Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 03,2002 00:00

ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄ ԵՆ Նախագահող Վարդան Մովսեսյանը, որն ի դեպ, «համատեղ ձեռնարկությունը» «հատուկ ձեռնարկություն» է պատկերացնում, իսկ «Դաբլյու Էֆ Այ»-ը՝ «Վի Ֆի Այ» կարդում, երեկ հրապարակեց բաց ժողովի եզրակացությունը։ Այն պարտադիր չէր, խորհրդատվական բնույթ էր կրում, բայց երկու կողմերն էլ՝ ՀՀ կառավարությունն ու «ԱրմենՏելը», ընդունեցին պահանջները։ Այսպիսով, այն, ինչը «ԱրմենՏելը» մերժել էր կառավարությանն ու վերջինիս վարձած WFI ընկերությանը, հիմա ոչ միայն պատրաստ է տրամադրել, այլ նաեւ դրա համար վճարել 142 հազար դոլար, իր բոլոր տվյալներն ու փաստաթղթերը «բացելով» միջազգային անկախ աուդիտի համար։ Ավելի ուշ, լրագրողների հարցերին պատասխանելով, «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Ջ. Վասիլակիսը հայտնեց. «որոշումը ոչ արդար չեմ համարում, որ «ԱրմենՏելը» վճարի լրացուցիչ ծախսերը, որպեսզի այդ ընկերությունը իր ուսումնասիրությունը հանձնի ՀՀ կառավարությանը»։ Ժողովից առաջ եւ հետո իր ունեցած դիրքորոշման այս փոփոխությունը, դատելով պարոն Վասիլակիսի խոսքերից, պայմանավորված է սեփականատիրոջ՝ OTE-ի ստուգումների նկատմամբ դրսեւորած վերաբերմունքով. «ԱրմենՏելը» փաստորեն պատասխան է տալիս բաժնետիրոջ դիրքորոշման համար, քանի որ «օրենսդրությամբ նույնացվում է սեփականատերն ու ընկերության ղեկավարությունը»։ Արձանագրենք, որ փաստորեն, իր անփութության եւ սխալների համար ընկերության պատասխանատվությունը, այս էլ երկրորդ անգամ, ֆինանսական տեսք է ստանում։ «Ա1+»-ի հարցին, թե արդյոք այս կորուստները կարո՞ղ են անդրադառնալ ներդրումների վրա, պարոն Վասիլակիսը պատասխանեց. «Գործնականում ինձ համար տարբերություն չկա, թե արդյոք այդ 142 հազարը կօգտագործվի ՀՀ պետբյուջեի՞, թե՞ «ԱրմենՏելի» կողմից, որպեսզի ավելի հեշտանա մեր գործը։ Պետք է վճարել ընկերության ղեկավար անձանց գործած սխալների համար»։ Անհայտ է մնում, թե ինչու ընկերությունն այսպես չէր մտածում մի քանի օր առաջ, երբ ժխտում էր իր սխալները, կամ ավելի շուտ՝ երբ մերժում էր փաստաթղթեր տրամադրել։ Այս օրերին «ԱրմենՏելը» մի քանի առիթներով շեշտեց, որ OTE-ն Հայաստան է եկել մնալու, ներդրումներ անելու համար, որ սիրում ու հարգում է մեր երկիրը, որ աջակցում են մեր պետական մարմիններին։ Օրինակ, օրերս կիսել են «վերջին կոպեկը»՝ մեծ մասը ՊԵՆ-ին որպես կանխավճար տրամադրելով. «Պետբյուջեի համար մեծ պայքար է տեղի ունենում։ Ես նկատեցի, որ պետբյուջեն մեծ կարիք ունի եւ չնայած ուրբաթ օրը մենք ընդամենը 70 մլն դրամ ունեինք, չնայած արդեն 400 մլն դրամ կանխավճար էինք տվել, բայց էլի 50 մլն տվեցինք։ «ԱրմենՏելում» փաստորեն, 20 մլն դրամ մնաց»։ Պարոն Վասիլակիսը մեզ լավ է հասկանում, «քանի որ Հունաստանում էլ ենք ունեցել այդպիսի քարե տարիներ»։ «ԱրմենՏելն» անընդհատ շեշտում էր նաեւ ներդրումները, որոնց եկամուտները կստանան 500 տարի հետո։ Հիշեցնենք. Յորղուլասի հաշվարկներով՝ 300 տարի էր։ Ինչպես նաեւ նշվեց. «OTE-ի բաժնետոմսերը գտնվում են Լոնդոնի բորսայում»։ Եվ ըստ պարոն Վասիլակիսի, այդ բաժնետոմսերի գնի վրա բացասական ազդեցություն է ունենում OTE-ի՝ Հայաստանում բիզնես ունենալու հանգամանքը, որը գնահատվում է ռիսկային։ Դրական գնահատելով «ԱրմենՏելի» նկատմամբ կառավարության ձեռնարկած վերջին երկու քայլերը, այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ կառավարությունն էլ իր հերթին է խախտում բիզնես-էթիկան, «ԱրմենՏելի» նկատմամբ անպարտաճանաչ ու անկոռեկտ գտնվելով. չի մարում իր ունեցած 4 մլն դրամի պարտքը, ժամանակ առ ժամանակ կանխավճար է «խնդրում»։ Վերջապես այս եւ մի շարք ավելի լուրջ սխալների պատճառով, իրոք, միջազգային ընկերությունների համար ռիսկային ներդրումային եւ անբարենպաստ բիզնես մթնոլորտ է ստեղծում։ Ասուլիսի ընթացքում «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Ջ. Վասիլակիսը չհերքեց օրեր առաջ մամուլի, մասնավորապես՝ «Առավոտի» հրապարակումները, համաձայն որոնց, ընկերությունը մի շարք սարքավորումներ ձեռք է բերել շուկայականից բարձր գներով։ Իսկ սարքավորումներ տրամադրած ընկերություններից մեկի ղեկավար կազմում, ինչպես լրագրողի հարցից պարզվեց, պարոն Վասիլակիսի որդին է։ Ջ. Վասիլակիսն այսպես արդարացավ. «Նշեք մի օրենք կամ Սահմանադրության մի կետ, համաձայն որի արգելվում է, որ հայր եւ որդի միաժամանակ աշխատեն ինչ-որ տարբեր ընկերություններում, տարբեր պետություններում»։ Հետո պարզաբանեց, որ ստիպված են եղել ա՛յդ առաջարկներն ընդունել, որովհետեւ ի տարբերություն մատչելի գներ առաջարկող ընկերությունների, դրանք նաեւ պատրաստակամություն են հայտնել սարքավորումները տեղադրել, ինչպես նաեւ չէին առաջարկում պահանջվող բոլոր սարքավորումները։ «Բաց» մնաց միայն «շահերի բախումը», որից միջազգային պրակտիկայում խուսափում են։ Իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, նշեց, որ ժամանակին WFI-ի առաջ հարց էր դրվել ուսումնասիրել նաեւ IP հեռախոսակապի հետ կապված խնդիրները, եւ որ հարցը դեռ օրակարգում է։ Չի բացառվում, որ մի օր այս խնդիրն էլ դրամական փոխհատուցումների նման ծագի «ԱրմենՏելի» առաջ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել