Լրահոս
Օրվա լրահոսը

Ակամայից

Փետրվար 22,2001 00:00

ՈՐ ԻՄԱՆԱՄ ԻՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ ԱՍԵՄ՝ ԿԱՍԵ՛Մ Ակամայից սա մտաբերեցինք կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ լսելով «Հոկտեմբերի 27»-ի գործին տեր կանգնելու առնչությամբ Անդրանիկ Մարգարյանի հարցը. «Ես ի՞նչ պիտի անեմ»։ «Միասնության» ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանություններ խնդրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից, թե իրոք նա հնարավո՞ր է համարել սահմանափակել «Հոկտեմբերի 27»-ի դատավարության հրապարակայնությունը։ Քանի որ նրա պատասխանից հետո էլ հարցականներ մնացին, «Առավոտը» հավելյալ մեկնաբանություններ խնդրեց արդարադատության նախարարից։ Բայց այդ մասին քիչ հետո։ Նախ ներկայացնենք հարցուպատասխանի ընթացքում Մյասնիկ Մալխասյանի եւ Անդրանիկ Մարգարյանի երկխոսության առավել հետաքրքրական հատվածները։ «Հայաստան» խմբի ղեկավարին մասնավորապես հետաքրքրում էր. «Արդյոք կառավարությունը պատրա՞ստ է տեր կանգնել այդ դատավարությանը եւ հետամուտ լինել, որ այն արդար վարվի»։ Վարչապետն էլ մասնավորապես այսպես արձագանքեց. «Հարկավոր չէ ուղղակի հերթապահ լոզունգային բառեր ասել, թե մենք բոլորս պարտավո՛ր ենք, պե՛տք է, կանե՛նք։ Յուրաքանչյուրը պիտի ասի, որ ասում ենք՝ կարող ենք անել՝ ի՞նչ ենք անելու, ինչի՞ դեմ ենք անելու եւ հանուն ինչի՞ ենք անելու։ Բոլորս էլ ասում ենք, որ բոլորս տեր ենք. այդ տեր լինելն ինչո՞վ է արտահայտվում։ Ես ի՞նչ պիտի անեմ։ Եթե ինչ-որ մի բան որպես վարչապետ, ՀՀԿ անդամ չեմ անում՝ մեծ հաճույքով կամ էլ սրտի ցավով կլսեմ եւ կասեմ, որ, այո՛, այս բանը պիտի անեի, բայց չկարողացա»։ Վարչապետը համենայն դեպս խոստացավ, թե կառավարությունը ոչ մի քայլ չի կատարի, որ խաթարվի դատավարության հրապարակայնությունը։ Այս հայտարարությանն անդրադարձանք արդարադատության նախարարի հետ զրույցի ընթացքում։ Բայց նախ ներկայացնենք, թե Դավիթ Հարությունյանն ինչպես պատճառաբանեց, որ հենց «Հոկտեմբերի 27»-ի գործի ցուցմունքների վերաբերյալ միայն տեղեկատվություն հրապարակելու խնդիր առաջացավ. «Մյուս դատավարությունների վերաբերյալ այդպիսի կարծիք չեմ հայտնել, որովհետեւ որեւէ մեկը մյուս դատավարությունների վերաբերյալ այդ հարցն ինձ չի տվել։ Ես իսկապես արտահայտել եմ միայն իմ կարծիքը»։ Արդարադատության նախարարը վկայակոչեց Հռոմի 1950 թ. կոնվենցիան, ըստ որի՝ հրապարակայնությունը կարող է սահմանափակվել, եթե, դատավորի կարծիքով, այն առանձնահատուկ հանգամանքների բերումով, կարող է խոչընդոտել արդարադատության շահերին։ Մեր զրուցակիցը թերեւս վստահ էր, որ այս դեպքում գործ ունենք հենց առանձնահատուկ հանգամանքների հետ. «Սա այն դատավարությունն է, որտեղ շատերի մոտ կա մտահոգություն, որ գործը մինչեւ վերջ բացահայտված չէ։ Եվ հատկապես այս տեսանկյունից շատ կարեւոր է, որ վկաների ցուցմունքները լինեն հնարավորինս չենթարկված որեւէ այլ կարծիքի»։ Ընդսմին, պրն Հարությունյանը շեշտեց, որ այս գործով դատակոչվելիք անձինք միայն հոկտեմբերի 27-ին դահլիճում ներկաները չեն։ Ուստի, տեղին չէ այն դիտարկումը, թե այս դեպքում վկաների ցուցմունքները պայմանավորված չեն մեկը մյուսով։ Եթե դատարանն իրոք ընդունի նիստերի լուսաբանման սահմանափակման վերաբերյալ նման որոշում՝ ի՞նչ մեխանիզմներով պիտի լրատվամիջոցներին արգելեն հրապարակել ցուցմունքները՝ մեր այս հարցին ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց. «Մեխանիզմը հետեւյալն է, որ դատարանի որոշումները պարտադիր են ցանկացած անձի համար։ Խախտման համար նախատեսվում է պատասխանատվություն»։ Նա նաեւ կարծում էր, որ դատարանը կարող է ընդհանուր ձեւակերպել, թե ինչ ծավալով է հնարավոր համարում ցուցմունքների հրապարակումը։ Արդարադատության նախարարը համաձայնեց վարչապետի վերոհիշյալ հայտարարությանը եւ ինքն էլ խոստացավ, որ կառավարությունը նման որեւէ քայլ չի անի։ Բայց մեր հարցին՝ եթե իրոք նման որոշում կայացվի, չի՞ կարծում, որ սրանով իսկ կխաթարվի դատավարության հրապարակայնությունը, Դավիթ Հարությունյանը հաստատական պատասխանեց. «Իհարկե, ճիշտ եք ասում։ Բայց կա երկու սկզբունք՝ հրապարակայնության եւ արդարադատության։ Եվ եթե այդ սկզբունքների միջեւ կա բախում՝ պետք է կողմնորոշվել, թե որ մեկն է գերակա։ Միջազգային փաստաթղթերում շատ հստակ նշված է, որ դատավարության ժամանակ առաջնայինը արդարադատության սկզբունքն է եւ հրապարակայնությունը կարող է ստորադասվել։ Բայց սա չի նշանակում հրապարակայնության ամբողջական սահմանափակում։ Խնդիրն ընդամենը շատ նեղ մի հարցի է վերաբերում եւ այս առումով, այո՛, կարող է սահմանափակվել»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել