Լրահոս
Օրվա լրահոսը

Փոսից դուրս գալու ժամանակը

Հոկտեմբեր 29,2002 00:00

Փոսից դուրս գալու ժամանակը Փոսի մեջ ընկած մարդուն կամ օգնում են, կամ էլ անտարբեր անցնում, մանավանդ որ ընկածը օգնություն չի խնդրում ոչ մեկից։ Ես փոսի մեջ էի եւ հաշտվել էի այն մտքին, որ իմ նկատմամբ կվարվեն անարդարացի եւ մի քանի տարով կպատժեն ինձ՝ զրկելով ազատությունից, կթողնեն փոսի մեջ։ Սակայն գտնվեցին մարդիկ, ովքեր ինձ ձեռք մեկնեցին եւ հանեցին այդ փոսից։ Ես ուզում եմ ասել, որ բացի հիշյալ մարդկանցից, ուրիշ ոչ ոք չկար իմ կողքին կանգնած, նույնիսկ իմ հարազատ կուսակցությունը՝ «Հայ դատը», ինձ վտարեց իր շարքերից։ (Միգուցե վախեցան, որ կարող է իմ պատճառով իրենց էլ նեղություն տան)։ Հիմա, երբ փոսից դուրս եմ եկել, խորհուրդ տվողները շատացել են։ Ինձ քարոզում են, խելք ու խրատ սովորեցնում, թե «գործ չունես այդ քաղաքական գործիչների ու լրագրողների հետ»։ Սիրելիներս, ո՞ւր էիք այն ժամանակ, ինչո՞ւ եք հիմա հայտնվել։ Այդ մարդիկ, որ ինձ ազատեցին ճաղերի ետեւից, այսօր նրանք ինձ խորհուրդ չեն տալիս, որովհետեւ գիտեն, որ ես իմ սեփական խելքը ունեմ եւ այն ես չեմ տա ոչ մեկին (թեկուզ հենց իրենց)։ Ես նրանց համար կյանքս չեմ խնայի հարկ եղած ժամանակ, բայց իմ խելքը ինձ է պատկանում, ոչ ոք իրավունք չունի ինձ խելք ու խրատ սովորեցնել, քանի որ ես հասուն մարդ եմ եւ լավ գիտեմ իմ անելիքը։ Այնպես որ, սիրելիներս, խնդրում եմ ինձ հանգիստ թողնեք եւ միայն ու միայն մտածեք ձեր մասին։ Ես ուզում եմ, որ ներկայիս իշխանությունները պատասխան տան Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի եւ մյուսների արյան համար։ Ուզում եմ բացահայտվի «Հոկտեմբերի 27» գործը։ Ուզում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը չծաղրի մեր ժողովրդին։ Շուտով ընտրարշավ է եւ միգուցե նա այդ ժամանակ մի անակնկալ մատուցի եւ այդ դատավարությունը մի ձեւով փակի կամ ավելի լավ բացի, ժողովրդի աչքին թոզ փչի։ Նորից ինքը ընտրվի եւ նորից երկիրը տանի անդունդ։ Ես ուզում եմ, որ մեր ժողովրդի մեջ շատ լինեն մարդիկ, ովքեր մտածեն մեր ապագայի մասին եւ ուզենան բացահայտել հոկտեմբերի 27-ը։ Այսօր այն աստիճանի ծաղր ու ծանակի ենք ենթարկվել, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ տականքը դատարանի դահլիճում երկրի նախագահ դառնալու ցանկություն է հայտնում։ Համոզված եմ, որ նա ժողովրդին կխոստանա եւ կասի. «Ժողովուրդ ջան, եթե ինձ ընտրեք, խոստանում եմ անպայման բացահայտել հոկտեմբերի 27-ը»: Եվ ժողովուրդը կհավատա եւ կընտրի նրան։ Ես ուզում եմ իմ ժողովրդին ասել, մի՞թե մեր մեջ չկան մարդիկ, որ այս ամենի առաջն առնեն, մի՞թե պետք է թույլ տանք, որ այս ամենը շարունակվի։ Եվ մի՞թե պետք է թույլ տանք, որ Քոչարյանը նորից ընտրվի, որպեսզի հաջորդը Նաիրին լինի։ Մի՞թե պետք է անտեսենք, թե ինչ է կատարվում ամբողջ Հայաստանում։ Այսօր ես՝ որպես Արարատ քաղաքի բնակիչ, ցավ եմ զգում, որ ներկայիս իշխանավորները, խոսքս «Արարատ ցեմենտի» նոր ղեկավարների մասին է, որոնք անցած մի քանի վազգենադավերի գլուխը, կպնում են Վազգեն Սարգսյանի ընկերներին, որոնց Վազգենի կենդանության օրոք շատ հարգանքով էին վերաբերվում եւ ինչ-որ տեղ էլ վախ էին զգում իրենց մեջ, իսկ այսօր հերթով ազատում են այն մարդկանց, ովքեր մեծ հեղինակություն են ունեցել այն ժամանակ եւ հիմա, եւ այդ մարդիկ մնացել են Վազգեն Սարգսյանին նվիրված մինչեւ հիմա։ Օրինակ, Նորիկ Պողոսյանին ո՞ր մի արարատցին չգիտի, որ նա ոչ դաշնակ է, ոչ կոմունիստ, ոչ ՀՀՇ, ոչ ՊՊՇ. նա սովորական մարդ է եւ բոլորի նեղ օրին հասել է։ Այսօր նրան ազատում են աշխատանքից, բայց ժողովուրդը լռում է։ Այսօր մեր ներկայիս քաղաքապետին են կպնում, ուզում են ազատել աշխատանքից եւ իրենց լարովի մարդկանց նշանակել, որպեսզի թալանեն առանց այն էլ թալանված մեր քաղաքը։ Մեկ տարի է անցել, ինչ քաղաքապետը Հակոբ Թովմասյանն է, քաղաքում ոչ մի փոփոխություն չի եղել, այսինքն թալան չի եղել։ Ինչու այսօր մի ինչ-որ տնօրեն (որի անունը այս անգամ էլ չեմ նշում), որը նախկինում Վազգեն Սարգսյանի մտերիմներից էր եւ միշտ նրա կողքին (մանավանդ խնջույքների պահին), դարձել է քոչարյանապաշտ ու մոռացել Վազգենին, անցել դավաճանների կողմը։ Բացարձակ հայտարարություն է անում, որ մենք ամբողջ «թիմով» չենք ստանում եւ չենք կարդում «Հայկական ժամանակ» եւ «Առավոտ» օրաթերթերը։ Եվ, վերջապես, մեր ժողովուրդը մի՞թե չի կարդացել Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետը»։ Երբ Մխիթարին սպանեցին, նրա սիրուհի Գոհարը գնաց Պարսկաստան եւ դավաճաններին պահանջեց, բերեց ու գցեց Արաքս գետը, որպեսզի նրանք չպատկանեն ոչ թուրքի, ոչ պարսիկի եւ ոչ էլ հայի։ Ուրացողը չպետք է հող ունենա։ Այսօր ոչ Նաիրին է մեզ եղբայր, ոչ էլ Քոչարյանը։ Գոհարի չափ էլ չկա՞նք, տղերք։ ՋԱՆԻԿ ԱԴԱՄՅԱՆ Արարատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել