Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԸ ԵՐԵԿ ԱՄԲԻՈՆ ՉԲԱՐՁՐԱՑԱՎ

Նոյեմբեր 11,1999 00:00

Այն, որ երեկ նախատեսված ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը վաղօրոք ձեռք բերված համաձայնությամբ չէր կայանալու, գիտեին թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում։

Դա, սակայն չխանգարեց, որ նշված ժամին կառավարության անդամները (բացառությամբ Սերժ Սարգյանի) տեղ գրավեին ԱԺ նիստերի դահլիճում։ Ընդ որում՝ բացի վարչապետից եւ մեկ-երկու նախարարներից, կառավարության մնացած կազմը նախապատվությունը տվել էր դահլիճի վերջին շարքերին։

Կառավարությանը հարց ուղղել ցանկացողների թիվը մեծ չէր՝ զրո։ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի փութաջան հայտարարությունը, թե օրակարգը սպառված է, տեղին չէր, քանի որ խոսք էր նախապատրաստել ՀՀ վարչապետը։ Դա իմանալուն պես պրն Խաչատրյանը շտապեց վարչապետին իր հարգանքների հավաստիքը մատուցել եւ հիշեցնել, որ իրենք հին բարեկամներ են։

Ի դեպ, երիտասարդ վարչապետից իրենց գորովալից հայացքները չէին կտրում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու պետական ենթակառուցվածքների նախարար Վահան Շիրխանյանը։ Սա վարչապետի առաջին հրապարակային ելույթն էր։ Նա ԱԺ խմբերի ու խմբակցությունների նախարարների հետ հանդիպում նշանակեց իր ելույթից անմիջապես հետո՝ խոստանալով նրանց հայտնել իր գնահատականը ստեղծված կացության վերաբերյալ, շարադրել կառավարության քաղաքական ուրվագծերը առաջիկա շոշափելի ժամանակահատվածի վերաբերյալ։ Ապա եւ կարծիք հայտնեց, թե ԱԺ-կառավարություն համագործակցության, իշխանության այս երկու թեւերի քաղաքական դերակատարման վերաբերյալ ասելիք երկուստեք կա։

Հանդիպմանը՝ բացի ԱԺ խմբերի ու խմբակցությունների նախագահներից ու անդամներից, ներկա էին պաշտպանության, պետական ենթակառուցվածքների, տարածքային կառավարման նախարարները։ Այս հանդիպումը վարչապետը գնահատեց որպես «կառավարություն-ԱԺ համագործակցության կարեւորագույն իմաստավորում՝ ներքաղաքական հետագա զարգացումների ենթատեքստում»։

Վազգեն Սարգսյանի կառավարության եւ «Միասնություն» դաշինքի առջեւ դրված խնդիրները նոր վարչապետը համարեց իր եւ «ի՛ր կառավարության» քաղաքական գիծը։ Արամ Սարգսյանը շեշտեց, որ «Միասնությունը» կառավարության քաղաքական հենարանն է, սակայն կառավարությունը պատրաստ է համագործակցել նաեւ ԱԺ մյուս խմբերի ու խմբակցությունների հետ։

Հոկտեմբերի 27-ը, ըստ նրա, սասանեց մեր երկրի միջազգային հեղինակությունը, սակայն ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի։ Վարչապետը միանգամայն բացատրելի համարեց «հայոց բանակի ազնիվ պոռթկումն այդ ողբերգությունից հետո։ Կարծում եմ՝ բանակը որոշ առումով այդ օրերին կայունացնող գործոնի դեր կատարեց։ Բայց եւ ակնհայտ է, որ երկրի քաղաքական եւ քաղաքացիական ինստիտուտներն իրենց որակներով պետք է վստահություն ներշնչեն հանրության, այդ թվում բանակի մեջ, որպեսզի բացառվի բանակի կողմից քաղաքական պատասխանատվություն ստանձնելու, հետեւաբար նաեւ քաղաքականությամբ զբաղվելու որեւէ անհրաժեշտություն։ Շեշտում եմ, որ բանակը չպետք է խառնվի ներքաղաքական գործընթացներին եւ, ինչպես ասում են, պետք է մնա զորանոցում»։

Նա պաշտոնապես հայտարարեց, որ առաջիկա 4 տարվա ընթացքում կառավարությունը չի ավելացնի հարկերը եւ այլ պարտադիր վճարները, ավելին՝ կաշխատի հարկային համակարգը պարզեցնել։ Մինչեւ 2000 թ. մայիսը նա խոստացավ պատրաստել կոռուպցիայի դեմ ծրագիրը՝ առանց նայելու անձերին եւ նրանց դիրքին։

Եզրափակելով իր խոսքը՝ նա խոստացավ չարծարծված այլ խնդիրներին անդրադառնալ առաջիկայում ԱԺ-ին ուղղված Քաղաքական ուղերձում։

Այս հանդիպումից հետո Արամ Սարգսյանն առանձին հանդիպում ունեցավ ԱԺ «Միասնություն» խմբակցության եւ «Կայունություն» խմբի հետ։

Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ այդ հանդիպման ժամանակ վարչապետին խոստացվել է քաղաքական աջակցություն, նշվել, որ կառավարության ձեւավորման մեջ ԱԺ մեծամասնությունը պետք է իր դերն ունենա։ Ի դեպ, արդեն մի քանի պատգամավորների, մասնավորապես ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանին, գործադիր իշխանություն տեղափոխելու հարց է բարձրացրել։ (Ինքը՝ պրն Խաչատրյանը, որեւէ պարզաբանում այս կապակցությամբ չցանկացավ տալ)։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930