Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԺԱՆԻ՜ ԷՐ

Նոյեմբեր 16,2002 00:00

ԱՐԺԱՆԻ՜ ԷՐ Ընտրակեղծիքների համար մի ճանապարհ էլ է հարթվում Օրերս ՀՀ արդարադատության նախարարությունում «ԶԼՄ-ների մասին» նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ լրագրողներն ապացուցեցին, որ այս օրենքն իր նպատակին, այն է՝ «ապահովել մարդու սահմանադրական իրավունքը՝ ազատորեն, անկախ պետական սահմաններից, փնտրելու, ստանալու եւ տարածելու տեղեկություններ եւ գաղափարներ», չի ծառայում, ավելին, սահմանափակում է այդ իրավունքները: Իսկ Ռոբերտ Քոչարյանն ապացուցեց, որ արժանի էր «Մամուլի թշնամի» տիտղոսին, որովհետեւ «ԶԼՄ-ների մասին» նոր օրենքի նախագիծը շրջանառության մեջ դրվեց հենց կառավարության այն նիստի ժամանակ, որը նախագահում էր «Մամուլի թշնամի» տիտղոսակիրը: Երեկ Մամուլի ազգային ակումբն այլեւս հարկ չհամարեց անդրադառնալ օրենքի դրույթներին, այլ կոչ արեց ԶԼՄ-ներին՝ կողմնորոշվելու՝ համաձա՞յն են արդյոք համախմբվելու եւ թույլ չտալու, որ նախագիծը կամ օրենքի որեւէ փոփոխություն հայտնվեն ԱԺ օրակարգում, որովհետեւ հենց այն հայտնվի խորհրդարանում, բոլոր վտանգավոր դրույթները վերականգնվելու են: Իսկ դա ձեռնտու է իշխանություններին՝ հատկապես նախընտրական այս շրջանում, երբ օրենքի ցանկացած փոփոխություն լինելու է աչառու: «…Միանշանակ է, որ նախընտրական շրջանում գործող օրենքի ցանկացած փոփոխության կամ նոր օրենքի նախագծի ընդունում չի կարող նպաստել ազատ խոսքի եւ ժողովրդավարական արժեքների հաստատմանը, արժեքներ, որոնք հռչակել է Հայաստանի Հանրապետությունը՝ այն վերահաստատելով Եվրախորհրդի առջեւ իր ստանձնած պարտավորություններում…»,- ասվում է ՄԱԱ հայտարարության մեջ: Ըստ ՄԱԱ-ի, միայն ընտրություններից հետո, եթե ձեւավորվեն իշխանության ներկայացուցչական մարմիններ, հնարավոր կլինեն օրենքի անաչառ ու ժողովրդավարական քննարկումներ: «Այն համառությունը, որ իշխանությունը ժամանակ առ ժամանակ ցուցաբերում է օրենքի այս նախագիծն ընդունելու ԱԺ-ում, թույլ է տալիս մեզ ենթադրելու, որ նրանց նպատակը, մեղմ ասած, ազնիվ չէ, նրանք հերթական անգամ ուզում են զսպաշապիկ հագցնել ազատ եւ ընդդիմադիր մամուլին, որի թվաքանակը գնալով նվազում է: Իսկ դա պատճառ է դառնալու, որ այդ քանակն ընդհանրապես հավասարեցվի զրոյի: Այս համառությունը նշանակում է, որ իշխանությունները ձգտում են ընտրակեղծիքների ճանապարհով ընթանալ»,- ասաց ՄԱԱ անդամ Նարինե Մկրտչյանը: Ինչպես նկատեց «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, մեր իշխանությունները երբեք իրենց առաջ խնդիր չեն դրել օգնել ազատ մամուլի կայացմանը, այլ, ընդհակառակը, գնացել են զանգվածային լրատվությունը վերահսկելու քաղաքականությամբ: Եվ, որ ամենակարեւորն է, միայն «ԶԼՄ-ների մասին» օրենքի նախագծում է, որ լրագրողներն իրենց մասնակցությունը չեն ունենում. «Բոլոր գերատեսչություններում ոլորտի աշխատողն է նախագիծը գրում, իսկ ԶԼՄ-ինը, չգիտես ինչու, գրում է կառավարությունը»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, հանդիպմանը հրավիրված Արդարադատության փոխնախարար Ա. Աբովյանը, մամլո խոսնակ Ա. Սաղաթելյանը եւ մի շարք պատգամավորներ այդպես էլ ներկա չգտնվեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել