Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ 3 ԱՄՍՈՒՄ «ԿՈՓՎԵՑԻՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Փետրվար 21,2001 00:00

ԻՆՉՊԵՍ 3 ԱՄՍՈՒՄ «ԿՈՓՎԵՑԻՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ Փետրվարի 19-ին խորհրդարանը քվեարկությամբ հաստատեց, որ չի ցանկանում վերստին ընդունել ՀՀ նախագահի առարկություններով եւ առաջարկություններով վերադարձված «ԱԺ կանոնակարգ» օրենքը։ Ամենահետաքրքիրն այն է, որ «դեմ» էին քվեարկել նաեւ այն պատգամավորները, որոնք դեկտեմբերի 6-ին, երբ ԱԺ կանոնակարգն ընդունվում էր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ՝ քվեարկել էին «կողմ»։ Ահա նրանք՝ Պարույր Կարապետյան, Լեւոն Սարգսյան, Կիմ Բալայան, Խաչատուր Սուքիասյան, ե՛ւ 14, ե՛ւ 35 ընտրատարածքների Հակոբ Հակոբյաններ, Նապոլեոն Ազիզյան, Վահագն Գրիգորյան, Երեմ Կարապետյան, Տարոն Սահակյան, Հրանուշ Հակոբյան, Հարություն Մուրադյան, Մարտուն Մաթեւոսյան, Կարեն Կարապետյան, Վռամ Գյուլզադյան, Մուշեղ Հարությունյան, Վարդան Այվազյան, Վրեժ Շահգելդյան, Վարդեւան Գրիգորյան, Վարդգես Մաթեւոսյան, Գագիկ Մելիքյան, Վարդան Մկրտչյան, Տիգրան Թորոսյան, Գագիկ Մինասյան, Գալուստ Սահակյան, Վազգեն Խաչիկյան, Գառնիկ Բադալյան, Արմեն Հակոբյան, Համլետ Հարությունյան, Ռուդիկ Հովսեփյան, Ալվարդ Պետրոսյան, Մուշեղ Միքայելյան, Աղվան Վարդանյան։ Հավելենք վերոթվարկյալներին այն պատգամավորներին, որ երկուշաբթի ուղղակի ձեռնպահ մնացին (33-ը) կամ փախան քվեարկությունից։ Այսպիսով, դեկտեմբերի 6-ին 90 «կողմ» ձայնով եւ 1 «դեմով» ընդունված կանոնակարգին փետրվարի 19-ին ընդամենը 26-ը «կողմ» քվեարկեցին։ Ինչ կարելի է եզրակացնել այս ամենից։ Ենթադրություն թիվ 1. որ դեկտեմբերի 6-ին նրանք առանց հասկանալու եւ կարդալու էին ընդունել խորհրդարանի «Աստվածաշունչը»։ Եվ միայն, երբ իրավաբանները բացեցին նրանց աչքերը՝ նոր հասկացան, թե որքան տեղ-տեղ անհեթեթ օրենք են ընդունել։ Ենթադրություն թիվ 2. քանի որ նախագահ Քոչարյանի քիմքին հարմար չէին եկել այս կանոնակարգի որոշ դրույթներ եւ նրա վետոն էլ չընդունվեց, գործի դրեց իր ձեռքի տակ եղած կոճակները։ Հո պատահական չէ, որ վերոհիշյալ ցուցակում տեղ են գտել ՀՅԴ-ի, «Կայունության» եւ գործարար գրեթե բոլոր պատգամավորները։ Իսկ «Օրինաց երկրի» եւ ԱԺՄ-ի ներկայացուցիչներն էլ այս կամ այն կերպ խուսափեցին որոշակի քվեարկությունից։ Մի հանգամանք մեզ ստիպում է ընտրել երկրորդ ենթադրությունը. նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը փետրվարի 19-ի քվեարկությունից անմիջապես հետո ցանկացավ ծանոթանալ այս քվեարկության արդյունքներին։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել