Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալների ուղղում

Նոյեմբեր 06,2002 00:00

Սխալների ուղղում ԱրմենՏելն այլեւս «օրենքով կաշխատի» 26.09.2002թ. ՀՀ արդարադատության փոխնախարար Ա. Ավագյանի կողմից ՀՀ արժեթղթերի հանձնաժողովին ուղղված դիմում-նամակով խնդրվում էր համապատասխան ստուգումներ անցկացնել «ԱրմենՏել» ՓԲԸ-ում եւ պարզաբանել՝ արդյո՞ք «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը վարվում է ՀՀ կառավարության 31.10.96թ. թիվ 351 որոշման պահանջների համապատասխան, գոյություն ունի՞ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի պաշտոնատար անձանց այն ցանկը, որոնք պատասխանատու են անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի՝ օրենսդրությանը համապատասխան վարման եւ պահպանման համար, անվանական արժեթղթերի հասարակ բաժնետոմսերի հավաստագրեր տրամադրվե՞լ են, արդյոք, բաժնետերերին. եթե տրվել են, որտե՞ղ են պահվում եւ արդյո՞ք դրանց հաշվառումը վարվում է անվանական արժեթղթերի հավաստագրեր տալու եւ ոչնչացնելու գրանցամատյանով։ Եվ ո՞վ է հանդիսանում OTE ընկերության լիազոր ներկայացուցիչը «ԱրմենՏել» ՓԲԸ-ում։ Ստուգումների արդյունքում, Արժեթղթերի հանձնաժողովի երեկ հրավիրած լսումների ժամանակ, հանձնաժողովի վերահսկողության վարչության ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը պարզաբանեց, որ 1995թ. մարտի 1-ից մինչեւ 1998թ. փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում ընկերության անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստր չի վարվել կամ խախտվել են ՀՀ կառավարության 1995թ. ապրիլի 10-ի թիվ 187 որոշմամբ սահմանված պահանջները։ Այն է՝ բաժնետոմսերի ռեեստրը բացվում եւ վարվում է ՀՀ ձեռնարկությունների պետռեգիստրում՝ ընկերության գրանցման պահից (ՓԲԸ-ների համար)։ Վերոնշյալ ժամանակահատվածում ընկերության կողմից ռեեստրը չվարելու հետեւանքով չեն պահպանվել նաեւ կառավարության 1996թ. հոկտեմբերի 31-ի որոշմամբ սահմանված անվանական արժեթղթերի վարման կարգի պահանջները, ինչպես նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները։ 1998թ. փետրվարի 23-ի թիվ 53 հրամանի համաձայն, ռեեստրի վարման պարտականությունները դրվել են ընկերության իրավաբանական վարչության պետ Ա. Ղազարյանի վրա։ Ընկերության անվանական արժեթղթերով կատարված գործառնությունների գրանցամատյաններում բաժնետոմսերի գնման պայմանագրով սահմանված եւ գնորդի կատարած վճարումները հավաստող փաստաթղթերը բացակայում են։ Խախտված են գործող կարգով սահմանված պահանջները։ 1999թ. մարտի 9-ին կայացել է ընդհանուր ժողով, որի որոշմամբ հաստատվել է ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրություն։ Վերջինիս համաձայն, ընկերության կանոնադրական կապիտալի մեծություն է սահմանվել 18 մլրդ 377 մլն 90 հազար դրամը, որը բաղկացած է եղել 188 մլն 377 հազար 90 հատ հասարակ բաժնետոմսերից, յուրաքանչյուրը 100 դրամ անվանական արժեքով։ Հիշյալ փոփոխություններն արտացոլված չեն ընկերության ռեեստրում։ Միաժամանակ, ընկերության կողմից տպագրված D001, D002, D003 համարների բաժնետոմսերի հավաստագրում պարունակվող տեղեկությունները չեն համապատասխանում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ գործող օրենքի պահանջներին՝ հավաստագրերի վրա նշված չեն թողարկված բաժնետոմսերի քանակի, ընկերության կանոնադրական կապիտալի չափի, յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքի, ԱՄՆ դոլարով արտահայտված մեծությունները։ Դա չի համապատասխանում նաեւ ընկերության՝ 1999թ. մարտի 9-ին ընդհանուր ժողովի կայացրած կանոնադրությամբ ամրագրված պահանջներին։ Ընկերության կողմից տպագրված հիշյալ համարների բաժնետոմսերի հավաստագրերը չեղյալ չեն ճանաչվել եւ չեն փոխարինվել տպագրված նոր բաժնետոմսերի հավաստագրերով։ Ռեեստրում գրառվել են նաեւ տեղեկություններ ընկերության բաժնետեր հանդիսացող իրավաբանական անձանց համար, պետական գրանցման, հաշվարկային հաշվի վերաբերյալ՝ խախտելով դարձյալ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը։ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Արմեն Շահնազարյանը այս եւ բերված այլ փաստարկների առնչությամբ որեւէ առարկություն չներկայացրեց։ Ավելին, տեղեկացանք, որ ընկերությունն արդեն համապատասխան պայմանագիր է կնքել ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի հետ։ Ընկերության բաժնետոմսերի ռեեստրն այլեւս կվարվի ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի կողմից՝ սահմանված կարգով։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930