Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ՏԽՈՒՐ Է ԱԺ-ՈՒՄ

Հոկտեմբեր 15,1999 00:00
Azgayin joxov

ԱԺ-ում երեկվանից վերականգնվեց «հնուց» մնացած բրիֆինգներիավանդույթը։ Քանի որ քաղաքական կյանքը խորհրդարանում շատ հանդարտ ու անխռով է, խմբերի ու խմբակցությունների ասելիքն էլ համապատասխանաբար ձանձրալի ու կրկնվող է։

ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Լոքյանը դաշնակցականին վայել կասկածամտությամբ պատրաստվում է ԱԺ դատին ներկայացնել խմբակցության առաջարկը՝ ԱԺ-ում ստեղծել ֆինանսաբյուջետային առանձին վարչություն, որը կհստակեցնի նախարարությունների, գործակալությունների ներկայացրած թվերը։ «ԱԺ-ին անհրաժեշտ է աուդիտի կարգի վարչություն, որը յուրաքանչյուր տողի համար կտա իր հստակ գնահատականը»։ Ինչ վերաբերում է բյուջեին, ապա որպեսզի «լայն ազգաբնակչությունը» ծանոթանա ասենք՝ իր հիմնարկին հատկացված բյուջետային միջոցներին, ապա «կենտրոնական գրադարանում» կամ «հիմնարկությունում պիտի ունենանք պետական բյուջե»։ «Լայն ազգաբնակչության» յուրաքանչյուր ներկայացուցչի, որը ամիսներով աշխատավարձի երես չի տեսել, բյուջեի ընթերցանությունը, նիհիլիզմի գիրկն ընկնելուց բացի, որեւէ ձեւով չի սփոփի։ Սա՝ իմիջիայլոց։ Իսկ պրն Լոքյանը նաեւ հասցրեց ասել, որ «անկախ պատգամավոր» արտահայտությունն իր համար այնքան էլ հստակ չէ։ Սակայն, բնության մեջ նման երեւույթ, որքան մեզ է հայտնի, հանդիպում է։

«Իրավունք եւ միաբանությունը»՝ հանձինս Հրանտ Խաչատրյանի, դեռեւս տարտամ հույսեր ունի, թե նախորդները պատժվելու են։ «Այն ղեկավարները, որոնք ակնկալում են, թե նախորդ իշխանությունները հանցավոր են եղել, բայց գնահատական չեն տալիս, ամեն րոպե կարող են արդարանալ, թե իրենք գործում են հաստատված օրենքներով, որոնք շտկելու համար անհրաժեշտ է արտասահմանյան խորհրդակցություն, ժամանակ, մարդկային կյանքեր»։ Հիշվեց Տեր-Պետրոսյանի այն միտքը, թե անկախ պետություն կերտելու համար մեկուկես միլիոն բնակիչը բավարար է։ Այս թեզի իրականացումը նոր իշխանությունները, ըստ պրն Խաչատրյանի, շարունակում են։ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունները նա չի համարում քաղաքական (լուրջ) իրադարձություն. «Եթե տեղի ունենան արտահերթ բարձրագույն իշխանությունների ընտրություններ, տեղական ընտրությունները նոր կդառնան ամենակարեւոր իրադարձություն»։ Իր խոսքում պրն Խաչատրյանը չշրջանցեց սիրո թեման. «Լեւոն Տեր-Պետրոսյանի օրինակի վրա համոզվեցինք, որ մերոնք բռնում են մեկ դիվանագիտական գիծ, հետո՝ սիրահարվում այդ գծին եւ դա դարձնում կյանքի նպատակ։ Քիչ ժամանակ է մնացել համոզվելու, որ Ռոբերտ Քոչարյանը նույնպես սիրահարված է ընդհանուր պետության գաղափարին»։

Կոմկուսը «Պատգամավորի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով է հանդես եկել։ Ըստ Ֆրունզե Խառատյանի՝ ԱԺ-ի վերահսկողական ֆունկցիաները՝ գործող Սահմանադրությամբ, աղճատված են։ «Աշխարհում որեւէ այլ պառլամենտ չկա, ուր պատգամավորները կարող են հարցեր տալ կառավարությանը, եւ դրանք որեւէ իրավական հետեւանք չառաջացնեն։ Պարզապես ծիծաղելի են այդ հարցուպատասխանները։ Ըստ իս՝ կարծես ԱԺ-ից քավության նոխազ պատրաստելու նպատակ ունեն»։

Կոմկուսը կողմ է պահպանելու պատգամավորների անձեռնմխելիության սկզբունքը։ Սակայն. «Մեկին մարդասպանության մեջ են կասկածում, խափանման միջոցը չբացակայելու ստորագրությունն է, այդ դեպքում Բլեյանի՞ համար ինչու, որպես խափանման միջոց, կալանքն ընտրեցին»,- զարմացած էր պրն Խառատյանը։

«Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը ստիպված կլինի կառավարությանը դատի տալ, եթե կառավարությունը չեղյալ չհամարի բնակիչներից ապօրինաբար սպասարկման վարձ գանձելու որոշումը։ ԱԺՄ խմբակցության անդամ Արշակ Սադոյանն այս անգամ չխոսեց Բագրատյանի մասին, հետեւաբար չհիշատակեց վաղուց արդեն մահացած աներոջը։ Փոխարենն առաջարկեց պատասխանատվության կանչել նախկին վարչապետ Արմեն Դարբինյանին։ «Կայունություն» խմբի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը խորհուրդ տվեց չկասկածել, որ 2000 թ. բյուջեն կընդունվի. «Եթե 97-ինն ընդունվել է, սա էլ կընդունվի»։ Նա նաեւ ճշտեց, որ «Կայունությունը» «Միասնության» դուստր ձեռնարկությունը չէ եւ, որ իրենք, «համենայն դեպս, գոնե վարչապետին» հավատում են։ Դաշնակցական Աղվան Վարդանյանի այն հայտարարությանը, թե տեղական ինքնակառավարման ընտրությունները ԱԺ-ն պետք է վերահսկի, պրն Հովհաննիսյանը համաձայն չէր. «Կա օրենք, կա Սահմանադրություն»։ Իսկ գործադիր իշխանությունն, իր փորձից ելնելով, նա առաջարկեց պահել մամլիչի տակ։ «Միասնություն» դաշինքի քարտուղար Գագիկ Ասլանյանը նախ խոստացավ անկեղծ լինել ու անկեղծորեն էլ ասաց, որ «Միասնություն» դաշինքի շնորհիվ թե՛ հանրապետությունում, թե՛ ԱԺ-ի ներսում խաղա՜ղ, հանդա՜րտ (մի խոսքով՝ գորշ- Լ. Ա.) վիճակ է։ «Հանդարտ մթնոլորտը երեւում է քվեարկություններում, քննարկումներում»։ Թեեւ «Հանրապետական» կուսակցությունն ու ՀԺԿ-ն տեղական ինքնակառավարման ընտրություններին մեկ դաշինքով են մասնակցելու, սակայն կոնկրետ Կենտրոն համայնքի թեկնածուի հարցում դեռ համաձայնության չեն եկել։ Եթե այս դաշինքը նույնքան անկեղծ լինի, որքան պրն Ասլանյանն էր երեկ, չի բացառվում, որ ընդհանուր հայտարարի այդ հարցում այդպես էլ չգան։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031