Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՈՂ ԱՎԱԳՅԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽՐԱՆՔԸ

Փետրվար 01,2001 00:00

ՄԵՂԱԴՐՈՂ ԱՎԱԳՅԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽՐԱՆՔԸ Նախորդ օրվա մեղադրական ճառը երեկ ԼՂՀ գերագույն դատարանում ավարտվեց նրանով, որ «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քր. գործով մեղադրող Ավագյանը հանդես եկավ միջնորդությամբ. այն է Սամվել Բաբայանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Նույնքան պատժաչափ առաջարկվեց ե՛ւ Սասուն Աղաջանյանի, ե՛ւ Լեւոն Միրզոյանի համար։ 14 տարի ազատազրկում միջնորդվեց Էրիկ Փարամազյանի, 10 տարի՝ Դավիթ Ղուլյանի եւ 8 տարի՝ Գառնիկ Ծատրյանի համար։ 5 տարի (պայմանական) առաջադրվեց միաժամանակ 8 ամբաստանյալների (Վարուժան Մելքումյան, Ալբերտ Առուստամյան, Խաչատուր Պետրոսյան, Արմեն Անտոնյան, Գագիկ Ահարոնյան, Հենրիկ եւ Վալերի Ծատրյան, Արմեն Մուսայելյան), 6 տարի պայմանական «շնորհվեց» Արարատ Մուսայելյանին, իսկ ամենաքիչը՝ 2 տարի պայմանական Լիբանանի քաղաքացի Վարդան Թաշճյանին։ «Ինձ Բաբայանն անձամբ ոչ մի անգամ, ոչ մի բան չի ասել, նախագահին սպանելու վերաբերյալ կոնկրետ հանձնարարաություն չի տվել, ինձ այդ մասին ասել է Սասունը»,- սա Էրիկի դատաքննական ցուցմունքն էր, ինչը ամենեւին չէր խոսում իշխանությունը քայքայելու եւ թուլացնելու օգտին։ Իսկ Սասուն Աղաջանյանն իր 26.12.2000 թ. դատաքննական ցուցմունքում ասում է. «Հեռուստատեսության նախագահը հայտարարել է, թե թուրքեր են մեր մեջ շրջում եւ քանի որ գումարտակից հեռացել էի, ազդվել էի եւ որոշել նախագահին վախեցնել, սպանելու հարց չի եղել։ Ո՛չ Էրիկն է իմ պատճառով մասնակցել եւ ո՛չ էլ ես նրա պատճառով։ Միասին որոշել ենք ու արել, տղաներն էլ մեր հետ համաձայնել են։ Նախագահի վրա կրակելով՝ ես պետությունը քայքայելու նպատակ չեմ ունեցել, ցանկացել եմ միայն վախեցնել»։ Մեղադրողները, ըստ էության, պաշտպանեցին իրենց մեղադրանքը, իսկ փետրվարի 13-ին իրենց պաշտպանական ճառերով հանդես կգան ամբաստանյալների պաշտպանները։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել