Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՆԻ՞ ԻՐԱՎՈՒՆՔ

Նոյեմբեր 11,1999 00:00
Viktor dallaqyan

Խորհրդարանի լիազորությունների ընդլայնման անհրաժեշտությունը եւ, հակառակը, հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու միջոցով նեղացնելը ԱԺ պատգամավորների մի մասը համարում է խիստ անհրաժեշտ։

Դրան շուտով ձեռնամուխ կլինի ԱԺ պետաիրավական հանձնաժողովը, որի նախագահ երեկ դարձավ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։ Նրանից էլ ճշտեցինք՝ հանձնաժողովը պատրաստվո՞ւմ է սահմանադրական փոփոխություններ իրականացնելիս նկատի առնել ՀՀ նախագահի լիազորությունների կրճատումը, եթե այո՝ կոնկրետ ո՛րոնք։

-Ես կարող եմ իմ անձնական տեսակետը արտահայտել։ Գործող Սահմանադրությամբ՝ անկախ հանրապետության նախագահի անձից (ես մեծ հարգանք ունեմ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ), նախագահի լիազորությունները հակասում են հենց Սահմանադրության սկզբունքներին։ Օրինակ՝ Սահմանադրությամբ գոյություն ունի իշխանությունների տարանջատման սկզբունք, բայց հանրապետության նախագահը, որը գործադիր իշխանության ներկայացուցիչն է՝ գործադիր իշխանության մյուս թեւի՝ արդարադատության նախարարության միջոցով նշանակումներ է անում կապված դատավորների հետ։ Այսինքն՝ գործադիր իշխանությունը մասնակցում է դատական իշխանության ձեւավորմանը, որը Սահմանադրությամբ արգելված է։ Այս լիազորությունը պետք է վերացնել։ Մյուսը՝ ՀՀ նախագահը, խորհրդակցելով վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ, կարող է լուծարել ԱԺ-ն։ Նշանակում է՝ զանգահարել վարչապետին, զանգահարել ԱԺ նախագահին, եթե նրանք դրական էլ պատասխանեն, բացասական էլ, երկու դեպքում ՀՀ նախագահը կարող է ԱԺ-ն լուծարել։

ԱԺ լուծարման ինստիտուտը միայն մեկ դեպքում կարող է գործել, եթե ԱԺ-ն անգործունակ է, այսինքն՝ նիստեր չի կայացնում։ Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա նախագահը կարող է լուծարել ԱԺ-ն այն տրամաբանությամբ, որ ինքն էլ նշանակում է ԱԺ ընտրություններ։

Հաջորդը՝ Երեւանի քաղաքապետը պետք է լինի ընտրովի, իսկ համայնքների ղեկավարները պետք է լինեն նշանակովի։ Իսկ գործող Սահմանադրությամբ՝ Երեւանի քաղաքապետին նշանակում է ՀՀ նախագահը։ ՀՀ նախագահի կողմից վարչապետի նշանակման եւ կառավարության ձեւավորման պրոցեդուրան պիտի փոխվի։ Վարչապետի եւ կառավարության նշանակումը պետք է ՀՀ նախագահը ներկայացնի ԱԺ հաստատմանը։

Այսինքն՝ նախագահի ներկայացմամբ՝ կառավարությունը պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից։ Մյուս շաբաթվա ընթացքում պրն Դալլաքյանը պատրաստվում է դիմել խմբերի ու խմբակցությունների նախագահներին՝ ճշտելու ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական փոփոխություններ պատրաստող հանձնաժողովի աշխատանքներին իրենց մասնակցության եղանակը։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930