Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբում կրճատեցին, հետո մեղադրեցին

Նոյեմբեր 06,2002 00:00

Սկզբում կրճատեցին, հետո մեղադրեցին Եվ կրկին «բանը հասավ դիվանբաշուն» Վանաձորում արդեն «բարի ավանդույթ» է ձեւավորվում. ձմռան շեմին մարդուն աշխատանքից ազատում ու գցում են դատարանի «դռները»՝ իրավունքներ պաշտպանելու։ Նրանցից մեկն էլ Վանաձորի թիվ 1 կրթօջախի նախկին փոխտնօրեն Վալյա Լոռյանն է՝ շուրջ 28 տարվա մաթեմատիկայի ուսուցչուհի, որը 2001թ. ճանաչվել էր «Տարվա լավագույն ուսուցիչ», իսկ հիմա դատարանում ստիպված է ոչ միայն իր աշխատանքային իրավունքները պաշտպանել, այլեւ ապացուցել, որ ինքը… զեղծարար չէ, աշակերտների գնահատականները չի կեղծել, եւ իրեն աշխատանքից ազատել են (ընդ որում՝ 2-րդ անգամ) հանիրավի։ Դատարանը մեկ անգամ արդեն վերականգնել էր Լոռյանին (այն ժամանակ դպրոցի նորանշանակ տնօրենը նրան ազատել էր կրճատումների պատճառաբանությամբ)։ Դատարանի վերականգնելուց հետո էլ այժմ ինչ-որ «կորած մատյանի» եւ «կեղծված գնահատականների» պատմություն է «մեջտեղ» եկել։ Առայժմ մեզ իրավունք չվերապահելով խորամուխ լինել այս «թնջուկի» մանրամասների մեջ (դրա հոգսը թողնում ենք դատարանին), ասենք, որ այս ողջ պատմության մեջ ամենաանհասկանալին Լոռու մարզպետի պահվածքն է, որը, փաստորեն, լուռ դիտորդի դերում է այս ամենի հանդեպ, եւ սա այն դեպքում, երբ անձամբ ինքն է հանձնել «Լավագույն ուսուցչի» մրցանակը։ Ստացվում է, որ մարզպետը սխա՞լ է վարվել։ Եթե ճիշտ է վարվել, ինչո՞ւ է թույլ տալիս, որ դպրոցական կոլեկտիվում երկպառակություն ստեղծվի։ Ըստ տեղեկությունների՝ 45 ուսուցիչներ՝ թիվ 1 կրթօջախից, ընդդեմ Լոռյանի «ստորագրահավաք» են կազմակերպել։ Վ. Լոռյանի հավաստմամբ՝ վերջիններս այդ քայլին են գնացել իրենց դասաժամերից զրկվելու վախից։ Կարծում ենք, սակայն, այստեղ կա նաեւ այլ դրդապատճառ. Լոռյանի դեմ ստորագրություններով հանդես եկողների մի մասը նախկին տնօրենից (որի հետ Լոռյանը համերաշխ աշխատել էր որպես փոխտնօրեն) «աբիժնիկներն» են, որոնք այդ կերպ, թերեւս, փոխհատուցում են «հին վրեժը» (կլինեն, չէ՞, մարդիկ, որոնց նախկին տնօրենը կարող էր դասաժամերի հաշվով «նեղացրած» լինել, դե ուրեմն, եկել է պատմական հարմար պահը)։ Իսկ ընդհանուր արդյունքում Լոռյանին դավաճանել են նույնիսկ ամենահին ընկերները (ինչի մասին նա ցավով տեղեկացրեց)։ Օրերս Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանում կրկին սկսվեց դատական գործընթաց՝ Վալյա Լոռյանի աշխատանքի վերականգնման հայցով։ Վերջինիս հավաստմամբ, նախորդ դատաքննությունը տեւել էր… 8 ամիս (որի ընթացքում քաղգործը մի դատավորից մյուսին էր անցել)։ Թե որքա՞ն կտեւի ներկա դատաքննությունը (որն էլ, միգուցե, շարունակական էտապներ կունենա)՝ դժվար է ասել։ Հարց է ծագում. ի՞նչ հոգեբանությամբ կարող են դպրոց հաճախել աշակերտները՝ մշտական «երկպառակությունների» միջավայրում։ Հնարավո՞ր է ուսուցիչների նյարդային վիճակը չփոխանցվի երեխաներին։ Ի դեպ, Վանաձորում սա միակ կոլեկտիվը չէ, որտեղ առկա են նման երկպառակություններ, պարզապես այս դեպքում «բանը հասել է դիվանբաշուն», եւ մինչ դատարանը կորոշի, թե ով է ճիշտ, ով՝ սխալ, ընթացքում մարդկային ճակատագրեր կարող են խեղվել։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել