Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Իմունիտետ՝ մամուլի հանդեպ

Նոյեմբեր 29,2002 00:00

Իմունիտետ՝ մամուլի հանդեպ ԶԼՄ-ների բոլոր տեսակներից տպագիր մամուլն ամենաճիշտն է արտացոլում հասարակության կարծիքը եւ յուրաքանչյուր իշխանավոր ձգտում է հնարավորինս խուսափել թերթերի էջերում սեւ գույնով ներկայանալու առիթից, որքան էլ որ այս լրատվամիջոցի լսարանն ամենափոքրն է։ Բայց պարզ է, որ չեն խոսում կամ գրում միայն այն մարդու մասին, ով ոչինչ չի անում։ Ի՞նչ տեղ է գրավում մամուլը մեր նախարարների կյանքում կամ ի՞նչ վերաբերմունք ունեն չորրորդ իշխանության այս օղակի հանդեպ։ Դժվար է ասել, թե ինչ պատասխան կտային նախարարներն անձամբ, բայց այս «գծով» նրանց հետ աշխատող մամուլի պատասխանատուների պատասխանները իրարից քիչ էին տարբերվում։ «Քննության» ենթարկված 7 նախարարությունների ու պետական կոմիտեների մամուլի քարտուղարները միաբերան հայտարարեցին, որ իրենց «շեֆը» խիստ թերթասեր ու ընթերցասեր է, որ բացառիկ հարգանք ունի լրագրողների հանդեպ, որ օրը չի սկսում՝ առանց օրվա թերթերին հատ-հատ ծանոթանալու, որ շատ պատրաստակամ է՝ լրագրողների հետ հանդիպելու, հարցեր քննարկելու։ Գոնե թե այս վերջինի գնահատականը կարող են ավելի ստույգ տալ մամուլի մեր գործընկերները։ Իսկ մերոնց «համակարգային» տեսակի պատասխանները կարող են լինել նաեւ որոշ խմբագրումներով։ Պատճառը հասկանալի է, մեր վերապահումով վերաբերմունքն այդ պատասխաններին՝ նույնպես։ Բնական է, որ նախարարն էլ մարդ է, եւ իր հասցեին տարածված յուրաքանչյուր բացասական փաստ կամ արտահայտություն հեշտ չի «մարսելու»։ Բայց մամլո ծառայության աշխատակիցները միանշանակ նույնը կրկնելով պնդեցին, որ «մեր ղեկավարը բոլոր, նույնիսկ ամենախայտառակ հրապարակումների հանդեպ դրսեւորում է զուսպ եւ կառուցողական վերաբերմունք, եթե առնչվում է համակարգին եւ հերքելու նյութ չկա՝ օպերատիվ կերպով վերացնում է խնդիրը, իսկ եթե մերկացումն անձնավորված է ու անհիմն բամբասանք՝ ուշադրություն չի դարձնում»։ Միակ բացառությունը, ստացվում է, բնապահպանության նախարարներն են. 4 նախարարի փորձ «անցած» մամուլի պատասխանատու Արծրուն Պեպանյանն ասաց, որ «ինչ ասես լսել եմ, «կկախեմից» մինչեւ հայհոյանք, բայց, դե՝ հասկանալի է, բոլորն էլ մտածում են իրենց իմիջի մասին եւ բոլորն էլ խոցելի են, հատկապես պաշտոնյաները»։ Իհարկե, առավել խոցելի են «նորելուկ» պաշտոնյաները, իսկ այս գործում «դեմբելները» ժամանակի ընթացքում ձեռք են բերում «իմունիտետ»՝ լրագրողների քարկոծումների, երբեմն էլ, խոստովանենք, բամբասանքների հանդեպ։ Նրանք հիանալի կողմնորոշվում են հրապարակումներից-փաստերից, որը կարող է լուրջ հետեւանք ունենալ, եւ, ըստ այդմ էլ, դրսեւորում իրենց արձագանքը։ Անդրանիկ Մանուկյանը՝ թարմ օրինակ։ Լրագրողները կհիշեն, որ երբ նա պետեկամուտների նախարար էր, իր բոլոր ասուլիսները սկսում էր մամուլի հրապարակումների բուռն քննարկումով։ Բայց որքան էլ քողարկեն կամ չքողարկեն, մեր նախարարների վրա չորրորդ իշխանության ազդեցությունն անկասկած է։ Դա խոստովանեցին նաեւ նրանց մամուլի պատասխանատուները եւ՝ միաբերան։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել