ԵՄ–Ռուսաստան նշմարվող շփումների ուշագրավ ազդակներ
Անցյալ շաբաթ Financial Times-ը, հղում անելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային, հետաքրքրական տեղեկություն հայտնեց այն մասին։ Ըստ հրապարակման՝ նա ասել է, որ ԵՄ առաջնորդների հետ քննարկում է Ռուսաստանի հետ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները, երբ «գա ճիշտ պահը»։
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, հայտնում էր Financial Times-ը՝ հղում անելով Կոշտային։ Ըստ Եվրոպական խորհրդի նախագահի՝ ԵՄ-ն ունի Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու «ներուժ», եւ որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցում է դաշինքին այդ հարցում։ «Ես բանակցություններ եմ վարում ԵՄ 27 երկրների ղեկավարների հետ՝ որոշելու մեր աշխատանքը կազմակերպելու լավագույն եղանակը եւ հասկանալու, թե ինչ պետք է քննարկենք Ռուսաստանի հետ, երբ ժամանակը գա», – նշել էր Կոշտան։
Եվրոպական խորհրդի նախագահը հավելել էր, որ անցյալ ամիս Կիպրոսում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Զելենսկին «կոչ է արել մեզ պատրաստ լինել դրական ներդրում ունենալ բանակցություններում»։
Կարդացեք նաև
Financial Times-ի այս հրապարակումից հետո Կրեմլից հայտարարեցին, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է բանակցել «բոլորի» հետ, այդ թվում՝ եվրոպացիների։ «Պուտինը պատրաստ է բանակցել բոլորի հետ։ Նա բազմիցս հայտարարել է այդ մասին», – ասել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Reuters-ի կողմից FT-ի հոդվածի վերաբերյալ հարցին պատասխանելով։
Ավելին, մայիսի 9-ին Պուտինը, պատասխանելով լրագրողների հարցին Եվրոպայում մնացած «խելամիտ քաղաքական գործիչների» մասին, Շրյոդերին անվանել էր իր նախընտրելի եվրոպական ներկայացուցիչը խաղաղության շուրջ ապագա բանակցություններում։
Սակայն օրեր անց Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասը մերժեց Պուտինի նշյալ առաջարկը. «Եթե Ռուսաստանին իրավունք տանք մեր անունից բանակցող նշանակել, դա, գիտեք, այնքան էլ խելամիտ չէր լինի»։ Կալլասը նաեւ նշել է, որ Շրյոդերը նախկինում լոբբինգ է իրականացրել ռուսական պետական ընկերությունների օգտին, ուստի նման դեպքում նա «սեղանի երկու կողմերում կլիներ»։ Ուկրաինան եւս մերժեց Պուտինի՝ Գերմանիայի նախկին կանցլերին եվրոպական միջնորդ դարձնելու առաջարկը։ «Մենք կտրականապես չենք աջակցում դրան, կան բազմաթիվ արժանի առաջնորդներ», – ասել էր Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան։
ԵՄ–ի ազդեցությունը փոխվում է. կառույցն ամրապնդվում է
Ապրիլի 23-24-ը Կիպրոսում Եվրամիության հերթական երկօրյա գագաթնաժողովը կայացավ։ Դրա մեկնարկից առաջ ԵՄ-ն հրապարակեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Բանկերի ցուցակում, որոնց հետ 2026 թ. մայիսի 14-ից արգելվում են գործարքները, հայտնվել էին 20 կազմակերպություն։ Սահմանափակումները կանդրադառնան նաեւ երրորդ երկրների չորս ֆինանսական հաստատություններին։ Բացի այդ, ԵՄ-ն հավանություն տվեց Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելուն։
Այսպիսով, Կիպրոսում կայացած ԵՄ գագաթնաժողովը Եվրոպական անվտանգության ձեւավորման հարցում առանց Վաշինգտոնի քայլ անելու հստակ գիծ նախանշեց։ Գագաթնաժողովի գլխավոր արդյունքներն էին․ Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի համաձայնեցումը, Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցային փաթեթի հաստատումը եւ եւս մեկ կարեւոր փաստ՝ ԵՄ պայմանագրի 42(7)-րդ հոդվածը՝ փոխադարձ պաշտպանության դրույթի գործնական իրականացման ուղղությամբ քայլի իրագործումը։
42(7)-րդ հոդվածը նախատեսում է փոխադարձ օգնություն՝ անդամ երկրներից մեկի նկատմամբ զինված հարձակման դեպքում, եւ դրա կիրառման գործնական ուղեցույցների մշակումը գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկն էր։
ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից հնարավոր հեռացման սպառնալիքների համատեքստում ԵՄ առաջնորդները, ըստ էության, քննարկում էին սեփական պաշտպանական հենքի ամրապնդումը՝ ընդհուպ մինչեւ այնպիսի սցենար, որի դեպքում 42(7)-րդ հոդվածը մասնակիորեն կփոխարինի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը։
Նկատենք՝ սա տեղի ունեցավ Թրամփ-ՆԱՏՕ-ի սառը հարաբերությունների ֆոնին, երբ Բալթյան երկրները, Ֆինլանդիան եւ Լեհաստանը առավել հաճախ են սկսել խոսել սեփական պաշտպանական խոցելիության մասին։ Թրամփի մոտեցումը Եվրոպայի նկատմամբ բավական փոխվել է։ Նրա համար կարեւոր չեն ոչ պատմական, ոչ էլ ռազմավարական գործընկերությունը։ Նա պարբերաբար խոսում է ԵՄ արտադրողների նկատմամբ մաքսատուրքային պատժամիջոցների կիրառման մասին, իսկ առանձին երկրների առաջնորդների՝ Մակրոնի, Սթարմերի, Մելոնիի հասցեին թույլ է տալիս ոչ դիվանագիտական ձեւակերպումներ։
42(7)-րդ հոդվածի՝ որպես «գործող մեխանիզմի» ակտիվացումը փաստում է ԵՄ-ում սեփական հավաքական պաշտպանության համակարգի ձեւավորման ուղղությունը։ Որոշ փորձագետների ձեւակերպմամբ՝ ուրվագծվում է եվրոպական ՆԱՏՕ-ի շրջանակը՝ առանց ԱՄՆ-ի։ Իրավական տեսանկյունից՝ 42(7)-րդ հոդվածը ԵՄ երկրներին պարտավորեցնում է անդամ երկրներից մեկի նկատմամբ զինված ագրեսիայի դեպքում օգնություն ցուցաբերել «բոլոր հասանելի միջոցներով», այլ ոչ թե միայն այն միջոցներով, որոնք նրանք «անհրաժեշտ կհամարեն», ինչպես սահմանված է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածում։
Այլ կերպ ասած՝ ԵՄ երկրները փաստացի պարտավոր են օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, սակայն օգնության ձեւը՝ ռազմական, ֆինանսական, հետախուզական կամ այլ, ընտրում են իրենք։ Արդեն իսկ սկսվել է 42(7)-րդ հոդվածի կիրառման ուղեցույցների մշակումը եւ դրա իրականացման ճանապարհային քարտեզի կազմումը։ Առայժմ՝ առանց միասնական ռազմական շտաբի ստեղծման։
Էրդողանը սկսել է կարեւորել ԵՄ–ին մերձենալը, բայց հիշեցնելով՝ «Թուրքիան այլեւս այն չէ, ինչ նախկինում էր»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չհրավիրեցին Կիպրոսում անցկացված ԵՄ հերթական գագաթնաժողովին։ ԵՄ հարցերով Կիպրոսի նախարար Մարիլենա Ռաունան Էրդողանին չհրավիրելու հանգամանքը պայմանավորել էր «անորոշ աշխարհաքաղաքական զարգացումներով»։
Գագաթնաժողովից օրեր անց Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո քննադատեց ԵՄ-ին։ Մեկնաբանելով ԵՄ-ի հետ հարաբերությունները՝ Էրդողանը ԵՄ-ին կոչ արեց հարգել Անկարայի «կառուցողական դիրքորոշման» արժեքը, չչարաշահել այն եւ զերծ մնալ այն վտանգող գործողություններից. «Եվրոպան այսօր ավելի շատ Թուրքիայի կարիքն ունի, քան Թուրքիան՝ Եվրոպայինը։ Վաղը դրա անհրաժեշտությունն ավելի մեծ կլինի, քան այսօր»։
Էրդողանի խոսքով՝ «Միության շատ ինստիտուտներում դեռեւս հստակորեն գոյություն ունի ռազմավարական կարճատեսություն Թուրքիայի նկատմամբ։ Այժմ անհրաժեշտ է հասկանալ, որ Եվրամիությունը՝ առանց Թուրքիայի՝ որպես լիիրավ անդամի, չի դառնա գլոբալ խաղացող կամ ծանրության կենտրոն։ Մենք այն երկիրը չենք, որի արժեքը հիշվում է միայն անհրաժեշտության դեպքում, որի դուռը թակվում է անհրաժեշտության դեպքում, եւ որը, այլ կերպ, մի կողմ է մղվում։ Մենք երբեք չենք եղել եւ երբեք չենք լինի… Հիշե՛ք. Թուրքիան այլեւս այն Թուրքիան չէ, ինչ նախկինում էր, եւ աշխարհն այլեւս այն աշխարհը չէ, որը սահմանափակված է արեւմտյան պետությունների ազդեցության ոլորտով։ Կառուցվում է նոր աշխարհ՝ աշխարհ, որտեղ տարածաշրջանային համագործակցությունը գնալով ավելի կարեւոր է դառնում, ի հայտ են գալիս նոր խաղացողներ, եւ համաշխարհային համակարգն արագորեն շարժվում է դեպի բազմաբեւեռություն։ Թուրքիան ամենաուժեղ երկրներից մեկն է, որը պատրաստ է դառնալ այս նոր համակարգի բեւեռներից մեկը»։
Թուրքիայի նախագահը խորհուրդ տվեց Թուրքիայի աճող հզորությունն ու համաշխարհային ազդեցությունը դիտարկել որպես փակուղուց դուրս գալու հնարավորություն։ «Մենք հույս ունենք, որ եվրոպացի որոշում կայացնողները մի կողմ կդնեն իրենց քաղաքական եւ պատմական նախապաշարմունքները եւ կկենտրոնանան Թուրքիայի հետ անկեղծ, անկեղծ եւ հավասար հարաբերությունների զարգացման վրա։ Նման հարաբերությունները օգուտ կբերեն եվրոպական մայրցամաքին, որի անբաժանելի մասն է կազմում Թուրքիան։ Այսօր Եվրոպան ավելի շատ կարիք ունի Թուրքիայի, քան Թուրքիան՝ Եվրոպայի», – դարձյալ շեշտեց Էրդողանը։ Այսպես, Անկարան պահանջում է, որ ԵՄ-ն ճանաչի Թուրքիային որպես լիիրավ անդամ, քանի որ նրանց ընկալմամբ՝ առանց Թուրքիայի կառույցը չի կարող լինել համաշխարհային խաղացող կամ ծանրության կենտրոն։
Նախօրեին Թուրքիայի նախագահը Ստամբուլում ընդունել էր Բելգիայի թագուհի Մաթիլդային, որի հետ քննարկել էր երկկողմ հարաբերություններ, տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ՝ առեւտրային, պաշտպանության եւ էներգետիկայի հարցեր։ Էրդողանը կրկին ընդգծել էր ԵՄ անդամակցության եւ Մաքսային միության վերականգնման հարցը, շեշտել էր՝ տարածաշրջանային վերջին իրադարձությունները՝ կրկին կարեւորելով Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունների աշխարհաքաղաքական նշանակությունը։ Նա նշել էր, որ Մաքսային միության վերականգնումը նոր իրողությունների ֆոնին եւ Անկարայի մասնակցությունը ԵՄ պաշտպանական նախաձեռնություններին մնում են առաջնահերթություններ՝ լիիրավ անդամակցության ճանապարհին ու բխում են երկու կողմերի ընդհանուր շահերից։
Ալիեւը շարունակում է քրոնիկ դժգոհել ԵՄ–ից
Բաքվից տեսակապով միանալով Երեւանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Ալիեւը պնդեց, թե այդ կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք եւ սուտ»։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից՝ 2021-ից մինչեւ 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձեւ, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը՝ այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ», – ասաց Ալիեւը՝ պնդելով, թե դրա փոխարեն եվրոպացի պատգամավորները պետք է անդրադառնան եվրոպական ընտանիքի «հիմնարար խնդիրներին՝ միգրացիա, իսլամաֆոբիա, մրցունակության բացակայություն»։ Ալիեւը, դիմելով եվրոպացի առաջնորդներին, կրկին քննադատեց Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձեւերի» ու «սադրիչ քայլերի համար»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանը Հայաստանի վերաբերյալ բանաձեւ էր ընդունել, որում առանձին կետով վերահաստատել էր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության, սեփականության եւ մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաեւ նրանց անվտանգ, անարգել եւ արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ միջազգային երաշխիքների ներքո։ Բանաձեւը դատապարտել էր նաեւ «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների եւ պատանդների անարդարացի կալանավորումը»՝ պահանջելով նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը։
Արձագանքելով այդ բանաձեւի ընդունմանը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսը որոշեց խզել կապերը Եվրախորհրդարանի հետ։ Ալիեւն անգամ հիշեցրեց, թե Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ՝ Տիրանայում կայացած հավաքին եվրոպացի առաջնորդներն են «խնդրել իրեն միանալ Երեւանում անցկացվող գագաթնաժողովին, Հայաստանն էլ չի ընդդիմացել, որ եւ 2028-ին հավաքը կայանա Բաքվում»։ «Սա մեր միջեւ խաղաղության եւս մեկ ցուցիչ է», – ասել էր նա՝ հավելելով. «Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք արդեն եւ սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Խաղաղությունն արդեն իրականություն է», – ասել է Ալիեւը՝ հատուկ ընդգծելով, որ դրա կարեւոր բաղադրիչներից մեկը Թրամփի ուղին է, որը անցնելու է Հայաստանով դեպի Նախիջեւան եւ դառնալու է Միջին միջանցքի մի մասը։ «Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները»։
Ալիեւի ելույթից րոպեներ անց Եվրախորհրդարանի նախագահը հատուկ խոսքի իրավունք խնդրեց՝ Ալիեւին արձագանքելու։ «ԵՄ խորհրդարանը ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձեւերը ընդունվում են մեծամասնության ձայնով։ Դրա արդյունքները գուցե անհարմարություններ են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը եւ այն դիրքորոշումը, որը որդեգրում ենք», – նշեց Ռոբերտա Մեցոլան։
Ալիեւի հիստերիան լիովին հասկանալի է։ Մայիսի 1-ին հայտնի դարձավ, որ Բաքուն արտգործնախարարություն է կանչել եւ բողոքի նոտա հանձնել ԵՄ դեսպան Մարիանա Կույունջիչին՝ խստորեն դատապարտելով Եվրախորհրդարանի՝ նախորդ օրը ընդունած բանաձեւի, ըստ նրանց՝ «անհիմն եւ կողմնակալ դրույթները»։ Միլի Մեջլիսն իր հերթին որոշեց դադարեցնել հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի հետ, ինչպես նաեւ հատուկ հանձնաժողով ստեղծել՝ «Եվրախորհրդարանի հակաադրբեջանական գործունեության վերաբերյալ որոշումներ կայացնելու» նպատակով։
Թե ինչ քաղաքական-դիվանագիտական «ապտակ» էր Բաքվի համար Եվրոպական խորհրդարանի կողմից ձայների գերակշիռ մեծամասնությամբ վերահաստատած աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, դժվար չէր պատկերացնել։ ԵՄ-ն հստակ ընդգծեց՝ արցախցիների ինքնության, սեփականության եւ մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաեւ նրանց անվտանգ, անխոչընդոտ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Կոչ անելով՝ հասնել համապարփակ խաղաղության պայմանագրի, միաժամանակ ԵՄ-ն դատապարտեց «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների եւ պատանդների անարդարացի կալանավորումը»՝ պահանջելով նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը։
Ավելին, Եվրախորհրդարանի փաստաթղթով կոչ արեցին «պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման համար պատասխանատուներին» եւ Ղարաբաղ հրավիրել միջազգային գնահատման առաքելություն։
Ահա, արձագանքելով այս բանաձեւի ընդունմանը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսը խզեց կապերը Եվրախորհրդարանի հետ, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն բանաձեւը որակեց որպես «անհիմն եւ կողմնակալ»՝ պնդելով, թե «Ղարաբաղի հայերը կամավոր են լքել տարածաշրջանը»։ Խորհրդարանի խոսնակ Սաբինա Գաֆարովան եվրոպացիների հասցրած «ապտակից» անմիջապես հետո վրդովված հայտարարեց, թե սա առաջին դեպքը չէ, երբ Միլի Մեջլիսը ստիպված է դադարեցնել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ «հայամետ փաստաթղթերի ընդունման պատճառով»։ «Ցավոք, անցած 10 տարիները ցույց տվեցին, որ Եվրախորհրդարանը մտադիր չէ հրաժարվել Ադրբեջանի դեմ իր կողմնակալ գործողություններից», – ասել էր Գաֆարովան։ «Խրախուսելով ռեւանշիստական ուժերին՝ Եվրախորհրդարանը փորձում է մեր տարածաշրջանը կրկին վերածել հակամարտության օջախի», – ասվում էր Միլի Մեջլիսի հայտարարության մեջ։
ԵՄ-ի քայլից հետո Ադրբեջանում դեռ չեն հանդարտվել։ Օրերս Ալիեւը Զանգելանի բնակիչների հետ հանդիպմանը «մեծահոգաբար» նշել է, թե Ադրբեջանը նպատակ չունի կործանել Հայաստանը կամ զրկել անկախությունից, ապա սահուն անցում է կատարել եվրոպացիների թեմային։ «Եվրոպայի, այսպես կոչված, դիտորդները, ենթադրաբար, շարունակում են մշտադիտարկում իրականացնել Ադրբեջան-Հայաստան սահմանին։ Ես այն ժամանակ էլ եմ ասել․ եթե մենք մի կրակոց արձակեինք, նրանք անմիջապես կփախչեին, եւ այնտեղ անգամ իրենց հետքը չէր մնա», – ասել է Ալիեւը՝ միաժամանակ նշելով, թե եվրոպացի դիտորդները ներկայացնում են, թե Հայաստանը Ադրբեջանից են պաշտպանում․ «Որեւէ կարիք չկա Հայաստանը մեզնից պաշտպանելու։ Մենք հասել ենք նրան, ինչի նպատակը դրել էինք մեր առաջ»։
Զարմանալի ու նախանձելի «զուգադիպությամբ» ու հետեւողականությամբ, գիտե՞ք, թե Ալիեւի հետ «միահամուռ» ուժերով էլ ովքեր են ատում ԵՄ-ին ու քննադատում Մակրոնին… ՌԴ իշխանությունները, ռուսական պետական քարոզչամեքենան եւ Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները, որոնք Եվրոպական քաղաքական համայնքի երեւանյան գագաթնաժողովից հետո օրեր անց էլ դեռ անգիր արած, նույն թեզերով, «ծաղրում» են Մակրոնին։ Հայաստանի բարեկամ այն պետության ղեկավարին, որը 2020-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո, ի տարբերություն Պուտինի, խոսել է եւ շարունակում է խոսել Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։
Հայաստանյան «հայրենասերները», սակայն, երբեք չեն խոսել ու փորձ են անում մոռացության տալ մի քանի կարեւոր թեմաներ. ինչո՞ւ 2011-ից հետո Մոսկվայում որոշեցին զինել Ադրբեջանին եւ Բաքվի ու Անկարայի հետ արգելափակել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որն Ալիեւին այնքան ոգեւորեց, որ նա որոշեց Արցախի հարցը «լուծել ուժի միջոցով» ու այսօր այդ մասին հրապարակավ հպարտանում է։
Ամփոփումը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.05.2026


















































