Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՈՒՄ ԵՆՔ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԹԱԼԱՆՉԻՆԵ՞Ր

Նոյեմբեր 20,2002 00:00

ԱՍՈՒՄ ԵՆՔ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԹԱԼԱՆՉԻՆԵ՞Ր Կոմունիստների առաջնորդը «16»-ի իր դաշնակիցների առջեւ այլ կոչեր էր անում, իսկ սեփական պաշտոնաթերթում հրապարակեց բոլորովին ուրիշ դիրքորոշում: «Հայաստանի կոմունիստն» իր երեկվա համարում առանձնացրել է ՀԿԿ 35-րդ համագումարում Կենտկոմի 1-ին քարտուղար Վլադիմիր Դարբինյանի զեկուցման մի հատված, որը բնորոշում է հանրապետության քաղաքական դաշտը: Եվ այստեղ մասնավորապես նշված է, թե իշխանության ձգտող ընդդիմության «քաղաքական եւ տնտեսական ծրագրերը ոչնչով չեն տարբերվում ներկայիս իշխանությունների ծրագրերից, միայն թե իրենք են ուզում նվաճել «գահը», որպեսզի դառնան դրության տերը եւ լինեն թելադրող: Ընդ որում, իրեն «ընդդիմություն» կոչող այդ միավորման մեջ մտնողների մի զգալի մասը ոչ հեռու անցյալում կարեւոր պաշտոններ ու պոստեր ունեցած մարդիկ են, որոնք սակայն ոչինչ չեն փոխել հանրապետության կյանքում եւ որեւէ դրական բան չեն արել ժողովրդի համար, բայց ոչ մի կերպ չեն հաշտվում այն մտքի հետ, որ համատարած ալան-թալանի այս թոհուբոհի մեջ իրենք ոչ թե առաջնային, այլ երկրորդական դիրքերում են գտնվում եւ հանկարծ կարող է ուշանան, եւ թալանի մեծ բաժինն իրենց չհասնի: Իրար կոկորդ բռնած, բայց, ըստ էության, նույն նպատակներն ունեցող եւ նույն արմատներից ծլարձակված այս երկու ուժերի (իշխանության եւ ընդդիմության.- Ա. Ի.) կողքին ժողովրդի շահերից ելնող միակ ազնիվ, շիտակ եւ իրոք արմատական ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է եւ այն ուժերը, որոնք պայքարում են ոչ թե աթոռի ու յուղոտ պատառ ստանալու, այլ համակարգը փոխելու համար»: Անգամ իրեն «արմատական ընդդիմություն» հռչակած Կոմկուսի համար ընդդիմության այս քննադատությունը գուցե չհնչեր առանձնապես արտառոց: Բա՛յց: Համագումարին բոլոր ներկաները կարող են փաստել, որ Վլադիմիր Դարբինյանը «16»-ի միավորման իր դաշնակիցների առջեւ նման խոսքեր չի ասել: Գուցե խնայե՞ց հրավիրվածներին կամ ամաչե՞ց դեմ առ դեմ, կոմունիստավարի համագումարին ներկա, ասենք, պաշտպանության նախկին նախարարի ճակատին ասել այն ամենը, ինչ մտածում է նրա նման «ոչ հեռու անցյալում կարեւոր պաշտոններ ու պոստեր» ունեցածների մասին: Իսկ գուցե հիմա՞ ասի, թե բոլորովին էլ «16»-ի իր գործընկերներին չէ, որ նկատի ուներ, այլ, ասենք, ՀՀՇ-ում առկա նախկին պաշտոնյաներին: Սակայն նշենք, որ ո՛չ պրն Դարբինյանը, ո՛չ համագումարի այլ հռետորներ առանձնապես չէին երկնչում ՀՀՇ-ի անունը տալուց եւ նրա գործիչներին Կոշի գաղութ ուղարկելու վերաբերյալ իրենց իղձը բարձրաձայնելուց: Մեր փոքրիկ գյուտը ստիպեց համեմատել Վլադիմիր Դարբինյանի զեկուցման պահպանված ձայնագրությունը եւ ՀԿԿ պաշտոնաթերթում հրապարակված տեքստը: Եվ պարզվեց, որ տարբերությունները վերոբերյալ հատվածով չեն սահմանափակվում: Ըստ պաշտոնաթերթի հրապարակման, ասենք՝ «Ընտրողները պետք է հավատացած լինեն, որ Կոմունիստական կուսակցությունն է այն միակ ուժը, որը կարող է փոխել ժողովրդի վիճակը»: Մինչդեռ այս, եւ նման՝ բացառապես սեփական կուսակցությունն առանձնացնող հրապարակված այլ պնդումների փոխարեն՝ համագումարում Կոմկուսի առաջնորդը հաճոյախոսություններ էր շռայլել նաեւ դաշնակիցների, իր բնորոշմամբ՝ ժողովրդահայրենասիրական ուժերի հասցեին: Ուշագրավ է նաեւ, որ գրավոր տեքստից դուրս են մնացել զեկուցման գրեթե բոլոր այն հատվածները, որոնք վերաբերում են Ռոբերտ Քոչարյանին: Իշխանությունների մասին խոսելով՝ Վլադիմիր Դարբինյանը համագումարում միշտ առանձին մատնանշում էր, թե այդ ամենն արվում է հանրապետության նախագահի գլխավորությամբ, մինչդեռ տեքստում բացակայում է այդ ամենը: Ո՞վ է կատարել բոլոր այս փոփոխությունները՝ այս հարցը պարզելու համար դիմեցինք «Հայաստանի կոմունիստի» խմբագրական խորհրդի նախագահ, ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Նորիկ Պետրոսյանին: «Ես առանձնապես տարբերություններ չեմ տեսնում այստեղ»,- ասաց նա: Սակայն առնվազն ընդդիմության այդ ջախջախիչ քննադատությունը չի հնչել համագումարում: «Հնչել է, ո՞նց չի հնչել»,- հակադարձեց պրն Պետրոսյանը: Սակայն երբ հայտնեցինք, որ հակառակն է վկայում ձայնագրությունը՝ նահանջեց. «Չեմ կարող ասել, ուշադրություն չեմ դարձրել: Զեկուցումը մեզ բերել են դիսկետով՝ հրապարակել ենք: Իսկ հատվածն առանձնացրել ենք, որպեսզի ավելի որոշակի լինի՝ փաստորեն դա զեկուցման մեխն էր, թե ինչ են ցանկանում իշխանությունները, տարբեր երանգի ընդդիմությունը եւ Կոմկուսը»: Մեր արձանագրած բոլոր տարբերությունները փոքր-ինչ մեղմացնում են իշխանության վերաբերյալ շեշտադրումները եւ ուղղակի փոխում ընդդիմության նկատմամբ Կոմկուսի առաջնորդի դիրքորոշման մասին պատկերացումը: Ետհամագումարյան այս սրբագրումները վկայում են, թե կոմունիստներն ունեն արտաքին եւ ներքին օգտագործման ճշմարտություններ: «Մենք ասում ենք Լենին՝ հասկանում կուսակցություն, մենք ասում ենք կուսակցություն՝ հասկանում Լենին»,- Մայակովսկու այս տողերի վերաբերյալ ժամանակին մի զվարճապատում կար, թե 70 տարի մենք մի բան ասում՝ հասկանում էինք ուրիշ բան: Փաստորեն, կոմունիստների համար շարունակվում են այդ տարիները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել