Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմություն կոչվածները

Նոյեմբեր 01,2002 00:00

Ընդդիմություն կոչվածները Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրահանձնաժողովների անդամ «16»-ի միավորման մաս կազմող ԱԺՄ-ի, «Իրավունք եւ միաբանության» եւ ՀԿԿ-ի անդամների գործունեությունից դժգոհում է ոչ միայն, ասենք, ՀՀՇ-ն, այլեւ հենց «16»-ի անդամ կուսակցության ներկայացուցիչները: «Հանրապետության» քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը կուսակցության էլեկտրոնային շաբաթաթերթում ՏԻՄ ընտրությունների մասին գրում է. «Ընդդիմությունը վիճակը վերլուծելու խնդիր ունի, մանավանդ, որ հասարակության փոխարեն գործոն են դարձել քրեական բանդաները, իսկ ընդդիմադիր կոչվող ԱԺՄ-ի, «Իրավունք եւ միաբանության» եւ ՀԿԿ-ի ներկայացուցիչները հանձնաժողովներում դառնում են ընտրական հանցագործությունների շղթայի մի մաս»: Այնուհետեւ Սուրեն Սուրենյանցը սթափության կոչ է անում ընդդիմությանը, քանի որ առջեւում «Հայաստանի լինել-չլինելու երկընտրանքը կանխորոշող նախագահական ընտրություններն են»: Սուրեն Սուրենյանցին հարցրինք՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ «Հանրապետությունը» դժգոհություններ ունի վերոնշյալ կուսակցությունների գործունեությունից. «Դա իմ անձնական կարծիքն է: «16»-ի միավորման հետ չեմ ուզում կապել դա: Պարզապես ունեմ հավաստի տեղեկատվություն, որ մասնավորապես Կենտրոնի թաղապետի ընտրությունների ժամանակ նշված երեք կուսակցությունների ներկայացուցիչները հանձնաժողովներում ոչ միայն չեն պայքարել կեղծիքների դեմ, այլեւ դիտորդի կարգավիճակով հետեւել են այդ օրը տեղի ունեցող ընտրակեղծիքներին: Կարծում եմ, որ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, համենայն դեպս, հանձնաժողովներում պետք է իրենց ավելի սկզբունքային դրսեւորեին, հետեւեին այն հրապարակային հայտարարություններին, որ անում են իրենց կուսակցությունները: Կրկնում եմ, հոկտեմբերի 20-ի ընտրություններում նման վարքագիծ նշված երեք կուսակցությունների ներկայացուցիչները չեն ցուցաբերել, ինչը նման մտահոգությունների տեղիք է տվել»,- ասաց Սուրենյանցը: Վերջինս նաեւ նշեց, որ «Հանրապետությունն» այդ մտահոգությունների շուրջ քննարկումներ է անցկացնում: «Բնականաբար, ցանկացած ընդդիմադիր կուսակցություն այդ առիթով պետք է անի քննարկումներ: «Հանրապետությունը» ոչ պաշտոնապես քննարկել է այդ խնդիրը, եւ կարծում եմ, որ այդ նույն խնդիրը պետք է քննարկվի նաեւ «16»-ի միավորման շրջանակներում, որովհետեւ այն իրեն համարում է ընդդիմադիր քաղաքական միավորում եւ այդպիսի համարում ունի նաեւ հասարակության մեջ: Ըստ այդմ, «16»-ի միավորման ներկայացուցիչները պետք է հանձնաժողովներում ունենան ավելի սկզբունքային պահվածք»,- նկատեց Սուրեն Սուրենյանցը: Նա նաեւ վերապահումով էր մոտեցել այդ կուսակցություններին՝ նրանց անվանելով «ընդդիմադիր կոչված կուսակցություններ»: Այս առիթով Սուրեն Սուրենյանցն ասաց. «Եթե ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը հանձնաժողովում չի պայքարում առկա կեղծիքների դեմ եւ ընդամենը լուռ հետեւում է այդ կեղծիքների ընթացքին, ապա դա հիմք է տալիս առնվազն կասկածելու այդ մարդկանց ընդդիմադիր լինելուն»: www.taregir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել