Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ

Փետրվար 17,2000 00:00
harcum

ՀՅԴ Բյուրոյի նոր ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Դրոշակին» տված հարցազրույցը բավարար համարելով՝ Դաշնակցությունը կարծես մտադիր չէ մամուլի ասուլիս հրավիրել կամ որեւէ այլ կերպ բավարարել թերեւս ժողովի գերգաղտնի ընթացքով պայմանավորված հետաքրքրությունները։ Մինչդեռ Ընդհանուր ժողովից հետո պարզաբանում ակնկալող հարցադրումները բավական շատ են։ Ասենք, իրոք, կարելի՞ է լուծված համարել հայաստանակենտրոնության հարցը, եթե Բյուրոյի կենտրոնական գրասենյակի վայրն ընտրվել է Երեւանը։ Ըստ ամենայնի, սա նշանակում է, որ այսուհետ Բյուրոյի լիագումար հավաքները, Դիվանի նիստերը՝ մի խոսքով, ընթացիկ ողջ աշխատանքը կենտրոնանալու է Հայաստանում։ Սակայն արդյոք նոր Բյուրոյի արտասահմանցի 7 անդամները տեղափոխվելո՞ւ են Հայաստան բնակության։ Կարող ենք ենթադրել, որ այս հարցը դժվար թե դրական լուծում ստացած լինի։ Չէ՞ որ ՀՅԴ Բյուրոյի արդեն նախկին անդամներ Մարտուն Մաթեւոսյանն ու Մասիս Բաղդասարյանն էլ Երեւանից Բեյրութում չէին վերաբնակվել, երբ այնտեղ էր Կենտրոնական գրասենյակը։

Ի դեպ, սա էլ է հետաքրքրական, որ չվերընտրվեց վերջին տասնամյակում Բյուրոյի մշտական անդամ Մասիս Բաղդասարյանը։ Բայց դե նախորդ կազմից էլ ընդամենը 3-ը (Կարո Արմենյանը, Մարիո Նալբանդյանը եւ Վիգեն Հովսեփյանը) այս անգամ վերընտրվեցին եւ որ ամենահետաքրքիրն է՝ Բյուրոյում չմնաց նախկին ներկայացուցիչ Բենո Թոնդյանը։ Կարծեմ, սա աննախադեպ երեւույթ է։ Ու բացատրությունները թերեւս սրանք են, որ Բյուրոյի նախկին կազմին այդպես էլ չներվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ սեպարատ բանակցությունները, «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ հայտարարված բոյկոտը խախտելը, Պատասխանատու մարմնի ձեւավորումը՝ մի խոսքով, այն համաձայնողականությունը, որ բնորոշ էր Բյուրոյի նախորդ կազմի քաղաքական կուրսին։ Այս ամենն ուղղակի միայն երկու տարի անց դրսեւորվեց, քանի որ ՀՅԴ-ին բնորոշ չեն արտահերթ ընտրություններն ու կտրուկ քայլերը։

Գուցե թե սխալվում ենք ենթադրությունների մեջ, որ բացառված չէ քննարկումների եւ պատճառահետեւանքային կապի լիակատար գաղտնիության այս պայմաններում։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829