Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂՆԵՐԸ «ՀԱՄԱԼԻՐ» ԷԻՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ԴԱՏԱՐԱՆ

Նոյեմբեր 12,2002 00:00

ՏՈՒԺՈՂՆԵՐԸ «ՀԱՄԱԼԻՐ» ԷԻՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ԴԱՏԱՐԱՆ «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժող, օպերատոր Խաչիկ Ավետիսյանը երեկ դարձյալ պնդեց, որ ահաբեկիչ Նաիրի Հունանյանը ԱԺ նիստերի դահլիճ է մտել 3-րդ դռնից։ Նա միակն է 91 տուժողներից, որ նմանօրինակ ցուցմունք է տալիս։ Ի դեպ, մի հետաքրքիր հանգամանք էլ պնդեց տուժող, ԱԺ պատգամավոր Պերճ Բոշնաղյանը։ Նա պնդում էր, որ կրակոցները դրսում եղել են մինչեւ ահաբեկիչների դահլիճ մտնելն ու կրակահերթ բացելը։ Իսկ որ ուշագրավ է, մի մանրամասն ասաց, ինչը, չգիտես ինչու, չդարձավ քննարկման առարկա։ Պերճ Բոշնաղյանն ասաց, որ ԱԺ նախասրահի մարմարապատ սյուների վրա պարկուճների հետքեր են եղել։ Հաջորդ օրը վերացրել են հետքերը։ Սա թափանցիկ ակնարկ էր նաեւ այն անհեթեթ շինարարական աշխատանքների, որը սկսվել էր, երբ ավարտված չեն եղել տեղազննությունն ու փորձաքննությունը։ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան էին ներկայացել միաժամանակ մի քանի տուժողներ, մասնավորապես, Գ. Գրիգորյանը, Խ. Հարությունյանը, Տ. Թորոսյանը, Է. Խուդաբաշյանը, Է. Ծատրյանը, Խ. Ավետիսյանը, Պ. Բոշնաղյանը, Ա. Բախշյանը։ Նրանց համար ցուցադրվեց 1999-ի հոկտեմբերի 27-ը պատկերող տեսաերիզը եւ սկսվեց հարցաքննություն։ Հիշեցնենք, որ Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Ա. Սարգսյանն էր միջնորդել տվյալ դատավարական գործողության համար, քանի որ, ըստ քրգործի տվյալների՝ տուժողների ցուցմունքների եւ տեսաերիզի միջեւ կային հակասություններ։ Որքան էլ տարօրինակ է, տուժողի շահերի մեկ այլ ներկայացուցիչ՝ Օ. Յունոշեւը դեմ էր այդ գործողությանը եւ գտնում էր, որ երկրորդ տեսաերիզի փորձաքննության ավարտը դեռ չի երեւում։ Տուժող Տ. Թորոսյանի կարծիքով, այն, ինչ կատարվում է դահլիճում՝ տարօրինակ է. «Սա պիտի կատարվեր նախաքննության փուլում, որակյալ մասնագիտական քննություն պիտի կատարվեր»։ Եվ ավելին, գտնում էր, որ սիրողական այս գործողությունը ոչինչ չի կարող ավելացնել գործին։ Դատավոր Ս. Ուզունյանի կարծիքով, դատավարական այս գործողությունն անտեղի չէր, եւ որ տուժողների ցուցմունքները կարող են օգտակար լինել փորձագետների համար։ Է. Ծատրյանը հարցաքննության ժամանակ հայտնեց, որ ինքը մի անգամ է դիմել ահաբեկիչներին, ասելով. «Այ տղա, ես պատգամավոր եմ»։ Իսկ «այ տղա, էս ի՞նչ եք անում» (Խ. Ավետիսյանն էր այդպիսի ցուցմունք տվել) ինքը չէր կարող ասել, քանի որ ուշաթափվել էր եւ խոսել չէր կարող։ Ի պատասխան Պ. Բոշնաղյանի, տուժող Գրիգորի Գրիգորյանը պնդեց, որ իրենք, նստած լինելով աջ թեւի վրա, որեւէ կրակոց մինչեւ ահաբեկիչ Կարեն Հունանյանի մտնելը, չեն լսել։ Տուժող, օպերատոր Խաչիկ Ավետիսյանը հայտնեց, որ Նաիրի Հունանյանը հարցրել էր իրեն, թե կաբելները ուր են գնում եւ ինքը հայտնել էր. «Դեպի շարժական կայան»։ Երեկ տեղեկացանք նաեւ, որ ՀՀ զինդատախազության քննչական բաժնի պետ Ա. Հարությունյանը գրություն է ուղակել տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանին, որով հայտնել է, որ անջատված մասով քրեական գործով որոշում է կայացվել դատակենսաբանական, դատաձգաբանական, քրեագիտական փորձաքննություն նշանակելու մասին եւ նրան իրավունք է վերապահվել մինչեւ փորձաքննության կատարումը ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին կայացված որոշմանը։ Բաժնի պետը խնդրել էր մինչեւ 15.11.2002թ. ներկայանալ ԶԴ քննչական բաժին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930