Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՆԻՍԻ ԿՈՐՏԵՐՈՒՄ

Հոկտեմբեր 23,2002 00:00

ԹԵՆԻՍԻ ԿՈՐՏԵՐՈՒՄ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մեկնարկել է թենիսի Սանկտ Պետերբուրգի բաց առաջնությունը, որին այս անգամ մասնակցում են աշխարհի ներկայիս ուժեղագույն մարզիկ-մարզուհիներից շատերը։ Նրանց մեջ է նաեւ մեր ժամանակների մեծագույն թենիսիստներից Անդրե Աղասին, որի միայն ներկայությունը, ինչպես խոստովանում են կազմակերպիչները, կտրուկ բարձրացնում է մրցաշարի միջազգային վարկանիշը։ Մեր հայրենակիցը Սանկտ Պետերբուրգ է ժամանել տիկնոջ՝ ոչ վաղ անցյալում լեգենդար թենիսիստուհի Շտեֆի Գրաֆի եւ տարին նոր բոլորած որդու՝ Ջեյնենի հետ։ Առաջնության կազմակերպիչները վիճակահանությունն անցկացնելիս արել են այնպես, որպեսզի ուժեղագույն վարպետները, որոնք, անկասկած, հաղթողի գլխավոր հավակնորդներ են համարվում, կորտում միմյանց հանդիպեն հնարավորինս ուշ։ Մասնավորապես, Աղասին այստեղ իր գլխավոր մրցակցին՝ Մարատ Սաֆինին կարող է հանդիպել միայն եզրափակիչում, իսկ Եվգենի Կաֆելնիկովին՝ կիսաեզրափակիչում։ Հասկանալի է, դա արվել է, որպեսզի մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը չնվազի մարզաձեւի սիրահարների շրջանում։ Ի դեպ, Աղասին օրերս Մադրիդում իր հերթական բարձունքը նվաճեց «Masters» շարքում։ Բայց՝ առանց եզրափակիչ մրցամարտի։ Վճռորոշ փուլում նրա մրցակիցը՝ Չեխիայի ներկայացուցիչ Իրժի Նովակը, նախորդ փուլում ստացած վնասվածքի պատճառով ի վիճակի չեղավ մտնել կորտ։ Սա Աղասիի 15-րդ հաղթանակն էր այս սերիայում։ Նման արդյունք չունի աշխարհում եւ ոչ մի թենիսիստ։ Հայ մարզասերներին անշուշտ հետաքրքրում է, թե այս օրերին ինչո՞վ է զբաղվում Դավիթ Նալբանդյանը։ Ասենք, որ նա գերադասել է հանդես գալ «Davidoff Swiss Indoors 2002»-ում եւ երեկ ուշ երեկոյան ուժերը չափելու էր Օլիվեր Մուտիսի հետ։ Նալբանդյանը առաջ է ընթանում Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիան հրապարակեց մեծ ռակետի վարպետների վարկանիշային հերթական ցուցակը։ Ավստրալացի Լեյթոն Հյուիթը պահպանել է առաջատարի իր դիրքերը (697 միավոր)։ Սակայն այս անգամ նա արդեն այնքան էլ ինքնավստահ չի զգում։ Ամերիկացի մեր հայրենակից Անդրե Աղասին, որն օրերս Մադրիդում հաղթող դարձավ $2 մլն 950 հազար մրցանակային ֆոնդ ունեցող «Tennis Masters Madrid» խոշոր մրցաշարում, 654 միավորով ընդհուպ մոտեցել է ավստրալացուն։ Երրորդ հորիզոնականում նախկինի պես ռուսաստանցի Մարատ Սաֆինն է։ Առաջին տասնյակում տեղ են զբաղեցնում նաեւ՝ 4. Խուան Կառլոս Ֆերերո (Իսպանիա), 5. Իրժի Նովակ (Չեխիա), 6. Ռոժե Ֆեդերեր (Շվեյցարիա), 7. Թիմ Հենմեն (Մեծ Բրիտանիա), 8. Կառլոս Մոյա (Իսպանիա), 9. Ալբերտ Կոստա (Իսպանիա), 10. Թոմի Հաաս (Գերմանիա)։ Նախորդ ցուցակի հետ համեմատած, դիրքերը երեք աստիճանով բարձրացրել է արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը։ Այժմ նա 299 միավորով աշխարհում 16-րդ թենիսիստն է։ Ք. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել