Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրողներին բռնի ուժով տանում էին տեղամասեր»

Նոյեմբեր 27,2002 00:00

«Ընտրողներին բռնի ուժով տանում էին տեղամասեր» ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 1-ին եւ 3-րդ քարտուղարների հերթական ասուլիսը նվիրված էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքների վերաբերյալ կազմակերպության դիտարկումներին։ «Ինչպե՞ս կարող էին ընտրություններն ազատ լինել, երբ ընտրողներին բռնի ուժով տանում էին տեղամասեր»,- ընտրությունների «արդար» լինելու վերաբերյալ իշխանությունների կարծիքին հակադրվեց քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը։ Թե նա եւ թե 3-րդ քարտուղար Սամսոն Թադեւոսյանը համոզված էին, որ վերընտրված քաղաքապետ, ՀՀԿ անդամ Սամվել Դարբինյանի 23 հազար ձայնից 2-3 հազարը քաղաքից բացակա մարդկանց հաշվին է եղել։ «Ոչ միայն բացակաների, այլեւ մեռածների»,- զայրացած հավելեց ավագագույն սերնդի շարքային կոմունիստ Մկրտիչ Հակոբջանյանը։ Ասուլիսի կազմակերպիչների պնդմամբ, կոմկուսի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Ղուկասյանի՝ մոտ 8000 ձայները կարող էին 12 հազարի հասնել, եթե մոտ 4000 քվեաթերթիկ անվավեր չճանաչվեր։ «Ինչո՞ւ հատկապես մեր թեկնածուի քվեաթերթիկներն անվավեր ճանաչվեցին»,- դժգոհեց Ս.Թադեւոսյանը, նշելով, որ անվավեր ճանաչելու մի պատճառաբանություն է եղել այն, որ քվեաթերթիկների վրա ավելորդ գրառումներ են եղել (իսկ միգուցե դիտավորյա՞լ են ավելացվել՝ ոչ թե քվեարկողների, այլ նրանց կողմից, ում դուր չեն եկել հակառակորդի օգտին հավաքած ձայները)։ Հնչեց դժգոհություն, որ ընտրությունների ելքի համար մեծ դեր են խաղացել 1000-ական դրամները։ «Ի՞նչ հազար, 5 հազար էլ ա եղել»,- կրկին միջամտեց Մ. Հակոբջանյանը։ Զավեշտ էր այն, որ Ա. Ղուկասյանը ներկայացրեց Վանաձորի քաղաքապետի տեղակալի ստորագրությամբ նոյեմբերի 6-ին ստացած մի պաշտոնական գրություն, որով ՀԿԿ Վանաձորի քաղկոմին հոկտեմբերի 14-ի գրությամբ հրավիրում էին մասնակցելու ընտրացուցակների վերաբերյալ նախընտրական քննարկման։ (Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունները կայացել են հոկտեմբերի 20-ին)։ Ս. Թադեւոսյանը նշեց, որ իրենք չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները, որովհետեւ ձայների տարբերությունը մեծ էր, եւ, բացի դրանից, գործող իրավական համակարգում իմաստ չուներ բողոքելը։ Ինչի մի ապացույց էր այն, որ մինչեւ ընտրությունները ՀԿԿ Վանաձորի քաղկոմը դատական գործընթացում պարտություն կրեց։ Կոմկուսի ներկայացուցիչների եզրակացությունը սա էր. դատաիրավական համակարգը ծառայում է գործող իշխանությանը, ուստի այդ համակարգից արդար վճիռ անիմաստ է ակնկալել։ Իսկ, ընդհանրապես, ըստ ասուլիսի կազմակերպիչների, սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելն այլեւս անհնար է, ուստի՝ «Պետք է զոռով գնալ իշխանափոխության»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել