Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2000 00:00

«ԽԵՂՃՈՒԹՅԱՆ» ՀՈՄԱՆԻՇԸ «ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ» Է Եթե նույնիսկ պատմությունը այնքան երախտամոռ գտնվի, որ չգնահատի դատախազության կողմից Աշոտ Բլեյանին կցված «տրոյկայի» /առայժմ պայմանականորեն նրանց «մեղադրող» ենք ասում/ վաստակած «գրիժան», Ռոբերտ Քոչարյանը «մեշոկ պապի» տոպրակից, վաղ թե ուշ, մի քանի պլպլան շքանշան էլ նրանց կուղարկի, որ կախեն դոշներից: Փաստորեն, ահա այս «տրոյկան», թեկուզեւ՝ Աշոտ Բլեյանի մի փութ մեղրով չուտվող վիրավորանքները «արժանապատվորեն» կուլ տալով, թեկուզեւ՝ հուսահատ համառությամբ, թեկուզեւ, ոնց որ մեր տատիկները կասեին՝ փեշը երեսին կարած, բայց կատարեց ստվերային իշխող կուսակցության /ՀՅԴ/, ստվերաճաճանչափայլ /Սերժ Սարգսյան/ ու արեւաճաճանչափայլ /Ռոբերտ Քոչարյան/ նախագահների պատվերը: «Տրոյկան» ութ տարվա ազատազրկման պահանջը դրեց դատավորի սեղանին, Իսկուհի Վարդանյանին ասաց. «Մենք մերն արեցինք, թե դու տակից ոնց դուրս կգաս, էդ էլ քո պրոբլեմն է», ու գնաց՝ «առնական» ուսը դեմ տալու տերերին, որ թփթփացնեն: Եվ արդեն երկրորդ շաբաթն է լրանում, ինչ դատավոր Իսկուհի Վարդանյանը տերերի պատվերի ու Գինեսի գրքին արժանի «սարքած գործի» հետ մնացել է մեն-մենակ: Ու բոլորիցս լավ գիտի՝ չի կարող հավերժ թաքնվել փրկարար խորհրդակցական սենյակում: Ուզի-չուզի, մի օր պիտի դուրս գա այնտեղից ու դատարանի դահլիճում կարդա դատավճիռը: Աշոտ Բլեյանը նրան ելք է հուշել. «Ժանտախտը չի կաշառվում: Նրա դեմ պայքարելու միակ ձեւը պարկեշտությունն է» /Ա. Բլեյան. «Բլեյանի գործ. քրեական ֆոլկլոր կամ մեծ աղմուկ ոչնչից»/: Հուշելը հուշել է, սակայն քանի որ մեր երկրում պարկեշտությունն ու պաշտոնը իրար հետ ընդհանուր եզրեր ունեն այնքան, որքան Եվրախորհրդի անդամ դարձած ներկայիս Հայաստանը՝ եվրոպական ընտանիքի հետ, ուրեմն՝ տիկին դատավորի վիճակը, մեղմ ասած, նախանձելի չէ: Ո՞ր ուղին կընտրի Իսկուհի Վարդանյանը. խորհրդակցական սենյակում «դեգերող» նրա հոգում անաթոռ պարկեշտությու՞նը կհաղթի, թե՞ առժամանակ «մի կտոր հացը» չկորցնելու «ազնիվ» մղումը: Առժամանակ, որովհետեւ ինքն էլ է հասկանում, որ այս իշխանություններն էլ են մի օր վերջապես իջնելու այս ժողովրդի վզից, ու քանի որ Աշոտ Բլեյանի համառությունը սահմաններ չի ճանաչում, նա չի ներելու բոլոր նրանց, ովքեր իրեն զրկել են ազատությունից: Ես լավատես չեմ. Իսկուհի Վարդանյանի հոգին հանգստություն չի գտնի: Աշոտ Բլեյանը վերոբերյալ գրքում, որպես վերջին խոսք, գրել է. «Ես ձեզ ներում եմ, քանզի դուք ոչ թե չար եք, այլ խեղճ»: Իսկ եթե դա ճիշտ է, ապա խեղճությունից մինչեւ չարություն՝ կես քայլ է: Խեղճերը միայն ենթարկվում են: Այսօր Հայաստանում չարի թագավորություն է, եւ Իսկուհի Վարդանյանը դատապարտված է ենթարկվել չար ուժի կամքին: …Խե՜ղճ Իսկուհի Վարդանյան… ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել