններում որոշակի հաջողություն էինք ակնկալում։ 8-ը քիչ է, թե ոչ՝ յուրաքանչյուրը յուրովի կարող է ընկալել, բայց ես համարում եմ, որ սա կուսակցության համար հաջողություն էր։ Չեմ կարծում, որ քանակով պիտի գնահատումներ արվեն։ Մինչեւ երեկ ես էլ այստեղ մենակ էի, բայց ներկայացնում էի շատ թե քիչ կշիռ ունեցող մի ամբողջ քաղաքական ուժի տեսակետները, եւ ոչ թե կոճակ սեղմող կամ չսեղմող մեկ անձ էի։ Կարծում եմ, որ այսօր էլ է պետք այդպես դիտել՝ մեծ կազմակերպություն կա այդ 8-ի թիկունքում։

Մի քանի յուրահատկություններ կան, որոնցով պիտի բացատրեմ, թե ինչու եմ հաջողություն համարում այս ամենը։ Մեզ միշտ փորձում էին քաղաքականությունից անջատել, կապել միայն ֆիդայության հետ եւ այլն։ Ամբողջ քարոզարշավը հրաշալի հնարավորություն էր եւ կարծես կարողացանք այն լավ օգտագործել, որ Դաշնակցությունն իր ամբողջական կերպարով ներկայանա ժողովրդին՝ իր քաղաքական ստորագրությամբ։

Երկրորդը. դժբախտաբար, այս ընթացքում քրեական կապիտալը կարողացավ, մեղմ ասած, միամտացնել նրանց, ումից գողացել էին՝ վարկերի, հարկեր չմուծելու հաշվին եւ այլն։ Մեր այս 84 հազար ձայները գաղափարական-քաղաքական կեցվածքի արտահայտություն են։ Չենք կաշառել որեւէ մեկին, եւ դրանք գնված ձայներ չեն։ Ես սա շատ եմ կարեւորում, քանի որ այս ընտրությունների ժամանակ, դժբախտաբար, գաղափարական-քաղաքական կեցվածքին տրված ձայներն իսկապես քիչ էին։

Երրորդը. կուսակցության հայաստանացմանը, տեղայնացմանը բավական նպաստեց այս ընթացքը։ Մի բան, որի անհրաժեշտությունը խիստ զգացվում էր։ Ճիշտ է, մենք միշտ էլ հայաստանյան ենք եղել, բայց լայն շրջանակով ընկալված լինելու անհրաժեշտությունը կար։

Հաջորդ յուրահատկությունն է, որ ՀՅԴ-ն որեւէ մեկի «մուննաթի» տակ չէ հիմա։ Նկատի ունեմ, որ ինչքան էլ ասում էին, թե սա իշխանամետ կուսակցություն է եւ այլն՝ մեզ ոչ միայն բացարձակապես չօգնեցին, այլ առանձին դեպքերում՝ խիստ խոչընդոտեցին։ Նկատի ունեմ, օրինակ, հենց իմ ընտրատարածքը։ Պետական համակարգն իր ամենատարբեր դրսեւորումներով այս պարագայում ոչ միայն չեզոք մնաց, այլեւ որոշակիորեն խոչընդոտեց։ Եվ մենք այսօր բացճակատ ասում ենք, որ այս ձայները մենք ենք նվաճել որպես կուսակցություն։ Իհարկե, չէի ասի, թե նույն ճնշումն էր, ինչ 1995-ին (այն ժամանակ մի քիչ ավելի ուղղագիծ էր՝ միանգամից բանտ ու մեկուսարան), բայց այսօր էլ համակարգը եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մեծ մասով որոշակիորեն աշխատեց ՀՅԴ-ի դեմ։

Ինչ որ է, եթե էլի հումորով ասենք. խորհրդարանում մեր ձայները 800 տոկոսով ավելացան»։

Քարոզարշավի ընթացքում դաշնակցական առաջնորդների մեկ այլ կոչի վերաբերյալ իր պարզաբանումները խնդրեցինք։ «Վերցրեք բոլորից, բայց ձեր ձայնը տվեք միայն ՀՅԴ-ին»,- ասում էին, իսկ այժմ քրեական կապիտալով միամտացածների մասի՞ն են խոսում։ Ինչ է, թե մարդիկ նաեւ առավել պարկեշտ գտնվեցին ձայն տալով նրանց, ում փաստորեն վաճառել էին այն։

«Իրողություն էր, որ ձայները գնում էին, ընտրակաշառքներ բաժանում եւ այդ փաստի մի տեսակ սփոփանքն էր այդ կոչը՝ «Վերցրեք, բայց մի տվեք»,- պարզաբանեց Ռուբեն Հակոբյանը՝ նաեւ ուրիշի փոխարեն պատասխանելով, քանզի ինքը կարծեմ կաշառք վերցնելու եւ ուրանալու կոչեր չի արել։- Բայց չեմ կարծում, թե որեւէ մեկը կասկածում էր փող բաժանողների խելքին, որ նրանք վերահսկելու մեխանիզմներ չեն ունենա։ Նրանք բավական արհեստավարժորեն կարողացան իրենց փողն ամբողջությամբ հետ վերադարձնել ձայների տեսքով։

Դժբախտաբար, օրինաչափության հետ գործ ունեինք. սոցիալ-տնտեսական պայմանների արդյունքն էր, որ ժողովուրդն այդ քայլին դիմեց։ Վարչախումբն 8 տարի շարունակ հենց այնպես չէր գործել, այսօր հետեւանքներն ենք քաղում։ Այս ամենը միանգամից չձեւավորվեց՝ 8 տարվա մթնոլորտի արդյունքն էր, որ ծանր պայմաններում գտնվող մարդիկ իսկապես վերջում պիտի իրենց ձայները վաճառեին»։

Ուշադրություն դարձրեք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման մեկ տարին էլ ներառվեց «վարչախմբի» գործունեության շրջանակում, որն առեւտուրից ծնված այս խորհրդարանի պատճառ դիտվեց։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930