Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԻ ԿԱՐԵԼԻ»-ՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

Հոկտեմբեր 08,2002 00:00

«ՉԻ ԿԱՐԵԼԻ»-ՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ «Այսօր, երբ թատրոնը վերանորոգվում է, ես եւ իմ կոլեգաներից շատերը անգործության ենք մատնված,- ասում է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էվելինա Շահիրյանը,- որովհետեւ այսօր ոչ հեռուստառադիոթատրոնն է գործում եւ ոչ էլ կինոստուդիան է իրեն արդարացնում, դրա համար էլ դերասանները հայտնվել են ֆինանսապես ծանր վիճակում»։ Էվելինա Շահիրյանը հուսով է, որ շուտով կսկսվեն նոր ներկայացումների փորձերը եւ գոնե այս կերպ զբաղմունք կգտնի։ Ի դեպ, նա շուտով խաղալու է նոր, վերանորոգված շենքում, ուր երկար տարիների ընդմիջումից հետո կգործի ճաշարանը եւ կբացվի Հր. Ղափլանյանի թանգարանը։ 33 տարվա բեմական փորձ ունեցող դերասանուհին մինչ օրս որեւէ կոչման չի արժանացել։ Ու թեեւ այս հարցում իր բախտը չի բերել, սակայն չի վհատվել, քանի որ անունը ընդգրկված է այն արվեստագետների շարքում, որոնք պետական մրցանակներ ստանալու հավակնություն ունեն։ Չնայած իր հարուստ բեմական գործունեությանը, Էվելինա Շահիրյանը շատ քիչ է նկարահանվել կինոյում, քանզի ռեժիսորները պատճառաբանել են, որ նա բոլորովին նման չէ իսկական հայուհու, մինչդեռ նրա ծնողները բնիկ գյումրեցիներ են։ Ինչպես բոլոր արվեստագետները, այնպես էլ Երեւանի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը՝ Է. Շահիրյանը, դժգոհում է, որ դերասաններն այսօր անուշադրության են մատնված։ Այնինչ, ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր «չի կարելիները» ոմանց համար անմիջապես «կարելի» դարձան։ «Ես գտնում եմ, որ այն տարիներին այդ «չի կարելին» ինչ-որ տեղ անհրաժեշտություն էր, սակայն ինձ երբեք այն չի խանգարել։ Մեր թատրոնում բեմադրել ենք այն, ինչը ընդունվել է, ժամանակակից է եղել ու արժեքավոր, դրա համար էլ մեզ երբեք չեն արգելել։ 1988-ին, երբ բոլորը բռունցքները պարզած կանգնած էին, մենք բեմադրեցինք «Անվերջ վերադարձը» եւ ոչ ոք մեզ չարգելեց։ Պարզապես պարտադրում էին, որ խաղացանկում ընդգրկվեր մեկ-երկու ռուսական գործ։ Ես գտնում եմ, որ դա էլ էր ճիշտ. ինչո՞ւ չբեմադրել ռուսական արժեքավոր գործերը եւ, ի վերջո, մենք մինչեւ օրս հաճույքով դիտում ենք խորհրդային տարիներին ստեղծված ֆիլմերը»,- հիշում է Է. Շահիրյանը։ Դերասանուհին դժգոհում է նաեւ հեռուստատեսությունից. «Զավակիս հետ այսօր հեռուստացույց դիտել պարզապես չեմ կարող, քանի որ անգամ մուլտֆիլմերը երբեմն ընդմիջվում են սեքսի, սպանության մասին պատմող տեսանյութերով»։ «Ի՞նչն է այսօր Ձեզ չափազանց մտահոգում» հարցին Է. Շահիրյանը պատասխանեց. «Այն, որ մենք՝ արվեստագետներս, այնքա՜ն արժեզրկված ենք։ Ռուսաստանում, Ամերիկայում դերասանը, թեկուզեւ ծեր լինելով հանդերձ, կաղալով անգամ շարունակում է խաղալ բազմաթիվ նոր դերեր, իսկ ինձ արդեն մտահոգում է իմ տարիքը։ Վաղը հնարավոր է ինձ նոր դերեր չառաջարկեն։ Թեեւ եթե համեմատեմ ինձ եւ իմ սերնդի դերասաններին, ապա ես ավելի զբաղված եմ, սակայն դա ինձ չի գոհացնում։ Կուզեի շատ ավելի խաղալ, քան այսօր խաղում եմ։ Անհամբերությամբ սպասում եմ մեր թատրոնի վերաբացմանը, քանի որ բեմում լինելը դերասանի համար երանություն է»։ Ժամանակին ողջ աշխարհում շրջագայած դերասանուհին, չնայած առկա պայմաններին, շարունակում է բնակվել իր հայրենիքում, թեեւ արտասահմանում ապրելու հնարավորություն եւս ունեցել է։ «Ամուսնուս մորաքույրը ճանաչված նկարչուհի էր եւ բնակվում էր Նյու Յորքում, ցանկանում էր որդեգրել աղջկաս։ Այդ դեպքում մենք մշտական բնակություն կհաստատեինք ԱՄՆ-ում, սակայն ես չհամաձայնեցի»,- ակնարկեց նա։ Սակայն ասաց նաեւ, որ ամենեւին չի զղջում Հայաստանից չհեռանալու համար։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել