Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎ ԿԱՏՈՒՆ ԱՅԼԵՎՍ «ՆԱՎՍ» ՉԷ

Նոյեմբեր 27,2002 00:00

ՍԵՎ ԿԱՏՈՒՆ ԱՅԼԵՎՍ «ՆԱՎՍ» ՉԷ Լատինամերիկյան հայտնի նկարիչ Ֆերնանդո Բոթերոյի կերտած երեք մոնումենտալ «Կատու» քանդակներից մեկը երեկ դարձավ երեւանցիներինը։ Դա «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի նվերն էր հայ ժողովրդին։ 2 մետր բարձրությամբ մեծ սեւ կատուն տեղադրվեց Կասկադ համալիրի սկզբնամասում։ Սեւ «Կատուն» ծածկված էր սեւ «վերնազգեստով», «զգեստազրկման» գրավիչ արարողության պատիվը կիսվեց Վարդան Օսկանյանի, Ռոբերտ Նազարյանի եւ «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Սարգսյանի միջեւ։ Այնուհետեւ հյուրերը մեծ հաճույքով, փուչիկներով ու ժպիտներով վերուվար արեցին Կասկադի վերստին գործարկված շարժասանդուղքներով։ Ի դեպ, այսուհետեւ Կասկադի շարժասանդուղքը կաշխատի առանց խափանման եւ անվճար։ Մեր՝ «որքա՞ն ժամանակ» հարցին Երեւանի քաղաքապետը պատասխանեց՝ ընդմիշտ։ Նշենք, որ վերջին անգամ շարժասանդուղքը կարճ ժամանակով վերագործարկվել է 1997 թվականին։ Իսկ 2002-ի մայիսին Հայաստանի Հանրապետությունը Կասկադը տրամադրել է «Գաֆեսճյան» հիմնադրամին։ Անցած ամիսներին կատարվել են վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներ։ Մինչեւ գարուն պատրաստ կլինեն համալիրի ցուցասրահներից մի քանիսը, շատրվաններն ու ոռոգման համակարգը։ Իսկ «Գաֆեսճյան» թանգարանը, որը մինչ այս արդեն «բացում» տեսել էր Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» կտավով, կվերանորոգվի, վերջնականապես կձեւավորվի ու կվերաբացվի 2006 թվականին։ Ջերալդ Լ. Գաֆեսճյանի Ժամանակակից արվեստի թանգարանը հավակնում է դառնալ միջազգային՝ շրջիկ ցուցահանդեսներով եւ հիմնականում վիզուալ արվեստի նմուշներով։ Անպայման ասենք, որ առայսօր Ջերալդ Գաֆեսճյանը շուրջ 40 մլն դոլար է նվիրաբերել հիմնադրամին՝ Հայաստանին եւ հայկական խնդիրներին աջակցելու նպատակով։ Այս նվերը չի կարող մրցել Քըրք Քըրքորյանի նվերի հետ, բայց, դե՝ շնորհակալ ենք։ Հատկապես, որ այն աճի միտում ունի։ «Իմ ընտանիքի պահանջներն ապահովելուց հետո մնացյալ ունեցվածքիս հիմնական մասը կուղղվի հայկական խնդիրների աջակցությանը»,- խոստովանել է եւ խոստացել պարոն Գաֆեսճյանը։ Այ, եթե նրա ընտանիքի պահանջները մի քիչ համեստ լինեին… Կրկին անդրադառնալով «Կատվին», ասենք, որ այսքան ուրախություններ սկզբնավորած սեւ կատուն դժվար թե «նավսոտ» լինի կամ դրա պատճառ դառնա։ «Ես, համենայնդեպս, այդպիսի բաների չեմ հավատում»,- պատասխան լսեցինք արտգործնախարար Վ. Օսկանյանից, քաղաքապետ Ռ. Նազարյանից եւ գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանից։ Նախկինում մեծ գանձատուփ հիշեցնող սեւ կատուն պատճառ դարձավ, թե՝ ոչ, բայց վերջին տարիներին առաջին անգամ դրսում կազմակերպված հյուրասիրության սեղանների շուրջ հրմշտոց չկար։ Իրար վրա բարձրանալով սեղանից անուշեղեն թռցնող երեխաների ժխոր չկար, թեպետ ե՛ւ ժողովուրդն էր շատ, ե՛ւ երեխաները։ «Այս ուռուցիկ կատվազգին սովորաբար փոխանցում է մեծ հաճույք եւ բավարարություն. լեզուն հազիվ լիզում է շրթունքը, ասես հենց նոր է վայելել համեղ պատառը։ Սա շատ զվարճալի կատու է»,- բնութագրեց պարոն Գաֆեսճյանի ներկայացուցիչ Ջոն Ուոթերսը։ Լսեցինք, որ Կատվի գինն էլ, իր մարմնակազմի պես, փոքր չէ՝ մոտ 1 մլն դոլար։ Բացի այդ, Երեւան քաղաքն այս կատվի մուտքով դասվեց աշխարհի մայրաքաղաքների շարքն այն առումով, որ Ֆերնանդո Բոթերոյի բոլոր մոնումենտալ քանդակները մինչ այժմ տեղադրվել են միայն մեծ մայրաքաղաքների մեծ հրապարակներում։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել