Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՆԵՐԿԱՆԵՐՆ» ՈՒ «ՆԱԽԿԻՆՆԵՐԸ» ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Հոկտեմբեր 16,1999 00:00
zorakoch

1998 թ. Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով փլուզվեց բուրգաձեւ իշխանակարգը, որով պայմանավորված էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական կառուցվածքի համաչափությունն ու ենթակայության կարգը։ Այժմ ձեւավորվում է երկու Հայաստանների մի նոր բուրգաձեւ համակարգ, որով, հուսանք, կվերականգնվի նախկին ենթակայության կառույցը։

Եթե Հայաստանում իշխանափոխությունը, նախկին նախագահի շնորհիվ, անցավ մեղմ, ապա Ղարաբաղում լարվածությունն առ այսօր զգացվում է։ Հայաստանի իշխանափոխության արդյունքում երկիրն ունեցավ նոր նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներ, որոնցից ընդամենը երկուսն են բառիս բուն իմաստով «նոր իշխանություն»։ ԱԺ նախագահը եւ պաշտպանության նախարարը, մյուսները «հին» կադրեր են։ Հայաստանի նոր վարչապետի նշանակմամբ բանակի եւ նրա ղեկավարի դերը երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում հավասարվեց զրոյի (ինչպես եւ հարկն է քաղաքակիրթ երկրներում), փոխարենը բարձրացավ վարչապետի դերակատարությունը՝ դարձյալ պայմանավորված նրա անձով։ Այս առումով Ղարաբաղի իշխանափոխությունը տարբեր է՝ նախ բուն ընթացքի ավելի դրամատիկ դրսեւորումներով (զինվորականները բոլոր հնարավորություններն ունեին «չզիջելու» իշխանությունը, ինչը, բարեբախտաբար, չարեցին) եւ «ներկա-նախկին իշխանություններ» հասկացությունների բովանդակությամբ։ Ղարաբաղում, բարեբախտաբար, պաշտոնաթող չի եղել նախագահը, փոխվել է վարչապետը, պաշտպանության եւ ՆԳ նախարարները։ Բանակի քաղաքական դերը թեեւ զրոյի մակարդակի չիջավ, բայց նվազեց։ Ղարաբաղի, պայմանականորեն «նոր» իշխանակարգում «նոր մարդը» միայն վարչապետն է, որի հանդեպ, մեր տպավորությամբ, վերաբերմունքը համեմատելի է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հանդեպ հայաստանցիների համակրանքի հետ։

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով Ղարաբաղի զինվորականության՝ բանակի հրամանատար Սամվել Բաբայանի, հանդեպ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների վերաբերմունքին, համեմատում են նրան Ռուսաստանի, Բալկանների, Ադրբեջանի, Վրաստանի կարկառուն ռազմական դեմքերի հետ, որոնք սեփական ուսերի վրա իշխանական գահին բարձրացրին ներկայիս իշխանավորներին եւ այլեւս պետք չեղան։ Իրոք, անտիկ ժամանակներից հազարավոր նման օրինակներ կարելի է բերել եւ նման հրապարակումներում ճշմարտություն կա։ Բայց հակառակ օրինակներն էլ են բազում, երբ բարձրաստիճան զինվորականները, ստանձնելով շատ ավելի մեծ դերակատարություն, քան պաշտոնական դիրքով սահմանվածն է, սկսում են ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ չափազանց մեծ դեր ստանձնել, ինչը հաճախ եւս բերում է իշխանափոխության (Պակիստանի զինվորական հեղաշրջումը ամենաթարմ օրինակն է)։ Ղարաբաղին, մեր տպավորությամբ, հաջողվեց խուսափել հայաստանյան տարբերակից։ «Ինձնից ուզում էին Հուսեյնով դարձնել, բայց ես ո՞նց կարող էի գնալ իմ ժողովրդի դեմ»,- հավաստեց գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, որին մարդկայնորեն հասկանում եմ։ 34-ամյա այս տղամարդուն ծանրագույն պայմաններում հաջողվեց ապահովել Ղարաբաղի անվտանգությունը՝ անշուշտ, միանձնյա ջանքով չէ, ինչպես որ ջանում են ներկայացնել բանակի հրամանատարի, այսպես կոչված, բարեկամները։ Համոզված եմ, Ղարաբաղում, Հայաստանում ոչ ոք Սամվել Բաբայանի դերը չի նսեմացնում, թերեւս՝ չի էլ կարող։ Բայց կան իրողություններ, որոնց հետ կարելի է հաշտվել պատերազմի պայմաններում եւ անկարելի է՝ զինադադարից տարիներ անց։ «Ղարաբաղի բանակի հրամանատարը շատ պատվավոր պաշտոն է, եւ մենք կաշխատենք Սամվել Բաբայանի հետ այն շրջանակներում, որոնք պայմանավորված են նրա պաշտոնով»,- միանգամայն հասկանալի է նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի դիրքորոշումը։

Որոշ պարզաբանում մտցնելով Ղարաբաղի «նախկիններ-ներկաներ» փոխհարաբերություններում, ասենք, որ զինվորականությունը դեմարշ չի արել նախագահի դեմ, ինչպես որ փորձում են ներկայացնել հայաստանյան նույն լրատվամիջոցները. մեդալների հանձնման մանրամասներին չեմ անդրադառնում, ինչպես եւ խոստացել եմ Ղարաբաղի նախագահին եւ զինված ուժերի հրամանատարին։ Բայց ասեմ, որ ԼՂՀ պաշտպանության նախարարը՝ գեներալ-մայոր Սեյրան Օհանյանը, թե՛ զինվորականության եւ թե՛ բնակչության շրջանակներում մեծ հարգանք է վայելում, իսկ իր տեղակալները՝ գնդապետ Վիտալի Բալասանյանը եւ գեներալ-մայոր Ժորա Գասպարյանը («Գրադի Ժորա»), պատերազմի բովով անցած հայտնի հրամանատարներ են։ Այդուհանդերձ, մթնոլորտը լարված է, եւ ես, որ տարիներ ի վեր վարժվել էի Սամվել Բաբայանին, մյուս հրամանատարներին՝ առաջին շարքերում, նախագահի կողքին տեսնել պետական կարեւոր միջոցառումների ժամանակ, անմիջապես նկատել էի նրանց բացակայությունը. Արցախյան թեմի վերաբացման 10-ամյա տոնակատարություններին նրանցից ոչ ոք չէր եկել։ Ղարաբաղի Անկախության տարեդարձին զինվորականները եւս առանձին մասնակցեցին Պանթեոնում ավանդական պսակադրությանը եւ բացակայեցին մյուս տեղերից։ Հուսանք՝ որ միայն այս տարի…

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031