Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂ. ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԱՌԱՆՑ ՀԱՐՑԵՐԻ

Հոկտեմբեր 02,1999 00:00
naira melqumyan

Ի տարբերություն տղամարդկանց երկիր Հայաստանի, իսկական տղամարդկանց ծննդավայր Ղարաբաղի պետական այրերը հանդուրժում են իրենց շարքերում կնոջ ներկայությունը: Ավելին, երկու տարի է~՝ նրան են վստահում արտաքին քաղաքականության բարդ գործը:ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանի հետ կարգավորման առանցքային խնդիրների մասին նախընտրեցինք չխոսել, զի բոլորիս ծանոթ են: Ներկայացնում ենք նրա պատկերացումները հետեւյալ խնդիրների շուրջ:

Բոսնիան, Կոսովոն, Մոլդովան եւ մենք

Ցանկացած հակամարտության կարգավորում պետք է դիտել քաղաքական այն համատեքստում, որում գոյություն ունեն հակամարտության մեջ ներգրավված պետությունները, անկախ նրանից, ճանաչված են դրանք միջազգային հանրության կողմից, թե ոչ: Եվրոպայում գոյություն ունեցող հակամարտությունները կարծես մոտենում են կարգավորման վերջնական փուլին՝ լինի դա Բոսնիան թե Կոսովոն, ուր Արեւմուտքը ուժ կիրառեց, կամ Մերձդնեստրյան հանրապետությունը, ուր փորձ է արվում գտնել կարգավորման խաղաղ բանաձեւ: Մերձդնեստրյան փորձը հետաքրքիր է մեզ համար, բայց այս հակամարտության կողմերի քաղաքակիրթ հարաբերությունները անհամեմատելի են մեր տարածաշրջանում գոյություն ունեցող փոխհարաբերությունների հետ: Մոլդովայում բանակցային գործընթացը անընդհատ շարունակվում է, ընդ որում, թե՛ Ռուսաստանի եւ Ուկրաինայի, եւ թե՛ արեւմտյան շահագրգիռ երկրների միջնորդությամբ: Ես ծանոթ եմ նախագծերի հետ, որոնք արդեն ստորագրված են, կամ էլ պատրաստ են ստորագրության, եւ կարծում եմ, որ կգտնվի կարգավորման այնպիսի բանաձեւ, որն ընդունելի կլինի ե՛ւ Մոլդովայի, ե՛ւ Մերձդնեստրյան հանրապետության համար: Բոլոր հակամարտություններում մշակութային պատկանելության, երբեմն անհամատեղելիության խնդիր կա:

Այո, Ղարաբաղը եւ Ադրբեջանը թեեւ երբեմն հարկադրված էին միասին գոյատեւել, միշտ էլ տարբեր մշակութային բնակավայր ունեին, դա է նաեւ հակամարտության պատճառներից մեկը: Մենք Ադրբեջանի հետ արժեքների տարբեր չափանիշներ ունենք: Որքան էլ Ադրբեջանը ձգտի արեւմտյան մշակույթի ջատագով դառնալ, նրա վեստերնիզացումը սոսկ ձեւական բնույթ ունի, իրականում այս երկիրը հեռու է այն մակարդակից, որով փորձում է ներկայանալ աշխարհին:

Լիսաբոնից մինչեւ Ստամբուլ. արդյո՞ք ունենք դիվանագիտական հաջողություններ

Ընդհանրապես, կարգավորման բանաձեւ գտնելու ցանկացած փորձ միշտ էլ ուղեկցվում է հասարակության դիմակայությամբ: Անգամ ամենաչնչին զիջումները արմատական դիմադրության են հանդիպում: Տեսեք, ինչ քննադատության է արժանանում Ադրբեջանի նախագահ Ալիեւը, որը դեռեւս ոչ մի փոխզիջման չի գնացել: Ի՞նչ կարգավորման մասին կարող է խոսք գնալ: Ադրբեջանի հասարակությունը պատրաստ չէ Ղարաբաղի հետ խաղաղ համակեցության՝ ծայրահեղ անհանդուրժողականության դրեւորումները դա են վկայում: Անշուշտ կարգավորման բանաձեւերը, կամ նրանում տեղի ունեցող փոփոխությունները դեռեւս դիվանագիտական հաջողության վկայությունը չեն, բայց չի կարելի ասել, թե գործընթացը տեղից չի շարժվում: Դիվանագիտական աշխատանքը հակադիր կողմի հետ խնդիրներ լուծելը չէ միայն, դիվանագիտությունը միջազգային հանրության հասարակական-քաղաքական կարծիքի հետ հաշվի նստելն է նաեւ: Երբ մենք այսօր խոսում ենք կարգավորման գործընթացում որոշ առաջխաղացման մասին, առաջին հերթին միջազգային հասարակական-քաղաքական կարծիքը նկատի ունենք: Մեզ համար անշուշտ կարեւոր է առաջարկվող բանաձեւի ընկալումը Ադրբեջանի կողմից, բայց պակաս կարեւոր չէ նաեւ այն, թե ինչ է առաջարկվում այսօր: Լիսաբոնի գագաթաժողովից մինչեւ Ստամբուլում կայանալիք հանդիպումը երեք տարի է անցել, եւ մենք տեսնում ենք լուրջ փոփոխություններ հակամարտության կարգավորման ուղիների գիտակցության մեջ: Եթե նախկինում խոսքը գնում էր Ղարաբաղի բնակչությանը անվտանգության երաշխիքներ տալու մասին, ապա այժմ մենք խոսում ենք անվտանգության մասին, որը պետք է տրվի Լեռնային Ղարաբաղին իբրեւ ազգային-պետական կազմավորման: Դա, կարծում եմ, մեծ նվաճում է:

Ինչ ենք հասկանում այսօր, որ չէինք հասկանում երկու տարի առաջ

Համաձայն եմ, որ Հայաստանի ժողովուրդը ավելի հանդուրժող է դարձել առաջարկվող բանաձեւերի նկատմամբ, ես դա կապում եմ Հայաստանի ներկայիս ղեկավարության քաղաքականության հետ: Հայաստանը միանշանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքը լինելու մասին եւ հստակ ընդգծել զիջումների այն չափը, որը կարող ենք անել տարածաշրջանում խաղաղությ ան հաստատման համար: Այսօր խոսքը Ադրբեջանի ղեկավարությանն է, որը ոչինչ չի անում հասարակության գիտակցության մեջ խաղաղության անհրաժեշտության գիտակցությունը ամրացնելու համար: Ընդդիմադիր ուժերի հակահայկական հիստերիան, ծայրահեղ անհանդուրժողականությունը անհանգստացնում են այսօր ոչ միայն Հայաստանին, այլեւ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ մտահոգված երկրներին:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031