Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ ՀՈՍՊԻՏԱԼԻ ՇՈՒՐՋ

Փետրվար 23,2001 00:00

ՊՆ ՀՈՍՊԻՏԱԼԻ ՇՈՒՐՋ «Առավոտում» շարունակում են հնչել հեռախոսազանգերը ազատամարտիկներից, զինծառայողներից, որոնք բուժվել են ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալում եւ մեր հրապարակումներից են տեղեկացել, որ մի քանի բաժնի վարիչների միաժամանակ ազատել են աշխատանքից։ Հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում անցյալ նոյեմբերից մինչեւ դեկտեմբեր բուժման կուրս է անցել 65-ամյա Մերուժան Ադամյանը, որը երեկ մեր զրույցի ժամանակ ասաց. «Բաժանմունքում մեռյալ ժամ է կարծես։ Ես Ձեր թերթից տեղեկացա, որ աշխատանքից ազատել են բաժանմունքի վարիչ Արմինե Սերոբյանին։ Խնդրում եմ հրապարակեք իմ մտահոգությունը։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես են ճանապարհ ցույց տալիս այդ կարգի մասնագետներին։ Ո՞ւմ դիմենք նրանց աշխատանքում վերականգնելու համար»։ Մինչ այս, Դավիթաշեն համայնքի առաջին ատյանի դատարանը կողմերին (բժիշկների հայցն է ընդդեմ ՊՆ-ի) տվել է հաշտության եզրեր գտնելու ժամանակ։ Անցել է մեկ շաբաթ, սակայն պաշտպանության նախարարությունից որեւէ մեկը չի հանդիպել հայցվոր սպաների հետ։ Ազատամարտիկներից Ա. Հայրապետյանի վերաբերմունքն այս էր. նա արձագանքելով հոսպիտալում ստեղծված իրավիճակին, հարցնում էր. «Կարո՞ղ է կլինիկան սեփականաշնորհվել է։ Այդ դեպքում բանակն ո՞ւմ սեփականությունն է»։ Կլինիկական հոսպիտալի մեր աղբյուրը երեկ հայտնեց, որ այս փետրվարի 17-ին, ժամը 20-ի սահմաններում իր հիվանդասենյակում ծեծի է ենթարկվել փոխգնդապետ Մ. Զաքարյանը (հիվանդասենյակ ապօրինի ներխուժած անձի կողմից)։ Այս լուրը լրացուցիչ ճշտելու համար փորձեցինք կապվել ՊՆ լրատվական ծառայության հետ։ Հեռախոսազանգերին պատասխանող չեղավ։ Նույն նյարդաբանական բաժանմունքում այսօր աշխատում է մեկ նյարդաբան եւ հոգեբույժ, իսկ Ա. Սերոբյանի տեղը թափուր է… Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել