Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը Իսպանիայում զարմացրել են

Դեկտեմբեր 10,2002 00:00

Հայերը Իսպանիայում զարմացրել են Մեկ շաբաթ տեւեց Իսպանիայի Սալամանկա քաղաքում անցկացվող համաշխարհային պատանեկան ֆիլատելիստական ցուցահանդեսը։ Աշխարհի 41 երկրների 281 ընտրանի հավաքածուներ էին ցուցադրվում շուրջ 1000 ցուցափեղկերի վրա՝ նամականիշերի, փոստային բացիկների ու ծրարների, այլ հավաքչական նյութերի միջոցով ծանոթացնելով աշխարհի արարումներին ու համամարդկային նվաճումներին։ ԱՊՀ երկրներից ցուցահանդեսին մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ ուրախալի է, որ հայաստանցի պատանիների 4 ցուցանմուշներն էլ հաջողություն ունեցան, մեդալների ու դիպլոմների արժանացան։ Հիրավի, համաշխարհային ցուցահանդեսների պատանեկան դասում նվաճած աննախադեպ պարգեւն է մեր երկրի համար Երեւանի Պուշկինի անվան դպրոցի աշակերտ Արամ Մուղալյանի արծաթե մեդալը, որին նա արժանացել է իր «Դրամագիտությունը ֆիլատելիայում» հավաքածուի համար։ Բրոնզե մեդալի են արժանացել Երեւանի պետհամալսարանի ուսանողուհի Հռիփսիմե Հակոբյանն ու Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցի աշակերտ Սարգիս Պետրոսյանը։ ԵՊՀ ուսանող Դավիթ Հակոբյանին շնորհվել է համաշխարհային ցուցահանդեսի դիպլոմ։ Հաճելի է նաեւ այն, որ մայր հայրենիքից հեռու ապրող մեր հայրենակիցներն էլ լուրջ հաջողությունների են հասնում նմանօրինակ ցուցահանդեսներում։ Այս անգամ էլ եգիպտոսցի Թալին Հակոբյանն ուրախացրեց իր նվաճած արծաթե եւ մեծ արծաթե մեդալներով։ Ինչպես մեզ պատմեց ցուցահանդեսի պատվավոր հյուր, Ֆիլատելիստների հայկական միության փոխնախագահ Աշոտ Բաբախանյանը, ցուցահանդեսի կազմակերպիչները ձգտել էին հավուր պատշաճի իրականացնել պատանեկան ֆիլատելիայի այդ մեծ ստուգատեսը։ Ընդունելությունը ջերմ էր թե իր եւ թե ցուցահանդեսում մեր երկրի ազգային կոմիսար Մարինա Բաբախանյանի համար։ Չէ՞ որ ֆիլատելիան յուրատեսակ կամուրջ է երկրների մերձեցման, բարեկամության համար։ Տպավորիչ էին հանդիպումներն ու զրույցները անվանի ֆիլատելիստների հետ, ֆիլատելիայի շուրջ, որոնք հետագա գործունեության բնագծեր են նախանշում ու նախաձեռնություններ ծնում։ Զգալի է, թե ինչպիսի մեծ աշխատանք է տարվում զարգացած ֆիլատելիա ունեցող երկրներում եւ ավելի են կարեւորվում մեր՝ հայաստանյան անելիքները լավագույն ավանդույթների զարգացման ճանապարհին։ ՍՈՒՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՖՀՄ պատանեկան բաժանմունքի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել