Լրահոս
Օրվա լրահոսը

2 ՊԼՅՈՒՍ՝ ՄԻՆՈՒՍՆԵՐԻ ՄԵՋ

Նոյեմբեր 02,2002 00:00

2 ՊԼՅՈՒՍ՝ ՄԻՆՈՒՍՆԵՐԻ ՄԵՋ Երեկ էլ ՀՀ նախագահը որոշել էր այցելել Փարաջանովի տուն-թանգարան եւ Մատենադարան։ Այս առիթով հավաքված լրագրողներին վիճակված էր սպասել նախագահական նստավայրի մոտ կանգնած «Գազելներում»։ Հանկարծ մի կին մոտեցավ լրագրողներին ու հարցրեց. «Էս մեքենան Ղարաբա՞ղ ա գնում»։ Նախագահի ղարաբաղցի լինելը խեղճ կնոջը հիմք էր տվել մտածելու, որ Ղարաբաղ գնացող տրանսպորտը անպայման պիտի նրա նստավայրի մոտից շարժվի։ Ինչեւէ։ Ռ. Քոչարյանի շքախմբի առաջին կանգառը Փարաջանովի տուն-թանգարանն էր, որը «ծվարել» է «Ջակուզի», «Սաունա» ցուցանակներ ունեցող շենքերի կողքին։ Իսկ թանգարանին դեմ-հանդիման աշխույժ շինարարություն էր ընթանում, աշխատում էին բուլդոզերները։ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը մտահոգված էր բառացիորեն թանգարանի շեմքին կառուցվելիք շենքերով։ Նրան ասել էին, որ դրանք երկու 5 հարկանի շենքեր են լինելու, որոնք հետագայում ծառայելու են որպես առողջարարական համալիր։ Թանգարանի տնօրենը համոզված է, որ Երեւանում արմատավորված արատավոր ավանդույթի համաձայն, նոր շենքերը ոչ թե 5, այլ ավելի հարկեր կունենան, ինչի պատճառով թանգարանը կզրկվի բնական լույսից։ Ըստ նրա, շինարարության հեղինակները «մի քանի ուժեղ մարդիկ են, հավանաբար նրանք, ովքեր կաֆեներ են դրել նաեւ օպերայի շրջակայքում»։ Ի դեպ, Երեւանի քաղաքապետ Ռ. Նազարյանը, ինչպես միշտ, այս անգամ էլ հանգստացրեց, որ շինարարությունը օրինական է, հարցը բազմիցս քննարկվել է։ Քաղաքապետի կարծիքով, շենքերը չեն խանգարի թանգարանին ու այս ամենի մասին ինքը տեղեկացրել է նախագահին։ Հետաքրքիր էր քաղաքապետի պահվածքը նախագահին դիմավորելիս։ Մինչ այդ նա, որ հանգիստ ու անխռով ծխում էր՝ վերեւից վայելելով Հրազդանի ձորի գեղեցկությունը, լսելով նախագահական մեքենախմբի ձայնային ազդանշանները, իսկույն նետեց կիսատ գլանակը եւ «սմիռնա» կանգնեց՝ նախագահին ըստ արժանվույն ու քաղաքապետավարի ողջունելու համար։ Ապրիլից սկսված վերանորոգման աշխատանքները արդեն ավարտվել են Փարաջանովի տուն-թանգարանում եւ, ըստ «Մշակույթ» ԾԻԳ-ի տնօրեն Գ. Մկրտումյանի, դրանց վրա ծախսվել է 38 մլն դրամ։ Նախագահի հաջորդ «իջեւանատեղին» Մատենադարանն էր։ «Մշակույթ» ԾԻԳ-ի տնօրենը տեղեկացրեց, որ այստեղ կատարվել է 166 մլն դրամի աշխատանք։ Ըստ նրա, կծախսվի եւս 40 մլն դրամ, իսկ մայիսին սկսված շինվերանորոգման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերին։ Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանն էլ ասաց, որ վերջին անգամ Մատենադարանը հիմնովին վերանորոգվել է 1976 թվականին, մասնակիորեն՝ 90-ականների սկզբին։ Ս. Արեւշատյանը հավաստիացրեց, որ «նախագահը՝ ուշադիր դիտելով վերանորոգումը, գոհ է մնացել ե՛ւ կատարված աշխատանքից, ե՛ւ նրա տեմպերից»։ Մի բան էլ էր ակնհայտ. այն, որ Ռ. Քոչարյանը դժգոհ էր մնացել իրենից, քանի որ ձեռագրատան աստիճանների վրա՝ հայոց մեծերի արձանների ու լրագրողների աչքի առաջ ձեռքը թափ տվեց տնօրենի մի խնդրանքի պատճառով ու խիստ տոնով մերժեց ինչ-որ բան. «Միեւնույն է, չեք օգտագործում»։ Այնուհետեւ, հասնելով լրագրողներին, նախագահը ժպտաց նրանց՝ համարյա աչքով անելու աստիճան, ցտեսություն ասաց եւ, իր տպավորությունների վերաբերյալ առանց որեւէ կարծիք հայտնելու, նստեց մեքենան ու հեռացավ։ Չգիտենք, նախագահն իր մշակութային ծարավին հագուրդ տվե՞ց, թե՞ ոչ։ Կարեւորն այն էր, որ իր նախընտրական այցելությունների ծրագրում եւս երկու «պտիչկա» ավելացավ։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել