Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԸ» ՍՊԱՌՆՈՒՄ Է

Նոյեմբեր 26,2002 00:00

«ՎԵՐԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԸ» ՍՊԱՌՆՈՒՄ Է «Հոկտեմբերի 27» քրգործի դատավարության ընթացքին թույլատրել են հետեւել Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր ունեն անձնագիր եւ ցանկություն։ Եվ 3-րդ նիստն է, ինչ դատարանի դահլիճում հայտնվում են մարդիկ, որոնք, ոչ ավել, ոչ պակաս, մի դեպքում իրենց կարեւորագույն վկա են համարում, մի դեպքում՝ կասկածյալ, իսկ երեկ, օրինակ, մի տիկին իրեն համարեց վերջին ատյանի դատավոր։ Այն, որ Հայաստանում դատական համակարգը եռաստիճան էր՝ գիտեինք, հիշեցնենք, որ կան առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններ, սակայն «վերին ատյանի դատավորի» ներկայությունը խիստ անհանգստացրեց դատավոր Սամվել Ուզունյանին, որը դուրս հրավիրելով նրան, ընդամենն արձանագրեց, որ շուտով մեզ հարկ կլինի գժական բրիգադներ հրավիրել դատարանի դահլիճ։ Ի դեպ, դատավոր տիկինը խոստացավ Նաիրի Զիբիլյանի հետ դատարան քարշ տալ նախագահող Ուզունյանին եւս։ Հինգերորդ դատական նիստն է, ինչ հարցաքննում են վկա, ՆԳ նախկին աշխատակից, ԱԺ անցակետի հսկիչ Արմեն Գասպարյանին։ Դատարանի դահլիճում գտնվող նրա հայրը մեր մասնավոր զրույցի ժամանակ երեկ տեղեկացրեց, որ Էրեբունի բժշկական կենտրոնից տղային ուղարկել են նեղ մասնագիտական հիվանդանոց եւ նա, փաստորեն, գտնվում է հոգեբույժների հսկողության տակ։ Այնուամենայնիվ, նա հայտնեց, որ կարող է պատասխանել հարցերին, իսկ պատասխանների հիմքում հիմնականում դրված էին «չեմ հիշում», «չեմ նկատել», «չգիտեի», «չի անցել» բառակապակցությունները։ Նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ նա հայտնել էր, որ անցակետում անգամ ստուգվում էին պայուսակները։ Երեկ պատասխանելով մեղադրող Արմեն Հարությունյանի հարցին, նա ժխտեց այդ եւ հայտնեց, որ իրավունք չունի ստուգել ԱԺ մտնողների պայուսակները։ Մեղադրողը վկայակոչելով ԱԺ պահպանության մասին հրահանգը, փորձեց ճշտել, թե ինչ պարտականություններ եւ իրավունքներ ուներ վկան։ Հետաքրքիր է, որ հարցադրումներն ընդհանրապես մեղադրական բնույթ էին կրում եւ այնպիսի տպավորություն էր, թե քննում էին կասկածյալի եւ ոչ թե վկայի։ Վկային ցույց տրվեցին այն վկայականները, որոնք տրվել էին Ազգային հեռուստատեսության կողմից՝ անգլերեն լեզվով։ Վկայականները կնքված էին եւ ժամկետ նշված չէր։ Նոյեմբերի 15-ի դատական նիստում վկա Գասպարյանը հայտնել էր, որ կա նշված ժամկետ։ Սակայն երեկ նա հայտնեց, որ ինքը սուտ ցուցմունք տալու մտադրություն չի ունեցել, այլ պարզապես հիշողության մեջ ֆիքսված է եղել «ուժի մեջ մտած ժամկետ»։ Քրեական գործին կցելու համար մեղադրողը դատարանին հանձնեց ՆԳ նախարարությունից ստացված վերակարգի գրքերը (3 հատ), որոնք ընդգրկում են մարտի 27-ից մինչեւ մայիսի 15, օգոստոսի 27-ից մինչեւ հոկտեմբերի 8 եւ հոկտեմբերի 9-26-ի ժամանակահատվածը, որտեղ տրված է, թե ովքեր են ծառայել, զենք կրել եւ ինչ ստուգումներ են տեղի ունեցել հրամանատարական կազմի կողմից։ Ըստ մեղադրողի, Հունանյան եղբայրները զարմանալի զուգադիպությամբ ԱԺ են մուտք գործել ճիշտ այն չորեքշաբթի օրերին (ապրիլի 28, սեպտեմբերի 15), երբ հերթապահել է 2- րդ պահակակետում վկա Արմեն Գասպարյանը։ «Պատահականությո՞ւն է, թե՞ համընկնում է» հարցով նա դիմեց վկային, սակայն հավանաբար հարցը պիտի տրվեր տուժող, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանին, որպեսզի պատասխաներ, թե ինչպես է լինում, երբ ՆԳ համակարգ նոր ոտք դրած մարդուն առանց զենքի նշանակում են ոչ ավել, ոչ պակաս՝ նման կարեւորագույն օբյեկտի պահպանության գործին։ Ի դեպ, հետաքրքիր է եղել այն անցաթուղթը, որը ցույց են տվել ահաբեկիչները։ Այնտեղ գրված է եղել, որ տրվել է ժամը 15.00-ին, իսկ իրականում նրանք ներս են մտել 17.05-ին։ Սա էլ իր տաղտկալի բացատրությունն ուներ։ Վկայի մեկնաբանմամբ, քանի որ իրենք ժամացույց չունեին, չէին կարող ֆիքսել, թե ով քանիսին է մտնում Ազգային ժողով։ Նորից շոշափվեց այն հարցը, թե նախկին կասկածյալ, գործով վկա, լրագրող Նաիրի Բադալյանը քանի անգամ է մտել եւ դուրս եկել անցագրայինից։ Ըստ քրեական գործի տվյալների՝ 2 անգամ, իսկ ըստ այս վկայի՝ 1 անգամ։ «Այդպիսի քաղաքացի իմ մոտով բացառվում էր, որ գա-անցնի»,- ասաց նա։ Սակայն մի հարցի, այնուամենայնիվ, չպատասխանեց նա։ Նաիրի Բադալյանի հետ առերեսման ժամանակ Նաիրի Բադալյանին ինքը հարցրել էր. «Ինչի՞ ես ուզում հետդ տանել»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել