Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՏԸ ԽԱՌՆ Է

Հոկտեմբեր 16,2002 00:00

ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՏԸ ԽԱՌՆ Է Ընտրություն երկու վատի եւ վատթարագույնի միջեւ Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորը հոկտեմբերի 20-ին պետք է ընտրություն կատարի Սիրեկան Բաբայանի ու Հրաչյա Մովսիսյանի միջեւ: Թեեւ ընտրություներին մնացել է հազիվ մեկ շաբաթ, այնուհանդերձ, Եղեգնաձորում չկան բուռն կամ գոնե ակտիվ ընտրապայքարին ու քարոզարշավին բնորոշ տարրեր՝ պաստառներ, հեռուստա-ռադիո գովազդ եւ այլն: Ասենք Եղեգնաձորում նույնիսկ տեղական հեռուստաընկերություն չկա, իսկ ռադիոն էլ Հայաստանի հանրային ռադիոցանցով օրական 30-40 րոպե, պայմանական ասած հաղորդումներն են, ուր քաղաքական գովազդ համարյա չկա: Առայժմ: Ընտրապայքարին բնորոշ դրսեւորումներից թերեւս ընտրողների հետ հանդիպումներն են: Ի դեպ, ինչպես եւ Հայաստանի ողջ տարածքում, Եղեգնաձորում նույնպես, մարդիկ ավելի շատ հավատում են բերնեբերան անցնող, շրջանառվող լուրերին, քան պետական-պաշտոնական աղբյուրների հաղորդած տեղեկություններին: Ըստ այդմ, Վայոց ձորում ապրում է հազիվ 55-60 հազար մարդ, մարզկենտրոնում՝ առավելագույնը՝ 10 հազար: Հենց այս 10 հազարի քաղաքականապես ակտիվ մասն էլ պետք է վստահության քվե տա քաղաքապետ ու քաղաքապետի թեկնածու Սիրեկան Բաբայանին կամ թեկնածու Հրաչյա Մովսիսյանին: Մովսիսյանի կուսակցական պատկանելությունը հստակ է՝ ՀԺԿ, իսկ երբ փորձեցինք ճշտել Բաբայանի քաղաքական հասցեն, ստացանք «Իբրեւ թե հանրապետական» ոչ այնքան սովորական պատասխանը: Իրավիճակը պարզվեց քիչ անց. Սիրեկան Բաբայանին բոլոր ձեւերով ու միջոցներով աջակցում է Վայոց ձորի նախկին (ՀՀՇ-ի օրոք) մարզպետ, այժմ հանրապետական վարչապետի վերահսկողության ծառայության պետ Պանդուխտ Մանուկյանը: Ի գիտություն Ռոբերտ Քոչարյանի, սույն պաշտոնյան խորհրդային տարիներին եղել է տրեստի կառավարիչ: Սա՝ իմիջիայլոց: Ի տարբերություն Մանուկյանի, Եղեգնաձորի ու Վայոց ձորի ծնունդ, մեկ այլ նախկին տրեստի կառավարիչ, այժմ հանրապետության թիվ մեկ «ջրի մարդ» Գագիկ Մարտիրոսյանը չի խառնվում ընտրություններին: «Մեր մարզի համար ոչինչ չի արել», դժգոհեց մի եղեգնաձորցի: Սա էլ իմիջիայլոց: Իսկ թե ինչ է արել տեղական ընտրություններին հեռու Երեւանից անհարկի միջամտող Պանդուխտ Մանուկյանը, պարզ չէ: Թերեւս հաջողել է իր համար «Ջերմուկ» հանքային ջրի արտադրամաս հիմնել ու կանաչ ճանապարհ բացել իր խնամի-ազգական Աշոտ Արսենյանի համար, որը համ Ջերմուկի քաղաքապետն է, համ էլ «Ջերմուկ-գրուպ» ընկերության նախագահը: Դարձյալ ի տարբերություն Մանուկյանի, Եղեգնաձորի ընտրություններին չեն խառնվում հանրապետության եւ հայ-ռուսական հարաբերությունների մակարդակով հարցեր կարգավորող Արա, Գագիկ Աբրահամյան եղբայրները: Հավանաբար, մարզկենտրոնի ղեկավարի ընտրությունը մանր տրամաչափ է նրանց համար: Ինչեւէ, միջամտողները Եղեգնաձորից հեռու են ու շարքային եղեգնաձորցին է զգալու՝ ճի՞շտ ընտրություն (նշանակում) է կատարվել, թե՞ ոչ: Նույն եղեգնաձորցին ՀԺԿ-ական Հրաչյա Մովսիսյանի մասին մոտավորապես հետեւյալն է ասում. ունի ղեկավար աշխատանքի փորձ, ժամանակին եղել է Եղեգնաձորի ավանային խորհրդի նախագահ, բայց չունի լծակների տիրապետող աջակիցներ: Իսկ ահա գործող քաղաքապետն իր մրցակցի հակապատկերն է. փորձում է երկրորդ անգամ ընտրվել քաղաքապետ: Ըստ եղեգնաձորցիների. «Թույլ ղեկավար է ու քաղաքի համար էլ առանձնապես մի բան չի արել»: Բայց հավանաբար ունի գործարարներից ու պետական պաշտոնյաներից՝ ֆինանսական ու իշխանական լծակների տիրապետողներից բաղկացած աջակիցների խումբ: Սրանով հանդերձ, եղեգնաձորցիները կարծում են, որ կընտրվի հենց Սիրեկան Բաբայանը: «Գուցե կնշանակվի՞» հարցին հստակ պատասխան չեղավ: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել