Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՓՐԿԵՑ ՏՈՒԺՈՂԻՆ

Դեկտեմբեր 05,2002 00:00

ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՓՐԿԵՑ ՏՈՒԺՈՂԻՆ «Հոկտեմբերի 27» քրգործով դատաքննությանը երեկ ներկայացել էին երկու վկաներ՝ Ազգային ժողովի պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Ֆրունզե Խառատյանը եւ դասակի հրամանատար Արթուր Հակոբյանը։ Իբրեւ իրավաբան, Ֆ. Խառատյանը, թվում էր, թե նոր խոսք կավելացնի «27»-ի գործին, կտա այնպիսի ցուցմունքներ, որոնք հետաքրքրություն կներկայացնեն դատարանի համար, սակայն հուսախաբ եղանք, քանի որ նրա ցուցմունքները ենթադրություններից եւ կասկածներից այն կողմ չէին անցնում եւ 1,5 ժամանոց տուժողը (նկատի ունենք այն ժամանակը, որքան նա գտնվել է ոճրագործության օրը նիստերի դահլիճում) դատարանին սկսեց մեղադրել անհարկի ձգձգումների մեջ, նույնիսկ հանդիմանեց, որ իրենց՝ տուժողների նկատմամբ դատարանը բերման որոշում է կայացնում։ Այս տուժողը, այնուամենայնիվ, իրենից անկախ բերանից թռցրեց, որ տեսել է, որ խփել են Վազգեն Սարգսյանին, որ տեսել է, թե ինչպես Նաիրի Հունանյանը ապտակել է Վ. Սարգսյանին (նոր հանգամանք), նաեւ թե ինչպես են «թեթեւ» ապտակել Խոսրով Հարությունյանին։ Չնայած նա ասաց, որ կան անձինք, որոնք մասնակցել են նախապես պլանավորած այս հանցագործությանը եւ մազաչափ անգամ կասկածներ չուներ, որ կան կազմակերպիչներ, սակայն լինելով իրավաբան, տեսական հարթությունից չիջավ քրեադատավարական հարթություն։ Այնքան չիջավ, որ նույնիսկ հրաժարվեց իբրեւ տուժող քաղաքացիական հայց ներկայացնելուց։ Նա իբրեւ տուժող էլ չէր ծանոթացել քրեական գործի նյութերին։ Թերեւս մի անսպասելի հայտարարություն էլ արեց նա։ Ասաց, որ տուժող Անդրանիկ Մանուկյանին տեսել է, թե ինչպես դահլիճում «պառկած տնքում էր»։ Փաստորեն, մեկուկես ժամ անց դուրս գալով դահլիճից, նա իբրեւ թե տեսել էր Անդրանիկ Մանուկյանին։ Այս տուժողի կարծիքով, ԱԺ նախագահությունում նստածները պատահական զոհեր չեն եղել։ Ճիշտ ժամանակին դադար վերցրին մեղադրողները՝ լսելով ԱԺ պահպանությունն իրականացնող ոստիկանի՝ դասակի հրամանատար Արթուր Հակոբյանի ցուցմունքները։ Նա ցուցմունք տվեց, որ վերակարգ է անցկացվել հոկտեմբերի 27-ին, ժամը 8.30-ին՝ գնդում։ Հերթափոխի ավագի՝ Ռուբիկ Գրիգորյանի հետ գտնվել է ծառայողական սենյակում։ Ռադիոյով լսել է կրակոցներ։ Իրենց է դիմել Գագիկ Հակոբյանը, ասելով, որ դահլիճում կրակոցներ են, հրահանգել է պահակակետի ոստիկան Արմեն Գասպարյանին զգուշացնել, որ փակի դարպասները։ Ա. Հակոբյանը դուրս է եկել ԱԺ շենքից, «բարձր բղավել, ձեռքերով խաչ արել»։ Իր տպավորությամբ, Արմեն Գասպարյանն իրեն հասկացել էր։ Նա վաշտի հրամանատարին ասել էր, որ Ա. Գասպարյանը դուռը փակում է, զանգել էր հերթապահ մաս, ասել, որ դեպք է պատահել եւ օգնություն է խնդրել։ Ծառայողական սենյակի պահարանից հանել է 2 ինքնաձիգը՝ տվել միլիցիոներներին։ «Ինձ հրաման տվեց Հակոբյանը՝ կանգնել Արմեն Գասպարյանի կողքին, մինչեւ լրացուցիչ ուժերը կգային։ Գնացել եմ, փականը գցել…»։ Այս վկան մի հետաքրքիր բան էլ ասաց, որ ուղիղ կապով իրեն հասկացրել են, որ քաղաքացիների վկայականները վերցնեն եւ բաց թողնեն. «Չեմ հիշում ում եմ հանձնել վկայականները, տարել եմ ծառայողական սենյակ»։ Նրանց ուշ ժամի տարել են 6-րդ գլխավոր վարչություն։ Չենք ուզում նշել, թե ինչ հակասություններով հանդես եկավ հերթական ոստիկանը։ Դրանց մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք հաջորդ հրապարակման մեջ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել