Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԹԵ»-ՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՊՐՈԲԼԵՄ ՉԿԱ

Նոյեմբեր 02,2002 00:00

«ԵԹԵ»-ՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՊՐՈԲԼԵՄ ՉԿԱ Հոկտեմբերի սկզբին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հաստատեց «խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Երկրորդ ընթերցումը հետաձգվել է քվորում չլինելու պատճառով, բայց «կասկած չկա, օրենքը կընդունվի, մնացել է տեխնիկական մասը»,- վստահեցրին Ջրային ռեսուրսների պետական կոմիտեում։ Նույն վստահությամբ փորձենք մանրամասնել օրինագծի հոդված 1-ում խմելու եւ ոռոգման ջուր օգտագործողների համար սահմանված արտոնությունները։ Եվ այսպես, մինչեւ 2000 թվականի հունվարի 1-ն ունեցած ջրօգտագործման պարտքերից կարելի է համարել ազատված, եթե՝ 1. դրանից հետո մինչ օրս ունեցած պարտքերը վճարված են (հաշվիչով կամ անհաշվիչ), 2. օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում ջուր մատակարարող կազմակերպությունների հետ կնքվում է ջրօգտագործման պայմանագիր, որի մեջ ներառնված են մի շարք պայմաններ։ Այստեղ նույնպես «եթե»-ներ կան. 24-ժամյա ջրամատակարարման դեպքում պարտքը փոխհատուցվում է 50%-ով, ժամային «գրաֆիկի» դեպքում՝ 30%-ով։ Մի պայման էլ կա՝ եթե 2000 թվականից սկսած տեղադրվել է ջրաչափ։ Սոցիալապես անապահովների համար հիշյալ տոկոսաչափերը կրճատվում են կիսով չափ։ Այսքանը՝ լավ, բայց ի՞նչ անեն բոլոր այն ջրօգտագործողները, ում դեմ դատական գործ է հարուցվել 1997-ից սկսած չվճարման հայցերով։ «Նոր օրենքը քանի դեռ չկա, հնով պիտի աշխատենք»,- պատասխանեց Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը, հետո՝ հուսադրեց. «Եթե 2000-ից «ովքեր 2000-2002 թվերին բարեխիղճ վճարել են, ոչ մի պրոբլեմ չեն ունենա»։ Ինչպե՞ս կարող են վստահ լինել. «թող դիմում գրեն իմ անունով, ես օպերատիվ կօգնեմ»,- պատասխանեց Գ. Մարտիրոսյանը։ Նախագահը համոզված է, որ կհասցնի «օպերատիվ» օգնել բոլոր դիմում գրողներին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել