Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՇԱԿՆԵՐԻ ԽԱՌՆԱՐԱՆ

Հոկտեմբեր 19,2002 00:00

ՃԱՇԱԿՆԵՐԻ ԽԱՌՆԱՐԱՆ Երեկ բացվեց Ճարտարապետների միության 15-րդ համագումարը։ Մասնակիցների մի մասի համար այն սկսվեց եւ ավարտվեց նախագահ Ալբերտ Զուրաբյանի ելույթով, քանի որ դրանից հետո դահլիճը կիսով չափ դատարկվեց։ Ըստ երեւույթին, հեռացողներին չէր հետաքրքրում, թե ինչի վրա են ծախսվել միության գումարները (բաց թողեցին հաշվետու զեկույցը), ոչ էլ որեւէ այլ հարց։ Զուրաբյանի զեկույցն էլ, ինչպես հասկացանք, վերջին «նախագահականն» էր՝ նա որոշել է չդնել իր թեկնածությունը «նախագահական» ընտրություններին, բայց դեմ չէր մնալ վարչության անդամ։ Այն դեպքում, երբ վերջին երեք համագումարների ընտրարշավն անփոփոխ ավարտվել էր իր հաղթանակով։ Պրն Զուրաբյանն իր «պատմական» զեկույցը սկսեց միության պատմությունից, հիշեց լավ օրերը եւ հասավ ներկային, որից ոչ մի լավ բան չգտավ պատմելու։ Միության աշխատանքը տուժել է այն ժամանակից, երբ վերացել կամ փակվել են ճարտարապետական-նախագծային ինստիտուտները։ Մեծ «փորձանք» է դարձել պատվիրատուների հետ շփումը։ «Պատվիրատուներն առաջարկողից դարձել են նախագիծ թելադրողներ, նրանց ու ճարտարապետների հարաբերությունները՝ անկառավարելի, որովհետեւ բոլոր վեճերը լուծվում են հօգուտ պատվիրատու-փող դնողի։ Այժմ հայկական ճարտարապետությունը վեր է ածվել ճաշակների խառնարանի»,- մեկնաբանեց միության նախագահը։ Նա օրինակ բերեց բազմաթիվ քաղաքաշինական խախտումներ, որոնք ծնունդ են պատվիրատուների քմահաճույքի։ Նախագահական իննամյա աշխատանքի փորձից ու «տառապանքից» ելնելով, նա առաջարկեց հստակեցնել համագործակցությունը պետական ու հասարակական կառույցների հետ, այն է՝ «խոսել» նրանց հետ միայն պայմանագրերով։ «Թե չէ ի՞նչ է նշանակում, որ ես հերթով զանգում եմ բոլոր պատկերա(եւ այլ)սրահների տնօրեններին ու խնդրում, որ մի ցուցահանդեսի համար տեղ տան։ Վիրավորական է, ու ես չեմ ուզում, որ նոր նախագահն ապրի իննամյա իմ տառապանքով»,- ասաց «հնի» կարգավիճակն անձամբ իր վրա վերցրած, բայց դեռ գործող նախագահը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել