Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

Հոկտեմբեր 08,2002 00:00

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ Դպրոցահասակ երեխաների շրջանում մասսայական ֆիզկուլտուրան եւ սպորտը վերջին 15 տարում անկում է ապրել ու հայտնվել խաղից դուրս վիճակում։ Փաստը ոչ միայն ցավալի է, այլեւ անհանդուրժելի։ Այս մասին շատ է խոսվել ու ահազանգվել։ Բայց այս տարի այդ բացը վերացնելու ուղղությամբ գործնական քայլեր են արվել՝ վերականգնվում են հանրակրթական դպրոցների մարզական խաղերը։ Դրա նախաձեռնողն ու կազմակերպիչը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն է, որն այս խնդրով լրջորեն զբաղվել սկսել է դեռ հունվար ամսից։ Նախապատրաստման շրջանում, երբ ուրվագծվում էին անելիքները, որոշվում ընդգրկման ոլորտները, հաշվի է առնվել, որ մեզանում վաղուց այդ կարգի համալիր միջոցառում չի կազմակերպվել։ Բացի դա, նկատի է ունեցվել, որ մարզերում դպրոցականների առողջության պահպանման գործընթացը խիստ կաղում է, կրթօջախների մարզական բազաներն էլ հիմնականում անմխիթար վիճակում են։ Ուստի նպատակահարմար է համարվել առայժմ սահմանափակվել միայն Երեւանի դպրոցներով, բայց պայմանով, որ այսուհետեւ խաղերն ընդլայնեն աշխարհագրությունը, ընդգրկեն ամբողջ հանրապետությունը։ Ծրագրում մտցվել են առավել մատչելի մարզաձեւերը՝ կրոսավազք, սեղանի թենիս, վոլեյբոլ եւ բասկետբոլ։ Մրցումները մեկնարկել են ապրիլին ու անցկացվել երկու փուլով։ Առաջին փուլին մասնակցել են մայրաքաղաքի յոթ համայնքների 144 դպրոցներ, իսկ եզրափակիչում հանդես են եկել շուրջ 500 աշակերտ մարզիկ-մարզուհիներ։ Բացառված չէ, որ եղած լինեն կրթօջախներ, որտեղ թերահավատորեն են վերաբերվել նախաձեռնության լրջությանն ու հաջողությանը. մարդիկ կորցրել են հավատը։ Ու եթե այդպես է, այդպիսիք այս անգամ սխալվել են։ Ամբողջ միջոցառումը հովանավորել է ՀԱՕԿ-ի փոխնախագահ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ հատկացնելով $30 հազար։ Իսկ Գագիկ Ծառուկյանը մի բնավորություն ունի. եթե մի բանի ձեռնամուխ եղավ, անում է բարձր մակարդակով ու հասցնում մինչեւ վերջ (դրանում բազմիցս համոզվել են հատկապես մարզաշխարհի մարդիկ ու ոչ միայն նրանք)։ Ստացվեց այնպես, որ խաղերի ծրագրով բասկետբոլի եզրափակիչ հանդիպումը Շենգավիթի թիվ 161 եւ Մալաթիա-Սեբաստիայի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տղաների թիմերի միջեւ անցկացվեց հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի օրը։ «Դինամո» մարզադահլիճը լեփ-լեցուն էր։ Խաղը դիտելու էր եկել նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 60։38 հաշվով հաղթեցին շենգավիթցիները։ Աչքի ընկած թիմերին դրամական խրախուսանքները հանձնեց Ռ. Քոչարյանը։ Առաջին փուլի հաղթող եւ մրցանակակիրներ դարձած դպրոցներին համապատասխանաբար տրվեց $1200, 1000 եւ 800, իսկ ընդհանուր հաշվարկով առաջին երեք տեղերը գրաված կրթօջախներին՝ $4000, 3000 եւ 2000-ին համարժեք դրամ։ Խաղերին ակտիվ մասնակցած դպրոցների տնօրեններն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները պարգեւատրվեցին նախագահի շնորհակալագրով։ Նման պատվի արժանացավ նաեւ բասկետբոլի մրցումների գլխավոր մրցավար, սպորտվարչության գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Ժորա Բաղդասարյանը։ Մրցանակները հանձնելուց հետո Ռ. Քոչարյանը դպրոցականներին խոստացավ, որ այս խաղերը կդառնան ավանդական, անկախ այն բանից, թե հետագայում ովքեր կղեկավարեն երկիրը։ Նա նաեւ կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ ժողովուրդը չի ընդունում այն պաշտոնյաներին, ում անձնական քաշը պաշտոնավարման ընթացքում ավելանում է։ Ու կոչ արեց, որպեսզի չինովնիկները զբաղեցրած աթոռին հրաժեշտ տալիս լինեն այն քաշին, ինչ ունեին պաշտոն ստանալուց առաջ։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել