Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ժամանակի մարդիկ

Հոկտեմբեր 05,2002 00:00

Մեր ժամանակի մարդիկ Pop-art-ից մշակույթ. Հրաչ Քեշիշյան Երբ ասում են, թե անկախության տարիներին Հայաստանում մշակույթն անկում է ապրել, չեն ստեղծվում արժեքներ, չկան գործիչներ, ինքս գրեթե միշտ եւ ինքնաբերաբար առարկում եմ. «Իսկ Հրաչ Քեշիշյա՞նը»: Իհարկե, Հրաչը հեռուստատեսությունում է, իսկ դա ավելի pop-art է, քան մշակույթ: Այդուհանդերձ առաջինը Հրաչն է հիշատակվում, ահա թե ինչու: Խորհրդային Հայաստանում ապրել եւ ստեղծագործել են մարդիկ, որոնք ընկալվել են իրենց ասպարեզի մեծություններ՝ Գոհար Գասպարյան, Փափազյան, Մինաս, Հրանտ Մաթեւոսյան, Տերտերյան եւ այլն: Բայց անկեղծ լինելու դեպքում հայաստանցի գործիչը, որ երեւույթ էր հիրավի աշխարհի համար՝ Արտավազդ Փելեշյանն է: Նա համաշխարհային կինեմատոգրաֆում սկզբնավորեց մոնտաժի եղանակը, որ այդպես էլ կոչվում է փելեշյանական: Կինեմատոգրաֆը Փելեշյանին է պարտական մոնտաժային տեխնիկայի՝ արվեստի վերածվելու համար: Իսկ Փելեշյանից հետո եթե կա Հայաստանում մեկը, ով ոճ ունի մարդկային միտքն ու մոնտաժի արտահայտչականությունը իբրեւ արվեստ ներդաշնակելու՝ Հրաչ Քեշիշյանն է: Համարյա ինչպես ձեռագիր: Համարյա իբրեւ ներուժ՝ Փելեշյանի հետեւորդն ու հաջորդը լինելու: – Հրաչ, եթե ԽՍՀՄ-ը չփլուզվեր, դու դառնում էիր ռադիոֆիզի՞կ: – Երեւի թե՝ այո: Մեր կուրսը էքսպերիմենտալ կուրս էր, եւ մեզ պատրաստում էին իբրեւ գիտա-հետազոտական ինստիտուտների ապագա ղեկավարներ: – Որեւէ մեկը ձեր կուրսից այդ կոչմանը հասա՞վ: – Իհարկե: Վահեն, օրինակ, Սան Ֆրանցիսկոյում այժմ ինստիտուտ է ղեկավարում, պրոֆեսոր է: Հայկը Լեհաստանում է, պաշտպանել է դոկտորական թեզ, դարձյալ գիտական ղեկավար աշխատանքի է: Իմիջիայլոց, 1989-ին մենք 3-րդ կուրսում էինք, ԽՍՀՄ-ից Լեհաստան ուսանողների գործուղումներ եղան, մեր կուրսից էլ մեկնեցին, հետո արդեն, երբ պետք է վերադառնային, այլեւս ԽՍՀՄ-ը չկար եւ ստացվում էր, որ վերադառնալու են դեպի անորոշություն: Իսկ գիտության մարդիկ, մանավանդ ովքեր նվիրյալ են, կյանքում շատ են անպաշտպան: Այդպես էլ մերոնք մնացին արտասահմանում, որտեղ երաշխավորված էր թե՛ կյանքը, թե՛ գիտական գործունեությունը: – Իսկ ինքդ երբեւէ մտածե՞լ ես Հայաստանից մեկնել: – Պատահել է, բայց հետո հասկացել եմ, որ՝ անտեղի: Էականը ինքնադրսեւորման խնդիրն է: Իհարկե չեմ կարծում, թե այստեղ հասել եմ լիարժեք ինքնադրսեւորման, բայց արտասահմանում, դրանից առաջ եւս մի խնդիր է ծագելու՝ մարդկային նոր միջավայրում ինքնահաստատվելը: – Հասկանալի է՝ «Ի վերջո ամեն ինչ հանգում է ժամանակի տնտեսմանը»: – Միայն դա չէ: Եթե կարող ես ստեղծագործել, ինչու ոչ քո երկրում: Ինձ թվում է՝ Հայաստանում այդ ինչ-որ տեղ հիվանդագին ձգտումը արտասահման մեկնելու՝ հետեւանք է նրա, որ շատերն այնտեղ չեն եղել: Այնտեղ, ուր չես եղել, այն, ինչ չես տեսել, թվում է գայթակղիչ: Իրականում մարդիկ եւ կյանքը նույնն են ամենուր, ենթադրենք Բելգիայում տաք ջրամատակարարում կա, այստեղ չկա, դա էակա՞ն է: – Ինձ թվում է, պարզապես դու երջանիկների թվում ես, ում համար հոգեւոր եւ ֆիզիկական հայրենիքները համընկել են: Դեռ ավելին՝ այստեղ գրեթե ողջ շոու-բիզնեսն է քո շուրջը պտտվում: Բայց դա քեզ բավարարո՞ւմ է: Երբեւէ չե՞ս անցնելու կինեմատոգրաֆ: – Ես ինստիտուտից եկա հեռուստատեսություն, եւ այսօր էլ դեռ այդտեղ եմ: Տեսահոլովակների ռեժիսուրայով սկսեցի զբաղվել 96-ից, երբ դուրս եկա «Զինուժ» ծրագրից եւ հիմնադրվեց «Արտ-13»-ը: Տեսահոլովակները, հաղորդումների ձեւավորումները որոշակի ֆորմատ են, ուղղություն, շրջանակ: Դրանից դուրս գալու պահանջը երբեմն մեծ է, դրա համար էլ «Ուշ երեկո» ծրագրում սյուժեներն եմ նկարում, որոնք հեռուստանովելի են նման: Իսկ կինեմատոգրաֆ գնալու ներքին ցանկություն, իհարկե, ունեմ: Առայժմ ուղղակի ներքուստ չեմ կարծում, թե պատրաստ եմ: Երեւի ավելի ուշ… -Իսկ մտածե՞լ ես կինեմատոգրաֆում ինչ ժանրում կստեղծագործես՝ ինտելեկտուալ կինո… -Հաստատ ինտելեկտուալ կինո, որովհետեւ ինչ էլ ստեղծում եմ կամ մասնակցում եմ ստեղծմանը, ես աշխատում եմ, որ դա լինի ինտելեկտուալ կամ առնվազն ինտելիգենտ: Այլ հարց է, որ մարդ ես, ապրելու խնդիր ունես, եւ, կարող է պատահել, իհարկե հազվադեպ, որ տուրք տրվի պահանջարկի: – Իսկ ինտելիգենտությանը ինչպես է համակերպվում այն, որ հայաստանցի համարյա բոլոր երգիչների համար դու ես իմիջ որոշում: Քո այդ «բռնությանը» ինչպե՞ս են դիմանում: – Իհարկե, նկարահանման հերոսը՝ արտիստ լինի, թե երգիչ, կերպարի առումով կախում ունի ռեժիսորից: Կերպարը սովորաբար ընտրում ես անձի հետ քիչ թե շատ շփվելով, նրան ճանաչելով: Այլ հարց, որ այդ հաստատվող իմիջը կարող է հետագայում ինչ-որ կախվածություն ստեղծել երգչի, նույնիսկ արտիստի համար: – Լավ, քանի որ դու վաղ կամ ուշ անցնելու ես կինեմատոգրաֆ, վերջին հարցը. ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է կինոն վերադառնա սեւ-եւ-սպիտակ պատկերին: – Աշխարհում բարձրարժեք համարվող ինտելեկտուալ կինոն այսօր արդեն հիմնականում հենց երկգույն է նկարվում: Դա արտահայտչամիջոց է: Թեեւ, իհարկե, անանց արժեքներ ստեղծել է թե՛ համր կինոն, թե՛ սեւ-սպիտակ, թե՛ գունավոր: Կարեւորը՝ նման արժեք ստեղծել կարողանալն է: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել