Լրահոս
Օրվա լրահոսը

Հատվածներ ելույթից

Դեկտեմբեր 04,2002 00:00

Հատվածներ ելույթից Համագումարում ունեցած իր ելույթում «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը նշեց. «1999 թ. նոյեմբերից ինձ քանիցս հարցրել են՝ ինչու՞ եղբորիցդ հետո դարձար վարչապետ։ Դո՛ւ, որ փորձ չունեիր, դո՛ւ, որ մեծ քաղաքականությունից հեռու էիր… Այո, ես փորձ չունեի, այո, երբ կար Վազգենը, քաղաքականությամբ զբաղվելու խնդիր չունեի ես։ Իսկ ի՞նչ կանեիք դուք։ Կխռովեիք աշխարհից, բախտից ու հայրենիքից, կասեիք, որ արդեն ամենաթանկը տվել եք հայրենիքին ու վե՞րջ։ Ես չէի կարող, ես պարտք ու պատասխանատվություն ունեի զոհված եղբորս առաջ, ծնողներիս, ընտանիքիս, երկրիս առջեւ, որի հույսը եղբայրս էր։ Կյանքում իմ ամենադժվար որոշումը դա է եղել։ (…) Երկրին պետք էր հավասարակշիռ, կայուն վիճակ, երբ բոլորն իրար կասկածում ու իրար մեջ դավաճան էին փնտրում, պիտի գտնվեր մեկը, որ հնարավորություն ստեղծեր այդ կասկածները կամ փարատել, կամ փաստերով հաստատել։ Ես դա փորձեցի։ Ավելին՝ ինձ հաջողվեց կարճ ժամանակում անել հնարավորը։ Եվ դա, բացի ինձնից, այդ իրավիճակում՝ ցավոք, ոչ ոք չէր կարող անել։ Ակնհայտ է, որ ես իրենց ուզած վարչապետը չեմ եղել։ Ես խաղալիք չեմ եղել, ամեն քայլ ու որոշում պայքարով եմ նվաճել։ Եվ երբ երկրի ռեալ իշխանությունը իմ ձեռքում էր, նախագահը, որ ոչ թե այդ ժամանակ, այլ մինչեւ այդ էլ երկրում ընդամենը դիտորդ էր, պիտի փորձեր ինձնից ազատվել։ Պիտի ազատվեր, որովհետեւ կար «Հոկտեմբերի 27»-ի գործը, կար Ղարաբաղի հարցը, կար երկրի զարգացման խնդիրը, որտեղ մեր տեսակետները տրամագծորեն հակառակ էին։ Մարդիկ հարցնում են՝ ե՞րբ է նախագահն իր «ասելիքն» ասելու «27»-ի ոճրագործության մասին։ Այն նախագահը, որ իր առաջադրման համաձայնությունը տալու ծավալուն ելույթում նույնիսկ չհիշեց, որ այս երկրում, իր նախագահության օրոք «Հոկտեմբերի 27» է եղել։ Համոզված եմ՝ չի ասելու ոչինչ, որովհետեւ ասելիք չունի: (…8230) Ցանկացած երկրում իշխանությունը պիտի առաջինը ցանկանար պարզել՝ ո՞վ է հանդգնել իր հիմքերը խարխլել, ո՞վ է իր վրա ձեռք բարձրացնողը, գոնե ինքնապահպանման համար, որ իմանար՝ հաջորդ հարվածը որտեղի՞ց սպասել, ո՞նց կանխել։ (…) Ո՞ւմ բարոյականությունը թե անբարոյականությունը հերիքեց զոհված վարչապետի վրա քրեական գործ հարուցել։ Ինչո՞ւ ամբողջ իշխանամետ մամուլը լծվեց զոհված վարչապետին վարկաբեկելու ու հեղինակազրկելու գործին. սպանված Վազգենից այդ ի՞նչ վախ էր, որ ստիպում է մի անգամ դիմահար գնդակահարելուց հետո ամեն օր թիկունքից խփել: Երեւի թե շատերի համար բնական ու ճիշտ կլիներ, որ ես վրեժով լցված ինքնադատաստանի դիմեի։ Խոստովանեմ՝ շատերն են այդ քայլին մղել, բայց ես քրիստոնյա եմ ու հավատում եմ այն պետականությանը, որը նաեւ իմ եղբայրն է կառուցել։ Ես հավատում եմ, որ ոճրագործությունը բացահայտվելու է, սկսում է բացահայտվել, եւ հանցագործներն ամբողջ կազմով են պատասխան տալու։ Օրենքի՛ առաջ։ Ժողովրդի՛ առաջ։ Պետությա՛ն առաջ։ (…) Ռոբերտ Քոչարյանը այլեւս նախագահ չպիտի լինի, որ մենք բոլորս կարողանանք նորմալ ապրել ու նորմալ հայրենիք կառուցել, կառուցել ու պաշտպանել։ (…) Ռոբերտ Քոչարյանն այսօր էլ պատրաստ է Մեղրին կորցնելու գնով շահել այն, ինչ իմ եղբայրը եւ դուք, ամբողջ ժողովուրդը պատերազմով եք ձեռք բերել՝ կռվում հաղթելով»: Արամ Սարգսյանը վերջում նշեց. «Ես պարտավոր եմ իմ ավագ եղբոր կիսատ մնացած գործն ամբողջացնել ու ավարտել»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել