«Ես քննադատում եմ բոլորին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռեֆորմիստներ» կուսակցության վարչապետի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ ինքն է՞լ է կրկնում Նիկոլ Փաշինյանի թեզը, երբ ասում է, որ 2006 թվականից Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, իրենց ռազմական բյուջեն անգամներով գերազանցում էր ՀՀ ռազմական բյուջեն, ու ստացվում է, որ «նախկիններն» էին մեղավոր՝ չեն զինվել։
Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ ինքն էլ է մեղավոր, քանի որ այս տարիների ընթացքում տարբեր պետական բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել, բայց այժմ չի անձնավորի խնդիրները, քանի որ չի ցանկանում մեծացնել հասարակության պառակտվածությունը։
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ ասաց․ «Ինքը եղել է առաջին փոխնախարար, ինքը դրսից չի բերվել։ Կամ նույն շտաբի պետը՝ Օնիկ Գասպարյանը, եղել է շտաբի պետի տեղակալ, դրսից չի բերվել։ Ինչի՞․․․ Դա այլ խնդիր է, որը պետք է ուսումնասիրվի, չի կարելի օդի մեջ։ Ես ուսումնասիրել եմ, ժամանակը կգա՝ կասեմ»։
Հարցին՝ Հայաստանն ունե՞ր հնարավորություն 1994 թվականից հետո Ադրբեջանին հավասար կարողություններով մեծացնել ռազմական բյուջեն, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց՝ ասելով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը երեք անգամ ավելի շատ զենք-զինամթերք է վերցրել, բայց այն ժամանակ Հայաստանը կարողացավ ամեն ինչ ճիշտ կազմակերպել և հաղթել։ Ընդունում է՝ Ադրբեջանի եկամուտներն ավելի շատ էին, մենք էլ տարբեր հարթություններում խնդիրներ ունեինք, բայց այլ տնտեսական մոդել ընտրելու դեպքում, կարծում է, ամեն ինչ ավելի հավասարակշռված կընթանար։
Կարդացեք նաև
Ասում է՝ պետության դերն ավելի մեծ պետք է լինի, ինչը այժմ առաջարկում են իրենց նախընտրական ծրագրով։ Օրինակ է բերում՝ Ադրբեջանի հիմնական նավթային ընկերության ողջ եկամուտը գնում է պետական բյուջե։ Հայաստանի դեպքում՝ մեր բացառիկ հարստության՝ մոլիբդենի դիմաց արտահանող ընկերությունը հարկ է վճարում, բայց դա հիմնական եկամուտ չի դառնում պետության համար։ Մինչդեռ աշխարհի մոլիբդենի 5-7 տոկոսը Հայաստանում է։
Նաև կադրային քաղաքականությունն է քննադատում՝ թե նախկինում, թե այժմ։
Որ Հայաստանի բանակը տարածաշրջանի ամենաուժեղն էր, Վաղարշակ Հարությունյանը միֆ չի համարում, քանի որ դա ապացուցվել է արցախյան առաջին պատերազմում։ Հետո՝ ասում է, բացթողումներ ենք ունեցել, և այսօրվա պատկերը դրանց արտացոլումն է։
«Հիմա ես գնահատում եմ՝ ևս կան բացթողումներ։ Զենք են առնում, պրոբլեմ է․․․ Մեր անվտանգությունն, ամենակարևորը, ապահովված չէ փաստաթղթով։ Մենք ունե՞նք փաստաթուղթ, որը երաշխիք է տալիս ապահովել անվտանգությունը։ Պետք է ունենաս անվտանգության հստակ հայեցակարգ, որի հիման վրա կառուցես քո արտաքին քաղաքականությունը։ Մենք այսօր ունենք այդպիսի փաստաթուղթ ՌԴ-ի հետ, որը 30 տարի գործել է, այսօր մասամբ չի գործում»։
Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, ըստ Վաղարշակ Հարությունյանի, ամբողջական երաշխիք չէ անվտանգության ապահովման։ Առհասարակ, փաստաթուղթը պարտադիր պայման է համարում պետությունների միջև, բայց միշտ չէ, որ պարտադիր կատարվում է, և այստեղ է, որ խնդիրը դառնում է համալիր՝ բանակ, պետական կառույցներ, տնտեսություն։ Իսկ եթե խոսքը ռազմական անվտանգությանը վերաբերում է, ապա հավասարակշռությունն է ապահովում․ «Բանակը պետք է կարողանա ապահովել ռազմական բալանսը»։
Հստակ հարցին՝ հավատո՞ւմ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է լինել խաղաղություն, պատասխանեց․ «Ոչ»։
Նա նաև նկատեց՝ որքան էլ Հայաստանի իշխանությունը հայտարարի, որ իր հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ չունի, թե Թուրքիան, թե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ հնչեցնում են տարածքային պահանջներ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































