Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Է ՏԱՆՈՒՄ, ԱՆՏԵՐԻՆ՝ ՄԱՀՎԱՆ ԽՈՒՑԸ»

Դեկտեմբեր 10,2002 00:00

«ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Է ՏԱՆՈՒՄ, ԱՆՏԵՐԻՆ՝ ՄԱՀՎԱՆ ԽՈՒՑԸ» Այսօր Մարդու իրավունքների պաշպանության միջազգային օրն է։ Շատ ու շատ միջազգային կազմակերպություններ հանդես կգան հաշվետվություններով, կբերվեն վիճակագրական տվյալներ, նույնիսկ չի բացառվում հռչակվեն տարվա հերթական իրավապաշտպանները կամ լավագույն իրավապաշտպան կազմակերպությունը։ Հայաստանյան իրավիճակում պատկերը մի քիչ այլ է։ Այստեղ, սկսած գործադիր իշխանության ներկայացուցչից մինչեւ օրենսդիր մարմնի ընտրված եւ չընտրված անդամը, խոսում են մարդու իրավունքներից միայն կաբինետային հարթության վրա, հարկ չհամարելով երբեք ընդունել քաղաքացիներին, ձեռնարկել գործուն քայլեր նրանց իրավունքների պաշտպանության համար։ Ստորեւ տպագրված բողոքները ներկայացնելու ենք առանց մեկնաբանության։ Սոնա Ասատրյանի բողոքը. – Որդիս՝ Գարիկ Խաչիկյանը, բանակ է զորակոչվել այս տարվա մայիսի 20-ին, իսկ նրա մահվան հետ կապված դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին։ Դեպքը կատարվել է 1866 մետր բարձրություն ունեցող լեռան գագաթին, 15 ժամկետային զինծառայողների կողմից, գերանների տեղափոխման ժամանակ։ Կատարված աշխատանքների պատասխանատուն գումարտակի հրամանատար, կապիտան Հ. Մայիլյանն էր։ Սեւանի կայազորի զինդատախազի օգնական Գ. Մանուկյանի կողմից կազմված գործի նյութերից երեւում է, որ վերոհիշյալ աշխատանքների ժամանակ բացարձակապես չեն ձեռնարկվել անվտանգության տարրական միջոցառումներ եւ իմ որդին զոհ է դարձել հրամանատարական կազմի հանցավոր անտարբերությանն ու անուշադրությանը։ Ե՛վ նախաքննության ընթացքում, ե՛ւ գործը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան ուղարկելուց հետո մենք՝ տուժողի իրավահաջորդներս, հանդիպել ենք արդարադատական եւ դատախազական հսկողություն իրականացնողների ոչ բարեհաճ վերաբերմունքին։ Ի դեպ, առաջին դատական նիստի մասին իմացել ենք պատահական։ Կարճ հնարավորություն ունենալով ծանոթանալ գործի նյութերին, հայտնաբերել ենք, որ լուսանկարներ են բացակայում գործից։ Ջուլիետա Մանուկյանի նամակը. – Վաղամեռիկ որդուս՝ Հովհաննես Մանուկյանի պատմելով, սույն թվականի հունիսի 12-ին, ժամը 15-17-ի սահմաններում Հովիկ Հայրապետյանը զանգել է իրեն՝ հանդիպելու։ Հանդիպումից հետո գնացել են «Հայաստան» հանրախանութ, որտեղից էլ Հայրապետյանը վերցրել է իր քեռու՝ Վաչիկ Իգիթյանի BMW մակնիշի կանաչ գույնի ավտոմեքենան, ղեկին նստել է իմ որդին, ճանապարհին վերցրել են Հովիկի ընկերուհուն եւ ուղեւորվել Աշտարակի ձոր՝ ինչ-որ հանդիպման։ Շուրջ 2 ժամ այնտեղ նստելուց հետո իմ տղան բացակայել է սեղանից, իսկ վերադառնալուց հետո իմացել է, որ Հ. Հայրապետյանն իր ընկերուհու հետ (հարբած վիճակում) մեքենայով գնացել են։ Ճանապարհին նրանք ավտովթարի են ենթարկվել, որի հետեւանքով Հ. Հայրապետյանը հիվանդանոցում մահացել է։ Հունիսի 13-ին հանգուցյալի հայրը՝ Փայլակը, որդուս կանչելով իր տուն, մեղադրում է նրան (հարազատների ներկայությամբ) իր որդու մահվան կապակցությամբ։ Հունիսի 19-ին, Հ. Հայրապետյանի յոթի արարողության ժամանակ, տասնյակ մարդկանց աչքի առաջ (դատախազների, քննիչների) սպանում են որդուս։ Արդեն 5-րդ ամիսը լրացավ, բայց ոչ մի դրական քայլ չենք տեսնում մեր քննչական մարմինների կողմից, թվում է, թե վերեւից պետք է թելադրեն, որ գործը արդարացիորեն բացվի։ Քննչական մարմինը պատճառաբանում է, որ Միշա Քալանթարյանն է որդուս խփել, որը «հոգեկան հիվանդ է»։ Նման հոգեկան հիվանդներին մեր հասարակության մեջ իրավունք չունեին ազատ թողնելու։ Ես ենթադրում եմ, որ ինչպես իմ որդու, այնպես էլ Հ. Հայրապետյանի մահվան պատճառը չինովնիկներն են, քանզի նրանք ներկա են գտնվել ողջ կատարվածին։ Ես որպես անմեղ զոհվածի մայր, խնդրում եմ ժողովրդից, որ լավ մտածեն ղեկավար ընտրելիս։ Ընտրեն այն մարդուն, որն օժտված է մարդկային բարձր արժանիքներով եւ պաշտպան կկանգնի մեր իրավունքներին։ Մահապատժի դատապարտված Ստեփան Գրիգորյանի առաջարկը. – Վերջերս կարդացի նոր քրեական օրենսգրքի նախագծի մասին։ Մասնավորապես 35 գլխի 39 հոդվածը, ուր ասվում է. «Մահապատժի վերացման վերաբերյալ սույն օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչեւ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն, տեռորիստական ակտ, մանկահասակ աղջկա բռնաբարություն»։ Փաստ է, որ ոչ մի երկիր նոր քրօրենսգիրք ընդունելիս չի անտեսում այն հանգամանքը, որ օրենքը հետադարձ ուժ չունի։ Փաստորեն, Ն. Հունանյանից ձերբազատվելու համար նաեւ խաչ եք քաշում մահապատժի դատապարտված 42 անձանց վրա, առանց պատկերացում կազմելու, թե այստեղ ով ինչպես է հայտնվել։ Գաղտնիք չէ, որ դատական ատյանները ամբողջովին կոռումպացված են եւ առաջնորդվում են «տերովին տերն է տանում, անտերին՝ մահվան խուցը» սկզբունքով։ Մի դեպքում ասում են, որ դատական համակարգը կատարյալ չի, մյուս դեպքում չեն ուզում խոստովանել, որ չկան երաշխիքներ՝ դատական սխալներ թույլ չտալու։ Դատավորների կայացրած դատավճիռները կասկածելի են, հատկապես՝ մահվան դատավճիռները։ Եվ մինչեւ որոշում ընդունելը, ըստ նոր նախագծի 39 հոդվածի, ստեղծեք մի խումբ եւ ուսումնասիրեք մահվան դատապարտվածների բոլոր քրեական գործերը, կազմակերպեք այցելություններ, լսեք մահապարտների գանգատները։ Ես պատրաստ եմ ապացուցել եւ հիմնավոր փաստեր ներկայացնել ընդամենը մեկ այցելության ժամանակ։ Ես մարդ չեմ սպանել եւ ոչ էլ ինձ մեղադրում են սպանություն կատարելու մեջ։ Նույնիսկ իմ քրեական գործում չկա քրօրի 17 հոդվածը, այսինքն՝ ոչ դրդիչ եմ, ոչ կազմակերպիչ, ոչ էլ հրահանգող։ Մի՞թե մտածելու առիթ չի տալիս այս փաստը եւ չի ստիպում, որ նայեք մեր քրեական գործերը։ Գագիկ Զաքարյանի դիմումը. – Դիմել եմ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, դատական կարգով նրան քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ։ Դատավոր Հովսեփյանը հայցվոր Ասրյանի հայցադիմումը իր 03.10. 01թ. կայացրած որոշումից հետո ընդունելով, կոպիտ ձեւով խախտելով ՀՀ քաղդատօրի 91 հոդվածի պահանջները, առանց կայացնելու հայցադիմումի որոշումը մերժելու մասին որոշում, 15.10.01թ. կրկնակի ընդունել է վարույթ, մեզնից՝ պատասխանողներից գաղտնի պահելով այդ հանգամանքը, տարել է քննություն եւ նախկինում «վեճը ենթակա չէ դատարանում քննության» պատճառաբանությամբ որոշումով մերժված հայցը բավարարել է։ Թե ինչ ձեւով էր մտադիր դատավոր Հովսեփյանը մեզ բնակարանից վտարել, առանց բնակարանի հաշվառումից հանելու, պարզ դարձավ հետեւյալով. կոպիտ ձեւով խախտելով Քաղօրի 225 հոդվածը, Քաղդատօրի 111, 119 հոդվածների պահանջները, դատաքննությունը ձգելով 7 ամիս, հայցվորի համատեղ մտածված սցենարով, ՆԳ անձնագրային բաժնի միջոցով, 1998թ. կառավարության ինչ-որ մի որոշման հիմքով պատասխանողներիս հանեցին բնակարանի հաշվառումից, այդ ձեւով դադարեցնելով իմ բնակօգտագործման իրավունքը։ Մի՞թե դատավորի պիտանելիության որակավորումը ստացած Հովսեփյանը տեղյակ չէր, որ 1999-ից գործում է Քաղաքացիական նոր օրենսգիրքը։ Յոթ ամիսների դատաքննության ընթացքում մեր գործին կցված է եղել 20 թերթ արձանագրություն, այն դեպքում, երբ մեր մոտավոր հաշվարկով գործից ոչնչացվել է մոտ 40 թերթ եւ դիտավորյալ չեն կցվել մեր կողմից դատարան ներկայացված 10 անուն փաստաթղթերը։ Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել